«Փաշինյանի վարչախմբի վարած քաղաքականությունը ՀԱՊԿ-ի մասով, բացի վատ հետևանքներից, այլ բան չի տալու Հայաստանին». Հայկ Մամիջանյան

Լուսանկարը՝ Ազգային ժողովի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը

Պարո՛ն Մամիջանյան, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի հնչեցրած մտքերն ինչպե՞ս եք գնահատում, որո՞նք էին այն ուղերձները, որ նա հղեց ներքին ու արտաքին լսարանին:

– Այդ ասուլիսում երկրի համար ահռելի վտանգ ներկայացնող թեզեր են շրջանառվել. ամենատարրականը, որի մասին բազմիցս եմ խոսել, այն է, որ ՄԱԿ-ի չորս բանաձևերի մասին խոսել են միայն Ադրբեջանի նախագահներն ու Ադրբեջանի տարբեր տրամաչափի չինովնիկները ու Նիկոլ Փաշինյանը:

Նա նույնիսկ չի հասկանում, որ ՄԱԿ-ի չորս բանաձևերը կապ չունեն կարգավորման գործընթացի հետ, դրանք կրակի դադարեցման հետ կապված բանաձևեր էին, չի հասկանում, որ Հայաստանը դրանցով ունի ընդամենը մեկ պարտավորություն, որը ժամանակին կատարել է: Փաստեմ, որ միջազգային կառույցի ոչ մի ներկայացուցիչ, մասնավորապես ԵԱՀԿ որևէ ներկայացուցիչ, երբեք չի խոսել այդ բանաձևերից:

Երկրորդ՝ նա նորից հանդգնեց խոսել բանակցային ժառանգությունից, ես ևս մեկ անգամ պետք է վերահաստատեմ իր իսկ կողմից՝ Կապանի ասուլիսի ժամանակ ընթերցած բանակցային ժառանգության բովանդակությունը, որը հետևյալն էր. երկու շրջան ու Արցախի մնացյալ տարածքները փաստացի հավերժ մնալու էին Հայաստանին, ինչպես ասել է Ալիևը բազմիցս ու նաև երեկ, խաղաղապահների տեղակայում ու, ամենակարևորը՝ միջանկյալ կարգավիճակ, որն ավելին էր լինելու, քան այն պահին եղած ստատուս քվոն: Սա էր նրա ստացած ժառանգությունը, գումարած՝ Վիեննա ու Սանկտ Պետերբուրգ, որը դիվանագիտական հաղթանակ էր՝ ի շարունակություն ապրիլյան քառօրյա պատերազմում մեր հաղթանակի:

Խայտառակություն էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձի արած հայտարարության վերաբերյալ Փաշինյանի տված պատասխանը. փաստորեն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի նկատմամբ կարողանում են ճնշում գործադրել փորձագիտական շրջանակները: Չեմ կարող հասկանալ, թե այս պատմությունից հետո ինչպես է ստացվում, որ ԱԽՔ-ի պաշտոնը զբաղեցնող անձը հրաժարական չի տալիս:

Իհարկե, երկար կարելի է խոսել ցնդաբանության մասին, որով Փաշինյանը փորձում էր Ադրբեջանից ավելի ակտիվ հիմնավորել, թե իբր Արցախն Ադրբեջանի կազմում էր դեռ վաղուց:

Բանակի մասով արված նրա հայտարարությունները ևս խայտառակություն էին. ես հասկանում եմ, որ Փաշինյանը փորձում է Սպարապետի՝ դրական իմաստով միֆականացված կերպարի հետ ինչ-որ զուգահեռներ տանել, բայց դա անարգանք է Սպարապետի շիրիմի նկատմամբ, եթե իր անհեթեթ պնդմամբ՝ բանակում ռեֆորմներ չեն իրականացվել, բա ինչո՞ւ է «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը այժմ կիսավերափոխված ձևով ներկայացվում ԱԺ:

Էլ չեմ խոսում 300 միլիոն դոլարի զենքի գնման պայմանագրերի համար վարկային միջոցների տրամադրման մասին, նշեմ, որ զենքը գնվելու էր Ռուսաստանի ներքին սպառման գներով, անհրաժեշտ է նաև նշել, որ ՀՀ զինված ուժերին

«Իսկանդեր» վաճառելը միայն Փաշինյանը կարող էր չնկատել որպես ռեֆորմ:

Այս ամենին ի լրումն՝ պետք է հիշեցնեմ, որ 2020 թվականի հուլիսին տավուշյան դեպքերից հետո Փաշինյանն ինքն էր ասում, որ մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է: Հիշեցնեմ նաև, որ ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակ դեռևս պատգամավոր Փաշինյանը այցելել էր Արցախ ու «Երկիր մեդիային» տված հարցազրույցի շրջանակներում ասել էր, որ ապրիլյան պատերազմի ընթացքում ի հայտ եկած բոլոր թերացումները շտկվել են, ու բարձր է գնահատում այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվել են զինված ուժերում: Ես այս շարքը շա՜տ երկար կարող եմ շարունակել:

Իսկ ի՞նչ նպատակով են արվում այդ հակասական հայտարարությունները:

– Բարդ է էթիկայի ու բարեվարքության կանոնները պահպանելով պատասխանել ձեր հարցին, համենայնդեպս, ես նորից կասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հակահայկական գործունեություն է ծավալում, և իր ասածների ու արածների հետևանքները Հայաստանը թե՛ ներքին, թե՛ արտաքին մակարդակներում իր հեռացումից հետո տասնամյակներ շարունակ փորձելու է լուծել:

Ես կարող եմ նաև հիշեցնել, ինչպես այսօր Թագուհի Թովմասյանն է գրել, որ Փաշինյանը երեկ ստել է. 2022 թվականի ապրիլից դադարել են որոնողական աշխատանքները՝ կապված անհետ կորածների հետ: Կարող եմ զուգահեռներ տանել, որ երբ երեկ Փաշինյանն ասում էր՝ ձևի համար հո բանակցություններ չե՞նք անելու, հիշեցնեմ Սերժ Սարգսյանի գաղտնազերծած 2019 թվականի ձայնագրությունը, որում Նիկոլ Փաշինյանը «իրեն գժի տեղ դնելու» քաղաքականություն էր որդեգրել:

Պարո՛ն Մամիջանյան, Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից՝ համարելով դրանք այս պահին աննպատակահարմար: Այս որոշումն ինչպե՞ս եք գնահատում:

– Եկեք որոշումը գնահատելու փոխարեն նորից մեջբերեմ Փաշինյանին. նա երեկ ասում էր, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում: Ուզում եմ հիշեցնել իր, իր ԱԺ նախագահի ու մի քանի այլ պաշտոնյաների ասածները. բա որ այդքան բարձր մակարդակի վրա են, բա էդ ի՞նչ պատմություններ էին զենքի մատակարարման հետ կապված: Չեմ ասում, թե կա նման բան, հարց եմ տալիս՝ եթե այդքան բարձր մակարդակի վրա է, բա այդ ի՞նչ պատմություն էր: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ կապված գործընթացներին, մեղմ ասած, ինձ համար անընկալելի է այն քաղաքականությունը, որը Փաշինյանի վարչախումբը վարում է, դրանից Հայաստանի համար բացի վատ հետևանքներից այլ բան չի կարող լինել:

Իսկ ի՞նչ կտար այդ զորավարժության անցկացումը Հայաստանին:

– Ցանկացած զորավարժություն առնվազն բարձրացնում է մարտական պատրաստության աստիճանն ու փոխգործակցության հնարավորությունները ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի միջև: Հիշեցնեմ նաև, որ ՀԱՊԿ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Զասն արել էր հայտարարություն, որ Հայաստանը հրաժարվել է աջակցության փաթեթից, որը ներառում էր նաև ռազմատեխնիկական աջակցություն: Եզրակացությունը թողնում եմ մեր ընթերցողներին, թե ինչ կորուսյալ հնարավորություններ է իր մեջ պարունակում ՀԱՊԿ զորավարժությունների չանցկացումը Հայաստանում:

Եթե խորհրդարանում չլինեի՝ նաև կհիշեցնեի, թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ՝ կապված ՀԱՊԿ զորավարժությունների հետ:

Ադրբեջանի նախագահի նպատակը հստակ է, նա չի պատրաստվում խաղաղության գնալ, ու չնայած դրան, Նիկոլ Փաշինյանը, այսօր էլ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին նշում են, որ Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Իշխանության որդեգրած այս քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում:

– Դա քաղաքականություն չէ, դա կենաց է: Ես կենացը գնահատել չեմ կարող, բոլորս ենք խաղաղություն ուզում, բայց դա գին ունի, կան դրան հասնելու տարբերակներ, ու իրատեսականություն գոյություն ունի: Որևէ մեկի, առավելևս՝ Արմեն Գրիգորյանի կենացները մեկնաբանելու ցանկություն չունեմ:

Ասուլիսի նպատակը, ասելիքը ո՞րն էր, պարո՛ն Մամիջանյան:

– Ամենավատն այն էր, որ Փաշինյանի ու Ալիևի ասուլիսների բովանդակությունը, դրանում հնչած թեզերը շատ քիչ էին տարբերվում իրարից, իսկ դա մեծ ողբերգություն է: Ի՞նչ նպատակներ ուներ. անկեղծ ասած, վաղուց դադարել եմ Փաշինյանին տրամաբանության սահմաններում վերլուծելու փորձերը, դա արդեն անիմաստ է:

Նոր պատերազմի հավանականություն տեսնո՞ւմ եք:

– Պատերազմը չի դադարել, եթե նկատի ունեք նոր էսկալացիայի հավանականությունը՝ գնահատում եմ նույնքան բարձր, որքան կար մի քանի ամիս առաջ, գնահատում եմ նույնքան բարձր, որքան դեկտեմբեր ամսին, նույնիսկ նոյեմբեր ամսին: Թե՛ ես, թե՛ Տիգրան Աբրահամյանը բարձրաձայնում էինք, որ առկա են Լաչինի միջանցքի փակման վտանգներ, չնայած չէի պատկերացնում, որ դրա իրականացման համար ընտրվելու է այս կեղծ տարբերակը: Այնպես որ, նոր պատերազմի վտանգ առկա է:

Միջանցքի բացման հարցում ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

– Ես որևէ ակնկալիք չունեմ, որ Հայաստանի այժմյան կառավարիչները պրոհայկական լուծում կտան որևէ հարցի: Ինչ վերաբերում է այսպես կոչված միջանցքային տրամաբանությանը, ապա ես հղում կանեմ Ալիևի ասուլիսին ու կտանեմ որոշակի զուգահեռներ. Փաշինյանի քարոզչամեքենան ակտիվորեն լծված է շրջանառելու այն թեզը, թե իբր Ռուսաստանն է շահագրգռված խնդրի նմանօրինակ լուծման տրամաբանությամբ, բայց երեկ Ալիևը հստակորեն ասաց, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրով միջանցքային տրամաբանություն չի ենթադրվում, ուստի պարզ հարց է առաջանում. եթե, ինչպես նշում են փաշինյանական քարոզչամեքենաները, նմանօրինակ տրամաբանությամբ Ռուսաստանը շարժվեր, ապա նոյեմբերի 9-ի պայմանագրում դա ներառված կլիներ:

Փաշինյանը երեկ հասավ հակասությունների գագաթնակետին՝ ասելով, որ պատրաստ է ստորագրելու հարաբերությունների կարգավորման և՛ ռուսական, և՛ այսպես կոչված արևմտյան առաջարկը: Խնդիրն այն է, որ այդ տարբերակները իրար հակասող են, ինչի մասին բոլորը գիտեն, ու բազմիցս խոսել ենք: Հիմա ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչպե՞ս կարելի է միաժամանակ կողմ լինել իրար հակասող տարբերակների, հետևաբար ինքն այստեղ էլ է ստում:

Ընդդիմությունն ի՞նչ է պատրաստվում անել՝ ձեր ասած այդ ստերի դեմն առնելու համար:

– Ինչպես և ասել ենք, ցանկացած օրը, ժամը, վայրկյանը, որ Փաշինյանը շարունակում է կառավարել, չարիք է բերում Հայաստանի ու Արցախի համար: Ես կարող եմ խոսել ՀՀԿ-ի անունից. ինչպես և առաջ, այնպես էլ հիմա մեր ունեցած բոլոր հնարավորություններով անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերագտնի իր արժանապատվությունը, այսինքն՝ հեռացվի Նիկոլ Փաշինյանը: Կոնկրետ գործողությունների մասին խոսել չեմ կարող, որովհետև դրանք կասկածի տակ կդնեն այս նպատակին հասնելու հավանականությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am