«Եթե ընտրություններն արդար չանցնեն, այս հեղափոխությունը կջրվի». Իրավապաշտպանները՝ ընտրակաշառքների օրենսդրական փոփոխությունների մասին

«Եթե ընտրություններն արդար չանցնեն, այս հեղափոխությունը կջրվի». Իրավապաշտպանները՝ ընտրակաշառքների օրենսդրական փոփոխությունների մասին
«Եթե ընտրություններն արդար չանցնեն, այս հեղափոխությունը կջրվի». Իրավապաշտպանները՝ ընտրակաշառքների օրենսդրական փոփոխությունների մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում, մեկնաբանելով կատարված օրենսդրական փոփոխությունները, նկատում է, որ ընտրությունների վրա էական նշանակություն ունի իշխանությունների վարքագիծը. հատկապես իշխանությունների գործողություններով է պայմանավորված, թե ընտրություններն ինչպե՛ս կընթանան:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը՝ արտահերթ նիստով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ օրերս ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել ընտրությունների ժամանակ թե՛ կաշառք տվողներին, թե՛ ստացողներին: Ըստ այս նախագծի՝ խստացվում են ընտրական հանցագործությունների համար պատիժները. այսպես, ընտրակաշառք ստանալու համար՝ 500-700 հազար դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում, իսկ ընտրակաշառք տալու համար՝ 2-4 մլն դրամ կամ 2-6 տարի ազատազրկում: 

«Մեր փորձը ցույց է տալիս, որ եթե տեղի են ունեցել խախտումներ, ապա դրանք ունեցել են զանգվածային, կազմակերպված բնույթ, և այդ խախտում կատարողների հովանավորողը և ընդհանրապես ընտրական գործընթացներում համատարած խոչընդոտների, վարչական ռեսուրսի կիրառման, քրեական տարրերի ներգրավման, ընտրողների կամքի վրա ճնշումներ բանեցնելու համար պատասխանատուն եղել է իշխանությունը»,- ասում է Սաքունցը:

Նրա խոսքով՝ ազատ ու արդար ընտրությունների անցկացման գլխավոր պայմանը քաղաքական կամքի առկայությունն է, որը ենթադրում է, որ իշխանությունը ջանք չի խնայելու, որ ազատ ու արդար ընտրություններին խաթարող ցանկացած գործողություն կանխարգելվի, իսկ խախտում կատարողները բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն:

Իշխանություններն էլ են հայտարարում, որ այս փոփոխությունների նպատակը առանց ընտրակաշառքի՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելն է, և ցույց տալը, որ այդ նպատակն իրականացնելու համար իշխանություններն ունեն քաղաքական կամք:

«Այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության առումով: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թեև մինչև հեղափոխությունն էլ ընտրակաշառքը օրինախախտում էր համարվում, և նախկին իշխանություններն էլ հրապարակավ դատապարտում էին ընտրակաշառքը, այդ երևույթը չէր վերանում. ընդդիմախոսները շեշտում էին, որ ընտրակաշառքը չի վերանում այն պատճառով, որ իշխանությունները չունեն դա վերացնելու քաղաքական կամք, և որովհետև հենց իրենք են կիրառում այն:

Խորհրդարանում ընտրակաշառքը քրեականացնելու հարցի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատել էր, որ Հայաստանում ամենաթափանցիկ ու արդար համարվող 1990 թվականի ընտրությունները անցկացվել են խորհրդային «բարախլո» օրենսդրությամբ, սակայն դրանք արդար էին, քանի որ կար արդար ընտրություններ անցկացնելու հանրային կոնսենսուս: Այսինքն՝ քաղաքական և հանրային կամք:

«Խոսքն իշխանության ունեցած գործիքների արդյունավետության մասին է, որ ընտրախախտումները իրավական ճանապարհով կանխվեն, ոչ թե կամայական ձևով, ինչը ևս կլինի անօրինական: Դրա համար պետք է օրենսդրությունում փոփոխություն կատարվի, ինչը կապահովի իշխանություններին արդյունավետ գործիքներով, իրավական բազայով, որ նրանք կարողանան իրավական դաշտում արդյունավետ պայքար մղել ազատ ու արդար ընտրությունների ապահովման համար»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Սա, նրա խոսքով, միայն այն դեպքում, եթե իշխանությունն ունի քաղաքական կամք: Իսկ հիմա, կարծում է իրավապաշտպանը, այդ կամքը կա, որը նաև գործողություններով է երևում՝ հաշվի առնելով կոռուպցիայի դեմ մղվող պայքարը:

Ուշագրավ է, որ կառավարությունն այս օրինագիծը խորհրդարան է բերել ԱԺ արտահերթ նստաշրջանով, որպեսզի հնարավոր լինի արդեն խստացված օրենքը կիրառել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս պնդում է, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու գլխավոր պայմանը քաղաքական կամքն է, իսկ ընտրակեղծիքների համար պատիժների խստացումը ընդամենը օժանդակող կարող է լինել այդ գործում:

«Այսօր իշխանությունն ունի արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, իսկ այս փոփոխությունն ուղղակի նրա համար է, որ կա կեղծելու, ընտրակաշառք տալու վտանգ: Հավանաբար դրա համար այս փոփոխությունն անհրաժեշտ է, բայց առաջնայինը ընտրություններն արդար անցկացնելու քաղաքական կամքն է: Ես նաև տեսնելով վարչապետի վարքագիծը՝ վստահում եմ, որ ընտրություններն արդար կանցնեն»,- նշում է Ալեքսանյանը:

Երևանի ավագանու ընտրությունները լինելու են առաջին լուրջ ընտրությունները հեղափոխությունից հետո: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 12 քաղաքական ուժեր՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Մեկ տարի առաջ տեղի ունեցած ավագանու ընտրություններում մեծամասնություն ձևավորած և քաղաքապետ նշանակած ուժը՝ ՀՀԿ-ն, ընտրություններին չի մասնակցում:

Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ այս պահին չկան այն ուժերը, որոնք կկարողանան կեղծել ընտրությունները.

«ՀՀԿ-ն էլ չունի այդ ուժը: Եթե հաշվի առնենք, որ Քոչարյանն իր շուրջը համախմբելու է քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, չեմ կարծում, որ նրանք ընդհանրապես հաջողություն կունենան, ընտրակեղծիքներն էլ նրանց չի օգնեն: Եթե իշխանությունը չի ուզում կեղծել, կեղծիքներ չեն լինի: Խիստ վերահսկողություն է լինելու, և ոչ ոք չի կարողանալու կեղծել ընտրությունները»:

Կառավարությունը Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար 87,6 միլիոն դրամ է հատկացրել ոստիկանությանը: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ ոստիկանությունը թույլ չի տալու ընտրախախտումներ կատարել և կանխելու է այդ բոլոր փորձերը:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ հիմա անգամ ոստիկանության հայտարարություններից է զգացվում, որ, իրոք, արդար ընտրություններ անցկացնելու ցանկություն կա:

«Եթե ընտրություններն արդար չանցնեն, այս հեղափոխությունը կջրվի, այսինքն՝ կստացվի, որ հեղափոխություն չի եղել: Առաջին հերթին ընտրություններն են ցույց տալու հեղափոխության տրամաբանությունը և դրա շարունակությունը»,- նշում է իրավապաշտպանը:

Մանե Հարությունյան

MediaLab.am