«Ուշագրավ զարգացումներ են ընթանում Նախիջևանում. ադրբեջանական կողմը նշում է, որ Նախիջևանը փորձում են Իրանին միացնել». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Երևանում  կայացած ՀԱՊԿ  գագաթնաժողովն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ արձագանքներ կան ադրբեջանական կողմում դրա վերաբերյալ:

– Դատելով առնվազն հրապարակային տեքստերից, հայտարարություններից՝ փակ դռների հետևում բավականին կարևոր խոսակցություններ են ընթացել ՀԱՊԿ-ի, ՀԱՊԿ-ի արձագանքների, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ որդեգրած կրավորական պահվածքի, դրա անընդունելիության հետ կապված:

Կարծում եմ, որ նման խոսակցությունները շատ հաճախ հենց պետք է  փակ դռների հետևում ընթանան, միշտ չէ, որ հրապարակային շոուների կազմակերպումը օգուտ է տալիս բուն գործին: Սպասենք փաստաթղթերի լրամշակմանը, միգուցե այդ խոսակցություններն օգուտ տան, և որոշ հարցերում մենք հաջողություններ ունենանք, բայց, ամեն դեպքում, առաջնորդների գալը, երկկողմ զրույցները, նաև ռուսական կողմի հետ, եթե դրանք բովանդակային են եղել, կարծում եմ, օգտակար կարող են լինել, նաև հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը կոնկրետ տեղեկատվական դաշտում ակնհայտորեն գործողությունների նախապատրաստության վերաբերյալ ահազանգեր է հնչեցնում:

– Ռազմական գործողություննե՞ր:

– Հնարավոր լարվածության ուժեղացման, սադրանքների, երեկ էլ մենք վիրավոր զինծառայող ունեցանք, ու այդ ամբողջը, ցավոք, դրա մասին է փաստում: Ինչ վերաբերում է ադրբեջանական արձագանքներին, ապա տեսա, որ որոշ աղբյուրներով հիմնականում ուշադրություն էին դարձրել Լուկաշենկոյի վրա, նաև փորձում էին ներկայացնել, թե իրենց՝ այսպես կոչված ընկերները թույլ չեն տվել, որ Հայաստանն իր նպատակին հասնի կառույցում:

Պետք է նշեմ, որ ինտենսիվ լուսաբանում էին, նույնիսկ երբեմն մեր լրատվադաշտից ավելի արագ էին տեղեկություններ տարածում և ուշադրություն էին դարձնում բոլոր դետալներին՝ փորձելով դրանց հիման վրա մեկնաբանություններ կառուցել: Որոշ քարոզչական վերլուծական հոդվածների ևս հանդիպեցի, որոնցում հիմնականում նշում էին, թե իբր Հայաստանն ունի հակառուսական կեցվածք կամ էլ, որ «Հայաստանը մնացել է միայնակ և անպաշտպան»:

– Ձեր կարծիքով՝ լրամշակումից հետո  այդ փաստաթղթում կներառվե՞ն այն բոլոր բացերը, որոնց բացակայության պատճառով Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել այն:

– Հույս ունեմ, որ կհաջողվի: Իմ դիտարկումն այն է, որ, ըստ էության, Հայաստանը այս պահին կասեցնում է ԱՊՀ դիտորդի կարգավիճակ ձեռք բերելը ՀԱՊԿ-ում: Գիտենք, որ Ադրբեջանն էլ է ԱՊՀ անդամ, և այդ ամբողջի՝ հայկական կողմի փաստարկը, ենթադրում եմ, այն է, որ ՀԱՊԿ-ը պատշաճ ձևով չի վերաբերվում այն ագրեսիային, որը տեղի է ունեցել մեր սահմանների ուղղությամբ այս տարվա սեպտեմբերին: Հույս ունեմ, որ կհաջողվի, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կընթանան, ու կստացվի որոշ ձեռքբերումներ ունենալ:

– Եթե չստացվի, Ադրբեջանի պահվածքը դրանից հետո ինչպիսի՞ն կլինի, տիկի՛ն Հայրապետյան:

– Ադրբեջանը իրեն շատ սանձարձակ է պահում, անկախ նրա ագրեսիվ պահվածքի մասին արձանագրումներից, իհարկե դրանք կարևոր են, բայց Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ցույց տալ, կոնկրետ Ալիևն իր ելույթներով, որ իր համար միևնույն է, թե որ ղեկավարն ինչ է խոսում, ինքը փորձում է առաջ գնալ իր մշակած պլանով:

Չնայած այս հայտարարություններին, միևնույն է, միջազգային գործիքակազմում որոշակի մեխանիզմներ կան, որոնք գոնե ժամանակավոր կարող են զսպել Ադրբեջանին, բայց երկարաժամկետ առումով, իհարկե, ավելի լուրջ անվտանգային քայլեր պետք է իրականացվեն մեր կողմից:

– Ադրբեջանական կողմը նախապատրաստվո՞ւմ է սահմանային նոր էսկալացիայի գնալու: Վերջին օրերին նաև Արցախում են հրադադարի խախտման դեպքերը, դրանք ի՞նչ նպատակ են հետապնդում:

– Կոնկրետ Արցախի մասով մի քանի վտանգավոր քարոզչաթեզեր են փորձում նետել շրջանառության մեջ, նշելով, որ այնտեղ զենք է տեղափոխվում, դա անթույլատրելի է: Բերձորի միջանցքի հետ կապված երկու վտանգավոր թեզ են շրջանառում, այսինքն՝ սկզբում շրջանառում են թեզ, թե իբր զենք է տեղափոխվում, և ռուս խաղաղապահները օժանդակում են դրան, հետո ասում են, որ իբր դա կանխարգելելու համար պետք է ռուս-թուրքական համատեղ վերահսկողություն լինի, ինչպես Ակնայի այդ մոնիթորինգի կետն է:

Երկրորդ թեզն էլ, որ շրջանառում են, այն է՝ թե իբր պետք է ադրբեջանական անցակետ տեղադրվի, ու ես չեմ կարծում, թե դրանք ուղղակի քարոզչաթեզեր են, դրանք որոշակի նպատակներ հետապնդող քայլեր են: Այդ նպատակները հայկական կողմը պետք է հաշվի առնի ու աշխատի դրանց կանխարգելման ուղղությամբ:

Երեկ իրենց նախկին արտգործնախարարը նշել էր, քանի որ «քանի որ խաղաղության պայմանագրի ստորագրումը զրոյական է, ուստի մեծանում է նոր էսկալացիայի շանսը»: Նույնիսկ ասում էր, որ եթե մինչև տարվա վերջ այդ ամբողջը չստորագրվի, «Ադրբեջանին այլ ելք չի մնում, քան գործողությունների գնալ»: Պարզ տեքստով խոսում են այդ մասին, իրենց նպատակն է թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը առհասարակ զրկել պաշտպանական կարողություններից:

– Տիկի՛ն Հայրապետյան, Իրան-Ադրբեջան  հարաբերություններում լարվածությունը շարունակվում է, քարոզչական դաշտում ակտիվ փոխադարձ մեղադրանքներ են հնչում: Ադրբեջանն այս միջոցով փորձում է տարածաշրջանում ընթացող զարգացումների նկատմամբ ունեցած իրանական դիրքորոշումների վրա՞ ազդել:

– Հենց այսօր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալը բավականին աղմկահարույց հայտարարություն արեց, որ Իրանի հատուկ ծառայությունները ինտենսիվ հետախուզական դիվերսիոն գործողություններ են իրականացնում Ադրբեջանի դեմ, ու իրենք քայլեր են ձեռնարկում դա կանխելու ուղղությամբ: Ակնհայտորեն Իրանին մեղադրում են  իրենց դեմ լրտեսությսն համար, ու այս ֆոնին հետաքրքրական է, որ ինտենսիվ հեռախոսազրույցներ են տեղի ունենում Բաքվի և Թել Ավիվի միջև՝ նախագահների, պաշտպանության նախարարների մակարդակով: Իհարկե առիթը դեսպանատան բացումն է, բայց, բնականաբար, խոսակցությունները շատ ավելի այլ բնույթ են կրում, որոնք չեն արտացոլվում հրապարակային հաղորդագրություններում: Ինչպես մեր նախորդ զրույցում էի նշել, կարծում եմ՝ խնդիրները շատ ավելի խորքային են, քան զուտ տեղեկատվական պայքարը:

Հետաքրքրական մեկ հանգամանք էլ նշեմ, որին շատ ուշադրություն չի դարձվում. ուշագրավ զարգացումներ են ընթանում Նախիջևանում, երեկ Նախիջևանի մաքսային կոմիտեի վարչության շենքում հատուկ գործողություններ էին ընթանում: Ուշագրավ է, որ այդ մաքսային կոմիտեի ղեկավարը Ադրբեջանի ԳԱԱ ղեկավարի որդին է, իսկ նրա տեղակալը Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի կնոջ եղբայրն է: Հրապարակվող տեղեկության համաձայն՝ «հատուկ գործողությունը» կապված է մեծ գումարների շորթման հետ:

Ինչո՞վ է այս ամենը հետաքրքիր: Իմանալով Ալիևի գործելաոճը, ըստ իս, միանգամայն հավանական է, որ առաջիկայում Թալիբովն ինքը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին: Հիշեցնեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանում հաճախ են խոսում, ընդհուպ պատգամավորների մակարդակով, թե արդյոք արժի՞ պահպանել Նախիջևանի ինքնավար կարգավիճակը, թե՞ ոչ:

Եվս մեկ դրվագ նշեմ. մոտ 10 օր առաջ Ադրբեջանի հատուկ ծառայությունները տեղեկություն էին տարածում, թե իբրև կան կեղծ կազմակերպություններ, որոնք փորձում են քայլեր ձեռնարկել Նախիջևանը Իրանին միացնելու ուղղությամբ, ինչն իհարկե շատ անհասկանալի է ու բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետև եթե խոսքը կեղծ կազմակերպությունների մասին է, ինչո՞ւ է այդ մակարդակով անդրադարձ արվում դրան: Ամեն դեպքում լարվածությունը շատ մեծ է և ունի մի քանի շերտեր:

– Բայց հնարավոր կլինի՞ Նախիջևանը Իրանին միացնել:

– Իրանական կողմը երեկ էլ արտգործնախարարի մակարդակով հայտարարեց, որ նման որևէ հավակնություն չկա, ու որ որևէ մեկի տարածքների վրա իրենք «աչք չեն դրել»: Բայց ես տեսնում եմ, որ նման խոսակցություններն ինտենսիվանում են, առնվազն հանրային լուրջ տրամադրություններ են առաջ բերում: Օրինակ՝ նման զրույցները հակաիրանական տրամադրություններ են հրահրում Ադրբեջանում, ուստի դրանք միտումնավոր են տարածվում: Իսկ լարվածության հետագա խորացման պարագայում, նախորդ անգամ էլ ասացի, հետևանքները ամբողջ տարածաշրջանի համար շատ լուրջ են լինելու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am