Axios․ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները փետրվարի 6-ին կհանդիպեն Ստամբուլում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամենայն հավանականությամբ, փետրվարի 6-ին կհանդիպեն Ստամբուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում կողմերը կկենտրոնանան փաթեթային համաձայնագրի քննարկման վրա, որը նպատակ ունի կանխել ռազմական էսկալացիան։ Սպիտակ տան անունը չնշված պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հույս ունի, որ Իրանը հանդիպմանը կմասնակցի՝ պատրաստ անհրաժեշտ փոխզիջումների։

Սա կլինի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների առաջին հանդիպումը այն բանից հետո, երբ 2025 թվականի հունիսին 12-օրյա պատերազմի հետևանքով տապալվեցին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

Հանդիպումը նախատեսվում է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացման ֆոնին։ Axios-ը նշում է, որ այն վերջին օրերին Թուրքիայի, Եգիպտոսի և Կատարի իրականացրած դիվանագիտական ջանքերի արդյունք է։

Նշվում է նաև, որ փետրվարի 2-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները Աբբաս Արաղչիի հետ քննարկել են հնարավոր հանդիպման հարցը։