Մասնագետը ՀՀ-ում նորակառույց շենքերի սեյսմակայունության առումով խնդիրներ չի տեսնում

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը կարևորում է Հայաստանում առկա բազմաբնակարան շենքերի 70-75 տոկոսի արդիականացումն ու վերակառուցումը:

«Արմենպրես»ի հետ զրույցում Ադամյանն ասաց, որ Հայաստանի տարածքը գերակշիռ մասով գտնվում է սեյսմիկ բարձր գոտում, այդ թվում՝ նաև Երևանը:

«1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, 1994 թվականին մշակվել էին սեյսմիկ կայունության շինարարության նախագծի նորմեր: Դրանք 3 անգամ լրամշակվել են, վերջինն ավարտվել է 2020 թվականին: Հայաստանի բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը՝ 70-75 տոկոսը, կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին: Դրանք չեն համապատասխանում կառուցապատման գործող նորմերին: Այդ շենքերի փոքր մասում իրականացվել է վերակառուցում և ամրացում, իսկ մյուս մասը ենթակա է ապամոնտաժման»,- նշեց Ադամյանը: 

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքի շենքերի շենքերի 25-30 տոկոսն է բավարարում նախագծային նորմերին:

Դրանք հատուկ տեխնոլոգիաներով կառուցվող շենք-շինություններ են: Մասնագետը շեշտեց, «որ արդեն շուրջ 10-12 տարի իրականացվում են վերակառուցման բացառիկ ծրագրեր՝ հատկապես հանրակրթական օբյեկտների մասով: Ավելի անտեսված վիճակում է մեր բազմաբնակարան շենքերի ֆոնդը: Բազմաբնակարան շենքերի արդիականացումն ու վերանայումն այսօր շատ կարևոր է»,- նշեց Ադամյանը:

Ադամյանն ասաց, որ ներկայում կառուցվող բոլոր շենքերը համապատասխանեցվում են առկա նորմերին, այժմյան շենքերի նախագծման նորմերը ենթադրում են 9 բալին համարժեք կառուցապատում: Բազմաբնակարան շենքերը երկրաշարժադիմացկուն են կառուցվում: