Վահե Գրիգորյանը այսուհետ մասնակցելու է ՍԴ-ի նիստերին

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը այսուհետ մասնակցելու է ՍԴ-ի նիստերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք այսուհետ գնալու է աշխատանքի և մասնակցելու է նիստերին` հաշվի առնելով Սահմանադրական դատարանում փոփոխությունները։

«Ես ամեն օր եմ գալիս աշխատանքի, իսկ եթե նկատի ունեք նիստերին մասնակցելը` միանշանակ։ Այս պահից Սահմանադրական դատարանում կա 6 դատավոր, և դա բավարար քվորում է Սահմանադրության 168-րդ հոդվածով նախատեսված Սահմանադրական դատարանի բոլոր լիազորությունների իրականացմանը»,- ասաց Գրիգորյանը։

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին:

Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» նախաձեռնեց ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված այդ որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Խմբակցությունը դիմել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը: ԼՀԿ-ն հունիսի 24-ի ասուլիսում, թեև նշեց, որ Սահմանադրական փոփոխությունները, ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչև 2րդ ընթերցումը անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ՝ եզրակացության համար, և այն փաստը, որ չի ուղարկվել, ակնառու խախտում է, ու հարցը պետք է դառնա քննարկման առարկա, այնուամենայնիվ, այդ փուլում չեն միանում ԲՀԿ-ի ստորագրահավաքին, իրենք կդիմեն միայն ՍԴ-ում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:

«Բարգավաճ Հայաստան»-ի քարտուղար Արման Աբովյանը հունիսի 25-ի ուշ երեկոյան հայտնեց, որ խմբակցության պտագամավորները և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այդ դիմումն ուղարկել են ՍԴ: «Բարգավաճ Հայաստան»-ն ԱԺ-ում ունի 25 պատգամավոր, այսպիսով Տիգրան Ուրխանյանի հետ միասին պատգամավորների թիվը դառնում է 26: Սակայն մինչև այդ նշվում էր, որ անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, հունիսի 25-ից երեկոյից այս հարցը քննարկվում է, «Իմ քայլը» -ի պատգամավորները իրենց Ֆեյսբուք-ի էջերում անհամաձայնություն են հայտնել՝ ըստ էության նշելով, որ 26 պատգամավորները բավարար չեն՝ այդ հարցով ՍԴ դիմելու համար:

Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։