ՀՀ ԱԳ փոխնախարարը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քննարկել են հումանիտար բնագավառում համատեղ ջանքերի հնարավորությունները

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԹ Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստան է ժամանել Երևան տեղափոխված Լեյդի Քոքս վերականգնողական կենտրոնի վերաբացման արարողությանը մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ողջունելով հյուրին՝ Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած բազմամյա բարեկամության և աջակցության համար: Իր հերթին, բարոնուհին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող համապարփակ քայլերը՝ միտված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության կարիքները հասցեագրելուն:

Կողմերը հանգամանորեն քննարկել են հումանիտար բնագավառում համատեղ ջանքերի հնարավորությունները և անդրադարձ կատարել հայ-բրիտանական օրակարգային հարցերին:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է տարածաշրջանային, Հայաստան-ԵՄ գործընկերության օրակագի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները»,- ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: