Պահպանելով պատմական Երեւանը. «Կառուցենք առանց քանդելու» ցուցահանդեսն առաջարկում է իր լուծումները

Պահպանելով պատմական Երեւանը. «Կառուցենք առանց քանդելու» ցուցահանդեսն առաջարկում է իր լուծումները
Պահպանելով պատմական Երեւանը. «Կառուցենք առանց քանդելու» ցուցահանդեսն առաջարկում է իր լուծումները

Նորակառույց շենքերի կողքին Երևանի հին, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանմանն ուղղված ճարտարապետական լուծումներ է ներկայացնում ապրիլի 16-ին Երևանի պատմության թանգարանում կայանալիք «Կառուցենք առանց քանդելու» ցուցահանդեսը:

Քաղաքացիական այս նախաձեռնությունը մի քանի ճարտարապետների ու հին շենքերի պահպանմամբ մտահոգ մի շարք քաղաքացիների համատեղ աշխատանքն է:

Վերջին տասնամյակում Հայաստանի մայրաքաղաքում ծավալված լայնածավալ կառուցապատումների հետևանքով բազմաթիվ շենքեր և տներ են ապամոնտաժվել: Այսօր Հյուսիսային պողոտայում, Արամի, Պուշկինի, Բուզանդի, Աբովյան փողոցներում Հին Երևանի պատմության վկաներ ընդամենը 10-15 շենք է մնացել:

Այդ շենքերից մեկը Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտ է, որտեղ էլ գտնվում է արդեն 14 տարի գործող «Դոլմամա» ռեստորանը: 19-րդ դարի վերջի շինությունը պատկանել է հայ մեծահարուստ ընտանիքի:

«Ես չէի ուզի, որ այսօրվա շինարարության հետևանքով այստեղ ապրած մարդկանց պատմությունը ջնջվեր: Մենք չպետք է պատմական էջերին ձեռք տանք, քանի որ մնացել են մի քանի օրինակներ: Այլ ճարտարապետական ճշգրիտ լուծումներով պետք է պահպանել հինը՝ կողքին կառուցելով նորը»,- ասում է «Կառուցենք առանց քանդելու» նախաձեռնության անդամ, «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը:

Հայկական կոլորիտով ու ավանդական հայկական ճաշատեսակների բույրով լեցուն այս ռեստորանը հայ ու օտարերկրացի բազմաթիվ պաշտոնատար անձանց է հյուրընկալել` Ժակ Շիրակին, Հիլարի Քլինթոնին, Վլադիմիր Պուտինին, Դմիտրի Մեդվեդևին, Շառլ Ազնավուրին, Հայաստանի անկախ հանրապետության երեք նախագահներին, այլոց:

«Ճարտարապետությունը ոչ միայն քարերի շարվածք է, այլև պատմություն, ժամանակաշրջան, դիրք, որն իր մեջ ներառում է այդտեղ ապրողի ու տվյալ ժամանակի ճարտարապետի մտածելակերպը: Ես որտեղ էլ «Դոլամամա» կառուցեմ, կստացվի ընդամենը սրա կրկնօրինակը»,- ասում է ռեստորանի սեփականատերը:

«Կառուցենք առանց քանդելու» ծրագրի թիրախային շենքերից մեկն է նաև Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքը: Աֆրիկյանների հանրահայտ տոհմը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտական ոլորտների զարգացման գործում, ինչպես նաև բարեգործական լայն գործունեություն ծավալել:

«Աֆրիկյանն այն մարդն է եղել, որ Երևան քաղաքին ջուր է բերել: Իսկ խմելու ջուր բերող մարդու պատմությունը պետք է հնարավորինս մեծարել և ոչ թե քանդել»,- ահազանգում է Ավանյանը:

«Կառուցենք առանց քանդելու» ցուցահանդեսը երկու խորագիր ունի՝ «Տունս քանդեցին» և «Տունդ շեն լինի» ու ցուցադրվելու է երկու սրահներում:

«Տունս քանդեցին» խորագիրը կրող առաջին սրահում ցուցադրվելու են ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի ավելի քան 50 լուսանկարները` մեկ անգամ ևս հիշեցնելով Երևանի այն պատմական հուշարձանները, որոնք ապամոնտաժվել ու տեղափոխվել են այլ վայր: Դրանից զատ, ներկայացվելու են Երևանի կենտրոնում դեռևս պահպանված հին պատմական շենքերի լուսանկարները:

«Կլինեն նաև արխիվային լուսանկարներ, թե ինչպիսին են եղել հին շենքերը Երևանի այդ տարածքում, և այդ ժամանակաշրջանի մարդկանց պատկանող թանգարանային նմուշներ»,- ասում է ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը:

«Տունդ շեն լինի» անվանումը կրող երկրորդ սրահում ցուցադրվելու են «Կառուցենք առանց քանդելու» նախաձեռնության անդամ ճարտարապետների նախագծերն ու մակետները, որոնք առաջարկում են առանց հին շենքերը քանդելու նոր բարձրահարկերի հնարավոր լուծումները:

Երևանի ճարտարապետական արժեք ներկայացնող հին շենքերի պահպանմանը նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը նշել է, որ տնտեսական խնդիրների համատեքստում վերջին տասնամյակում աղավաղվել է մայրաքաղաքի դիմագիծն, ու մոռացության մատնվել Երևանի նկարագիրը պահելու առաջնահերթությունը.

«Սա տխուր իրողություն է: Այսօր մենք փոխում ենք սլաքները և ասում` տնտեսական առաջնահերթություններն առաջնային չեն Երևանի նկարագիրը պահելու խնդրի հանդեպ: Ավելին` մենք օրենքով բացառելու ենք Երևանի կենտրոնի որևէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը»:

«Այսօր ակնհայտ է, որ կա հասարակական լուրջ պահանջարկ և նույնիսկ պայքար այս հարցում: Այստեղ մենք դաշնակիցներ ենք: Մի քանի տարի, և Երևանում վերջնականապես կհաղթանակի քաղաքի դիմագիծը պահելու առաջնահերթությունը»,- խոստացել է Սարգսյանը` անուղղակիորեն պատասխանելով վերջին տարիներին Երևանի հին ճարտարապետությունը խաթարելու համար իշխանությունների հասցեին հնչած բազմաթիվ քննադատություններին:

Նմանատիպ քննադատությամբ էր անցյալ տարի հանդես եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը՝ իշխանություններից պահանջելով «Երևանի քաղաքաշինական դեմքի այլանդակման և մայրաքաղաքում բարձրահարկ շինարարության դադարեցումը»:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը՝ Հայկ Բիանջյանի

© Medialab.am