Շենգավիթում տեղի ունեցած ահասարսուռ սպանության կապակցությամբ․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը

Շենգավիթում տեղի ունեցած ահասարսուռ սպանության կապակցությամբ․  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը
Շենգավիթում տեղի ունեցած ահասարսուռ սպանության կապակցությամբ․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը

Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցաել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ:

Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն, կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել:

Դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Չկիրառման հարցում իր դերակատարում է ունեցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ով որոշել է պայմանական ազատ արձակել վերջինիս՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու: Այստեղ մենք ակնհայտորեն գործ ունենք դատական սխալի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունեցել այս ողբերգությունը:

Թագուհի Մանսուրյանը բազմիցս դիմել է նաև ոստիկանությանը, սակայն ոստիկանության գործողությունները բավարար չեն եղել նրան բռնարարից պաշտպանելու համար: Թեև Շենգավիթի ոստիկանությունը ներգրավված է եղել ԵԱՀԿ կողմից ոստիկանության վերապատրաստման ծրագրերում և ստացել է անհրաժեշտ գիտելիքներ ընտանեկան բռնության դեպքում ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններ կատարելու վերաբերյալ:

Այս ամենը վկայում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը չի կարողանում բավարար կամք դրսևորել կանանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը պաշտպանելու համար:

Չենք կարող չանդրադառնալ նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ազդեցությանը, որը հրավիրելով Վ.Մարտիրոսյանին տաղավար և մարդու իրավունքների տեսանկյունից բազմաթիվ խախտումներ թույլ տալով, անտեսելով նրա բռնարար բնույթն ու բազմաթիվ հանցագործությունները, հորդորում էր միանալ կնոջ հետ և կասկածելի հոգեբանի շուրթերով հիացմունք հնչեցնում նման տղամարդու հասցեին:

http://www.youtube.com/watch?v=na-oVtjAm7M 

Վստահեցնում ենք՝ եթե լիներ պատժելիության մթնոլորտ, պատշաճ ուշադրություն զոհի նկատմամբ և դեպքերի որակյալ լուսաբանում , այլ ոչ մակերեսային և կարծրատիպային շոուների միջոցով բնարար տղամարդու կերպարի գովերգում, շատ և շատ դեպքերում ողբերգական նմանատիպ ավարտ չէր լինի:

Դիմում ենք՝ ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` պահանջելով կարգապահական վարույթ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ:
Պահանջում ենք՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակին վերանայել և գնահատել ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը:

Հորդորում ենք՝ ՀՀ կառավարությանն «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքը, որը հնարավորություն կտա իրականացնել ընտանեկան բռնության արդյունավետ կանխարգելումը և ապահովել ընտանեկան բռնության զոհերի նպատակային պաշտպանությունն ու աջակցությունը:

Իսկ զանգվածային լրատվության միջոցներին խորհուրդ ենք տալիս նման դաժանության դեպքերին անդրադառնալ բազմակողմանիորեն, վեր հանելով ընտանեկան բռնություն երևույթի վտանգավորությունն ու հանրության շրջանում ամրացնել բռնության անթույլատրելիության գիտակցումը: