Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է անցած շաբաթավերջին Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած իրադարձություններին։ Ռուբինյանը հիշեցրել է, որ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհն էր գործում, մինչև Կոռնիձորի մոտով անցնող նոր ճանապարհը պատրաստ կլիներ։
Ապրիլի 1-ից այլընտրանքային ճանապարհը դադարեց գործել և գործարկվեց նոր ճանապարհը, և քանի որ, ինչպես ԱԺ փոխնախագահն ասաց, այլընտրանքային ճանապարհը մինչ այս ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո էր, սահմանի Տեղ-Կոռնիձոր հատվածում ո՛չ Հայաստանի Հանրապետության կողմից, ո՛չ մյուս կողմից դիրքեր չկային և այդտեղ, բնականաբար, դիրքերի անհրաժեշտություն առաջացավ։
ԱԺ փոխնախագահը նաև նշել է, որ կար պայմանավորվածություն, որ դրա մի հատվածում երկու կողմերից սահմանապահներ պետք է լինեն, սակայն ի հայտ եկան տարընթերցումներ, որի արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչները հինգ կետում 300-ից 500 մետր ավելի առաջ են տեղակայվել։
Վկայակոչելով ԱԱԾ հաղորդագրությունը՝ Ռուբինյանը ասել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի համապատասխան կառույցի ներկայացուցիչներն այդ հատվածում հանդիպել են, որի արդյունքում վիճակն էականորեն բարելավվել է՝ դիրքային կամ տեղակայման առումով։
Ըստ Ռուբինյանի՝ աշխատանքները շարունակվելու են։