Ռուստամ Բադասյանը վստահ է, որ Ազգային ժողովում հնարավոր է լուծում գտնել ՍԴ խնդրին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահ է, որ Ազգային ժողովում հնարավոր է լուծում գտնել  Սահմանադրական դատարանի խնդրին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Բադասյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես վստահ եմ, որ Ազգային ժողովով հնարավոր է լուծում գտնել խնդրին»,-ասաց Բադասյանը:

Անդրադառնալով հարցին, թե  արդյոք դա է  ամենահավանական տարբերակը՝ նա պատասխանեց՝ հավանաբար, այո:

Պատասխանելով հարցին՝ երբ այս հարցը լուծվի, ՀՀ արդադատության կյանքում ի՞նչ կփոխվի, Բադասյանը նկատեց, որ մեկ կամ երկու քայլով Հայաստանի արդարադատության համակարգում պետք չէ միանգամից արդյունքների սպասել: «Արդարադատության համակարգում բարեփոխումները խորքային, բազմակի գործողություններ ենթադրող պրոցես են:

Բայց սա անհրաժեշտ ու պարտադիր պայման է առաջ շարժվելու համար, քանի որ ունենք ՍԴ-ի մոդել, որը չի իրացվել: Ընդ որում, Սահմանադրության տեքստում այնպիսի անցումային դրույթ է ներառվել, որ ուղղակի չի ապահովում այդ մոդելի կյանքի կոչումը: Կունենանք ավելի հավասարակշռված Սահմանադրական դատարան՝ տարբեր սահմանադրական մարմինների մասնակցությամբ առաջադրված և ընտրված թեկնածուներով: Եվ սա կյանքի կկոչի այն մոդելը, որ Սահմանադրության 2015-ի փոփոխություններով նախատեսված է եղել, կամ այդ փոփոխությունները պարկտիկայում  ավելի արագ կյանքի կոչելու մեկնարկը կտրվի»,-ասաց նա:

Նախարարը հիշեցրեց՝ նախարարությունը բազմիցս է ասել, որ ՍԴ նախագահի ընտրությունները շատ կասկածելի հանգամանքների բերումով են տեղի ունեցել և բազմիցս նշել նաև, որ ՍԴ-ի մոդելը կյանքի չի կոչվել: Նա վստահեցրեց՝ հիմա առաջնային նպատակը այդ երկու խնդրի լուծումն է: