«Իրանի համար անվտանգային սպառնալիք է դիտվում այն, որ օրինակ՝ Կովսականում հրեական ներդրումներով կառուցվում են խելացի գյուղեր». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

 – Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանա-իրանական հարաբերությունների լարվածությունը գնալով կարծես թե խորանում է, ինչո՞վ եք պայմանավորում սա, ու ադրբեջանական կողմն ինչպե՞ս է արձագանքում Իրանից հնչող հայտարարություններին։

– Հարաբերությունների լարումն ունի մի քանի պատճառներ՝ և՛ տարածաշրջանային, և՛ ավելի աշխարհաքաղաքական։ Այդ լարման առաջին նախանշաններն ի հայտ եկան 2020 թվականի Բաքվի ռազմական շքերթ ասվածի ժամանակ, երբ Էրդողանը հանդես եկավ Արաքսի բաժանման հետ կապված քառատողով, որին արձագանքեց իրանական կողմը, և գնալով այդ լարվածությունը ուժեղացավ։

Կարծում եմ՝ Իրանին հատկապես անհանգստացնում է, կամ Իրանի համար անվտանգային սպառնալիք է դիտվում այն հանգամանքը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, օրինակ՝ նույն Կովսականում, ինչպես գրել էր մամուլը, հրեական ներդրումներով կառուցվում են խելացի գյուղեր։ Սրա ներքո, բնականաբար, կա նաև ռազմական բաղադրիչ, որի մասին չի խոսվում, բայց վստահ եմ, որ Իրանի հետախուզությունն այդ ամբողջն ուսումնասիրում է ու հասկանում, որ այդ ռիսկերը կան։

Տարբեր խոսակցություններ կան, որ միայն Կովսականում չեն ներդրումներ արվում, բայց Կովսականի մասով նաև մամուլը գրեց։ Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին, կարծում եմ, Իրանը փորձեց խորացնել հարաբերությունները նաև Հայաստանի հետ՝ հաշվի առնելով հայ-իրանական սահմանին ուղղված Ադրբեջանից եկող սպառնալիքները։

Ադրբեջանի քարոզչադաշտն այս ամբողջը փորձում է ներկայացնել որպես Իրան-Հայաստան հարաբերությունների խորացման պատճառ, նույնիսկ ասում են, թե իրանցի լրտեսները իբր Հայաստանի օգտին են լրտեսություն անում՝ թաքցնելով իրական հանգամանքը, որ իրենք Իսրայելին բերել են տարածաշրջան, իսկ Իսրայելը Իրանի համար հայտնի անվտանգային սպառնալիք է։

Իսրայելի պաշտպանության նախարարը Բաքվում էր, հետո՝ Թուրքիայում, իսկ այս ակտիվությունը չի կարող անտարբեր թողնել Իրանին, ու այդ ֆոնին արդեն սկսում են փոխադարձ քարոզչական մեղադրանքներ տարածել։ Այս լարվածությունն ավելի կխորանա, որի հիմքերը ես տեսնում եմ իսրայելական ներկայության ու ավելի գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների մեջ, որն ադրբեջանական կողմը փորձում է համառորեն ժխտել:

Նրանք ասում են, թե դա միայն քաղաքացիական ներկայացվածություն է, քաղաքացիական բնույթի համագործակցություն է, բայց փաստերն այլ բանի մասին են խոսում, ու վստահ եմ, որ իրանական կողմն այդ տվյալներին տիրապետում է։

– Եթե այդ լարվածությունը խորանա, կողմերը կսահմանափակվեն միայն կոշտ հայտարարություններո՞վ։

– Եթե ամեն ինչ զարգանա այն ուղղությամբ, որը ես նշում եմ, ապա շատ վտանգավոր է լինելու, այսինքն՝ այն տարածքները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, դարձնեն պլացդարմ՝ հետագայում Իրանի դեմ ինչ-որ գործողությունների համար, ապա հետևանքներն ուղղակի անդառնալի կարող են լինել ամբողջ տարածաշրջանի համար։

Ամեն դեպքում ես տեսնում եմ իսրայելական ակտիվ աշխատանքը ադրբեջանական կողմի հետ և դա համարում եմ ոչ պատահական, այլ թիրախային։ Պատահական չէ, որ Իսրայելը նման ձևով մտավ տարածաշրջան՝ այդպիսի օժանդակություն ցույց տալով Բաքվին 2020 թվականի պատերազմի ժամանակ: Գալու է պահը, երբ Բաքուն այդ օգնության համար պետք է այլ ծառայություններ մատուցի Իսրայելին, ու դա հասկանում են նաև Թեհրանում։

Այս սցենարի զարգացման դեպքում վտանգները շատ են խորանալու, բայց եթե ստացվի որոշ գործընթացներ դանդաղեցնել կամ ինչ-որ իրավիճակներ հարթել, որը հավանաբար փորձում են անել, ապա դեպքերը որոշակիորեն կդանդաղեն, բայց երկարաժամկետ առումով ես ունեմ այն համոզումը, որ Իսրայելն ունի այդ նպատակները ու փորձելու է դա իրագործել տարբեր ձևերով։

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ այս լարվածության ֆոնին Ադրբեջանում շարունակո՞ւմ են քննարկել «Զանգեզուրի միջանցքի» հարց, Իրանի դիրքորոշումը՝ կապված տարածաշրջանային զարգացումների հետ։

– Ինչպես նշեցի, իրենք հայկական գործոնին շատ մեծ ուշադրություն են դարձնում այդ լարվածության մեջ, օրինակ՝ հրապարակումներ են անում, թե ինչո՛ւ Իրանը անհանգստացած չէ Հայաստանում ամերիկյան դեսպանատան առկայությամբ, բայց անհանգստացած է Իսրայել-Ադրբեջան կապով։

Փորձում են այդ հակադրությունների վրա աշխատել, իհարկե Իրանի կոշտ դիրքորոշումները ևս նրանց համար պատճառ են դառնում, որ ասեն՝ «Իրանը չի պաշտպանում մահմեդական Ադրբեջանին, այլ քրիստոնյա Հայաստանին է պաշտպանում»։ Չեն անդրադառնում այն խորքային խնդիրներին, որը կա այդ թնջուկի մեջ, որն իրենք են ստեղծել։ Իրենք այս ամենը նաև օգտագործում են հայատյացության քարոզի նպատակով՝ փորձելով թաքցնել այն իրական պատճառները, որոնք կան այս լարվածության հիմքում։

– Այսինքն՝ անուղղակիորեն Հայաստանի՞ն էլ են ներքաշում այդ լարվածության մեջ։

– Միանշանակ, եթե քարոզչական հոդվածներին հետևեք, այո՛, նույնիսկ այս «լրտեսական ցանցի» մասին, որ հրապարակում արեցին, նշել էին, թե դրանք աշխատում են Հայաստանի օգտին։

– Տիկի՛ն Հայրապետյան, հայկական կողմը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասով։ Ադրբեջանը այդ պատրաստակամությունը և՞ս ունի։

– Այս իրավիճակում, երբ բավականին լարված են հարաբերությունները, ու սահմանային լարվածության հետ կապված շարունակ ապատեղեկատվություն է տարածվում, ես դա անիրատեսական եմ համարում։ Կողմերը շատ հակադիր դիրքորոշում ունեն, բացի այդ, Փաշինյանն ասում է, որ կողմ է ռուսական տարբերակին, իսկ ռուսական տարբերակն Արցախի հարցում առնվազն կարգավիճակի առկախում է նախատեսում, ինչն Ադրբեջանը ընդունելի չի համարում։

Այս խառը աշխարհաքաղաքական թնջուկի մեջ, չեմ կարծում, որ որևէ կողմ՝ կլինի դա Վաշինգտոնը, Մոսկվան, Բրյուսելը, կարող են երաշխիքներ տրամադրել որևէ թղթի ստորագրման դեպքում, ինչ էլ այնտեղ նշված լինի, ու դրա մասին Փաշինյանը իր վերջին հարցազրույցում հստակ նշեց, որ իրենք փաստացի երաշխավոր չունեն։ Խոսքի մակարդակում կարող են ասել, թե պատրաստ են պայմանագրի կնքման, բայց գործնականում ոչինչ չի տեղաշարժվում, ընդհակառակը՝ կողմերի տեսակետները գնալով ավելի են հակադրվում։

– Հայկական կողմից հրադադարի խախտման վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունը Ադրբեջանն ի՞նչ նպատակով է տարածում։ Սահմանային էսկալացիայի՞ կգնան։

– Նրանք այդ փորձերն անում են, այսինքն՝ միշտ ստեղծում են այդ հիմքը, որ եթե աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ տա, իրենք գնան դրան։ Հիմա, կարծում եմ, փոքր-ինչ դժվարանում են այդ ուղղությամբ գնալ, որովհետև դիտորդները սահմանի երկայնքով են, Իրանի հետ հարաբերությունները լարված են, Սոչիի հանդիպումը նոր է ավարտվել, առաջիկայում ՀԱՊԿ նիստ է, ու այս ֆոնին Ադրբեջանը փոքր-ինչ զգուշանում է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am