«Որքանով կկատարի Ալիևը ձեռք բերված պայմանավորվածությունները, կախված է միջնորդ երկրի գործադրած մեխանիզմներից». Տարոն Հովհաննիսյան

Տարոն Հովհաննիսյան
Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը

Պարո՛ն Հովհաննիսյան, Ադրբեջանի ղեկավարը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, և որ ԼՂ կարգավիճակի շուրջ «քննարկումներին վերադարձ չի լինելու»։ Ինչո՞վ եք բացատրում Ալիևի նման հայտարարությունը, երբ նա եռակողմ հանդիպումների ժամանակ, ըստ էության, ուրիշ բան է ասում, իսկ հարցազրույցների կամ առանձին հայտարարությունների մակարդակում՝ լրիվ այլ բան:

– Պաշտոնական հանդիպումներից հետո արվող հայտարարությունները, բնականաբար, ունենում են այլ բովանդակություն, որովհետև այդ հանդիպումների օրակարգն ավելի կոնկրետ է, ու կոնկրետ օրակարգի շրջանակներում էլ արվում են կոնկրետ հայտարարություններ, այսինքն՝ ֆորմատն այդքան էլ ազատ չէ, իսկ հարցազրույցների ժամանակ, որոնք ունեն նաև քարոզչական բնույթ, երկրների ղեկավարները, սովորաբար, հնչեցնում են իրենց համար ցանկալի սցենարները:

Այսինքն՝ մենք չենք կարող ասել, թե կա ինչ-որ պայմանավորվածություն, դրա համար էլ Ադրբեջանի ղեկավարը նման հայտարարություններով է հանդես գալիս, դա բացառապես Ալիևի ցանկությունն ու տեսլականն է: Ալիևը պատերազմից հետո մշտապես հայտարարել է, որ Արցախի հարցը փակված է, բայց ինքն էլ շատ լավ հասկանում է, որ այդպես չէ, ու դեռ քննարկելիք շատ հարցեր կան:

Իսկ այդ պարագայում որքանո՞վ հեշտ կլինի կամ կհաջողվի Մինսկի խմբի համանախագահող երկրներին Ադրբեջանին բանակցության սեղանի շուրջ նստեցնել:

– Բազմաթիվ հայտարարություններ եղան համանախագահող երկրների կողմից, որ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը մնում է ապագայում, ուստի կարծում եմ՝ առաջիկայում քննարկման հիմնական հարցերը կլինեն հումանիտար խնդիրների, սահմանների ճշգրտման ու այլ նման խնդիրների շուրջ:

Իսկ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը հնարավոր կլինի՞ անել, թե՞ ոչ, այսօր դժվար է ասել: Դա բավական բարդ հարց է, բայց պետք է արձանագրել մի բան, որ խնդիրը լուծված չէ, ու կողմերը վաղ թե ուշ ստիպված են լինելու վերադառնալ այս հարցի քննարկմանը:

Ալիևն ի՞նչ նպատակ է հետապնդում, երբ հայտարարում է, որ Հայաստանը պետք է զերծ մնա թշնամական քաղաքականություն վարելուց, ռևանշիստական նկրտումներից:

– Փորձում է ցույց տալ, թե մեղավորը Հայաստանն է, թեև ագրեսոր կողմը հենց ինքն է եղել, իսկ մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը հավակնություններ ունի Հայաստանի տարածքների նկատմամբ, փորձում է Արցախն ամբողջությամբ իր կազմի մեջ ընդգրկել, ճնշել Հայաստանի ցանկացած դժգոհություն իր վարած այս զավթողական ու ագրեսիվ քաղաքականության նկատմամբ:

Փորձում է նաև թույլ չտալ, որ Հայաստանը պատերազմի ավարտից հետո վերականգնվի ու զարգացման ուղի բռնի:

Այդ փորձերը հաջողվո՞ւմ են Ադրբեջանին, պարո՛ն Հովհաննիսյան:

– Այդ հարցը սպառիչ պատասխան չունի, որ կարողանամ ձեզ ասել, դա տեսանելի կլինի, եթե դիտարկենք առկա բոլոր զարգացումները , իսկ զարգացումները դեռ ընթացքի մեջ են գրեթե բոլոր մասերով:

– Ձեր դիտարկմամբ՝ Ադրբեջանը կշարունակի՞ պահանջել Զանգեզուրի միջանցքը:

– Հայտարարություններից դատելով՝ այո՛, բայց խնդիրը միայն Ադրբեջանի ցանկությունը չէ, այդ հարցում իրենց դերակատարումն ունեն նաև գործընթացում ներգրավված այլ երկրները ևս: Եթե բոլորի դիրքորոշումները համընկնեին, ապա Հայաստանը շատ քիչ շանսեր կունենար դիմագրավելու այդ ամենին:

Ադրբեջանի ղեկավարը տարբեր հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանի՞, թե՞ կրկին կդիմի սադրանքների:

– Բնականաբար լինելու են սադրանքներ, նա շարունակելու է դրանք այնքան, ինչքան դրա հնարավորությունը կունենա: Ցանկացած պայմանավորվածություն իրականացվում է, եթե դրա համար գործադրվում են հստակ մեխանիզմներ, այսինքն՝ Ադրբեջանի կողմից դրանք իրականացնելը կախված է միջնորդ երկրի կողմից գործադրվող մեխանիզմներից: Սա շատ էական է, որովհետև Ադրբեջանը, բնականաբար, ցանկություն չունի իր ագրեսիվ քաղաքականությունից հրաժարվել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am