Հունաստանում կայֆերով խոշտանգվողները

Մհեր Արշակյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայր Հրաչ Հակոբյանն օրերս մասշտաբային ու գունագեղ տժժացել են Հունաստանում։ Իսկ օրեր հետո ՄԻՊ-ը սահմռկեցուցիչ մանրամասներ է ներկայացնում, թե ինչ է կատարվում մեր գերիների հետ Ադրբեջանում։ 

Իսկ այսօր վարչապետը խոստացել է, որ մեր Անկախության օրը կնշեն «մասշտաբային ու գունագեղ»։ Այլ խոսքով, որպեսզի Անկախության օրը դժբախտ ու դժգույն չլինի։

Մալադե՛ց, տղե՛րք։ Սերժ Սարգսյանի աչքն էինք մտցնում Բադեն-Բադենն ու Մոնակոյի կազինոների հաճույքները, Ռոբերտ Քոչարյանի որդու խմած շամպայնի գինն էինք դարձրել քարկոծման թեմա։ Տարբերություն, իհարկե, կա։ 

Այս երկուսը լեգիտիմ չէին ու ինչ ուզեին՝ կանեին։ Նրանք կարիք չունեին մեզ հաշիվ տալու։ Բայց այս երկուսը, համենայնդեպս, դեռ պատերազմ չէին պարտվել, ինչը չի նշանակում, որ չէին պարտվի, եթե կռիվ լիներ։ 

Բայց չեն պարտվել։ Ուստի տժժում էին։ Այս երկուսի օրոք էլ մեր հատուկենտ գերիները սպանվում էին կամ վերադարձվում խելագարված։ Բայց այն, ինչ այսօր կատարվում է մեր գերիների հետ, այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի հետ, հաստատ Հունաստանում տժժոցով խեղդելու թեմա չէ։ 

Պատահական չէ, որ Հունաստանում սեփական կայֆերն են ի ցույց դրել հենց Ալենն ու Հրաչը։ Նրանք շոու աշխարհից են եկել քաղաքականություն ու իրենց հետ քաղաքականություն են բերել «Հունաստանի կղզիները»։

Հասկանո՞ւմ եք, էս մարդիկ ուզում են ցույց տալ, որ բռնած գիծ ունեն հանձին տժժալու։ Այսինքն՝ Հայաստան աշխարհում ինչ փորձանք էլ տեղի ունենա, նրանք էդ գծից չեն շեղվի։ 

Հասկանո՞ւմ եք, նրանց հետ տժժացողներից ոչ մեկը չգիտի, որ էս երիտասարդների երկրում 4300 հոգի է զոհվել պատերազմում։ 

Տաքսիով եմ վերադառնում, տաքսու վարորդն ասում է, որ տեղը չի գտնում, բայց որդին, մեկ է, զոհվել է Հայրենիքի համար։ Հայրենիքը մենք ենք, բայց ավելի՝ Ալենն ու Հրաչը։ Որովհետև նրանցն են նաև մեր փողերը։ 

Դե հիմա թալինցի տաքսիստի այս արտահայտությունը դրեք Ալենի ու Հրաչի հաճույքների մեջ։ Նրանք, Ալենը հատկապես, թքած ունեն, թե որտեղ, երբ և ինչու է զոհվել թալինցի տաքսիստի որդին։ Մարդիկ իրավունք ունեն «մասշտաբային ու գունագեղ» կայֆերի, ու էդ կայֆերը, համենայնդեպս, մեր Սահմանադրությամբ արգելված չեն։ 

Էս տղաները վաղը էլի ԱԺ ամբիոնից ժողովրդի վրա են գցելու իրենց կայֆերի օրինականությունը։ Ասում են, չէ՞, ժողովուրդը մեզ քվե է տվել։ Հասկացանք։ Քվե տվել է։ 

Բայց ինքն իր կարծիքով իր միջից լավագույններին է ընտրել։ Դո՞ւք եք էդ լավագույնները։ Ուզում եք ասել՝ 4300 զոհերի հարազատները ուրա՞խ կլինեին ձեր փոխարեն տժժալու Հունաստանում։ Ես, իհարկե, չեմ բացառում, որ Երևան գալով Ալենն ու Հրաչն ասեն՝ բայց ի՞նչ է եղել, մենք էլ Հունաստանում մեր մարմինն էինք խոշտանգում հարբեցողությամբ ու քեֆերով, որպեսզի մեր զոհերից հեռու չմնանք։

Իսկ գիտե՞ք, ճշմարտությունն այն է,- ու ես սա պնդում եմ,- այդ երեխաները ոչ մի վատ բան չեն արել։ Իսկապես, ու ես նրանց ոչ մի պատասխանատվության չէի ենթարկի։ 

Ուղղակի նրանց պետք է հեռու պահել իշխանությունից։ Նրանց պետք է հեռու պահել պատասխանատվություն ենթադրող որևէ աշխատանքից, Ալենին հատկապես։ Որովհետև նրանցից ավելի երիտասարդները, որոնք երեխա չէին, զոհվել են։ 

Այո՛, նրանք չեն զոհվել, որ մենք ամբողջ օրը ողբանք, բայց քանի որ զոհվել են, մենք պետք է ինչ-որ ավելի ազգապահպան բանով զբաղվեինք, քան տժժալն է։ 

Չէ՞, Ալեն տղա։

Մհեր Արշակյան

MediaLab.am