«Ծիրանի միջակ բերք է ու անցյալ տարվա համեմատ 2-3 անգամ թանկ կլինի, էժան միրգ չսպասեք». Հրաչ Բերբերյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը

– Պարո՛ն Բերբերյան, արդեն կարո՞ղ եք ասել, թե գյուղատնտեսական ի՞նչ տարի է սպասվում:

– Դեռևս վաղ է համապարփակ կանխատեսում անել, որովհետև առջևում բերքահավաքն է, բայց մեր ուսումնասիրությամբ՝ բերքատվությամբ միջակ տարի է լինելու, պտուղն այդքան էլ հաջող վիճակում չէ: Սպասենք, տեսնենք՝ խնձորն ու դեղձն ինչպես կլինեն, համենայնդեպս, ծիրանն այնքան էլ բարվոք վիճակում չէ, ինչը կապված է և՛ փոշոտման, և՛ գոյություն ունեցող հիվանդությունների հետ, որովհետև աշխատանք չի կատարվել: 

Եղանակային ցուրտ պայմաններով էլ պայմանավորված՝ տարին մոտ 2 շաբաթով հետ է ընկել: Ոռոգման ջրի խնդիր, կարծում եմ, չպետք է ունենանք, որովհետև տեղումներն այս տարի առատ են եղել, ու ջրամբարներում ջրի պակաս չկա, եթե, իհարկե, ջուրը չվաճառեն ՀԷԿ-երին: 

Պարարտանյութերն են թանկացել 2,5 անգամ, նույնքան թանկացել են նաև դիզվառելիքը, թունաքիմիկատները՝ 2 անգամ, գյուղատնտեսական աշխատանքները ևս 2 անգամ թանկացել են, այնպես որ, էժան միրգ չսպասեք, որովհետև այդ ամենն ազդում է ինքնարժեքի վրա:

– Իսկ այդ ազդեցությունը մե՞ծ է լինելու:

– Այո՛, էլ չեմ ասում, որ մեր դրամը դարձել է աշխարհի ամենաուժեղ արժույթը, դա էլ մեր Կենտրոնական բանկի «անվանի» տնօրենի աշխատանքի արդյունքն է: Մրգի գնի բարձրացման վրա ազդում են նաև դրամի փոխարժեքի տատանումները: Դրամի արժևորումը բերում է նրան, որ արտարժույթով առևտուր անելու պարագայում, իսկ մենք արտարժույթով ենք դրսում առևտուր անում, ապրանքի ինքնարժեքը բարձրանում է, այսինքն՝ մեր ապրանքը էլ չենք կարող վաճառել դրսում, վաճառելուց հետո էլ, եթե, օրինակ՝ բանվորին վճարում էինք 300 դոլար, հիմա պետք է վճարենք 350 դոլար: Միշտ չէ, որ դրամի ուժեղացումը բերում է տնտեսության ուժեղացման, ընդհակառակը՝ թուլացնում է այն, իսկ մենք հիմա այդ վիճակում ենք: 

Խնդիրն էլ այն է, որ դրամի արժևորմանը զուգահեռ շուկայում գները բարձրանում են, հարց է առաջանում՝ ինչո՞ւ գները չեն իջնում, այսպիսի տնտեսագիտություն աշխարհը չի տեսել:

– Պարո՛ն Բերբերյան, այսինքն՝ ծիրանի բերքի մասով այս տարի լավ կանխատեսումներ չկա՞ն:

– Տեսեք՝ ծիրանի պարագայում բերքի մի մասը տուժեց գարնանը տեղացած կարկուտից, բայց դա այն քանակը չէր, որ բերքի վրա ազդեր, հիմնական պատճառը տեղումների առատությունն էր, որ չեն թողել փոշոտում կատարվի, երկրորդ պատճառն այն է, որ մեղվաբուծությունն էլ լավ վիճակում չէ, այնպես որ, հարկավոր է մտածել նաև այս ուղղությամբ: 

Արդեն նաև նշեցի, որ պատճառներից մեկն էլ ծառերի հիվանդություններն են, ցեցի, լվիճների դեմ չենք պայքարում, որ նորմալ և՛ միրգ, և՛ բանջարեղեն ունենանք:

– Եթե ծիրանի բերքը քիչ է, ենթադրվո՞ւմ է, որ արտահանում չի լինելու այս տարի, թե՞ շատ քիչ քանակությամբ կլինի:

– Մինչև բուն հարցին պատասխանելը նշեմ, որ ամեն բան պետք է արվի, որ արտահանումը խթանվի, ոչ թե, ինչպես մի քանի օր առաջ, հեռուստաընկերություններից մեկի եթերում, չեմ ցանկանում նշել, թե որ, ելակ աճեցնող մի սուտ գործարար փորձում էր հանրությանը համոզել, որ եթե կարտոֆիլն անցած տարի չարտահանեինք՝ հիմա կարտոֆիլն այդքան թանկ չէր լինի: Սա տգիտության դրսևորում է, որովհետև, եթե, ինչպես ասացի, 2-ից ավելի անգամ թանկացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ, ինչպե՞ս կարող է կարտոֆիլը չթանկանալ: 

Պետք է հաշվի առնենք, որ գյուղացին կրկնակի ծախս է անում, և, վերջապես ինչի՞ ենք զարմանում՝ հացի մի կիլոգրամը 500-600 դրամ է, բա մի կիլոգրամ կարտոֆիլը մի կիլոգրամ հաց չարժի՞: Անցյալ տարվա միակ հաջողությունը կարտոֆիլի արտահանումն էր, ու այն ֆերմերները, որոնք կարողացան կարտոֆիլ արտահանել Ռուսաստան, այս տարի բանկերից գումար չեն վերցրել:

Ծիրանը, դե, ասացի, որ բերքը միջակ է, կփորձեն իհարկե արտահանել, բայց այն քանակությունը չենք ունենա, որ նախատեսել էինք, ու բավականին թանկ կլինի ծիրանը:

– Բավականին որքա՞ն:

– Անցյալ տարվա համեմատ 2-3 անգամ թանկ: Դա պայմանավորված է նրանով, որ դիզվառելիքը, պարարտանյութն ու թունաքիմիկատները թանկացել են, տեխնիկայի աշխատանքն էլ է թանկացել: 5000 դրամով ոչ մեկը դաշտում բանվորություն չի անում, հիմա 7-8 հազար դրամ են ուզում: Մեկ հեկտար հողի վարի համար, եթե վճարում էին 25 հազար դրամ, ապա այսօր՝ 35-40 հազար:

– Պարո՛ն Բերբերյան, իսկ այս տարի և՞ս արտահանման մասով խնդիրներ կլինեն, որովհետև գրեթե ամեն տարի սեզոնին մարդիկ այդ խնդրի առաջ են կանգնում:

– Կարծում եմ՝ կարտոֆիլի արտահանումն այս տարի էլ հաջող կլինի, որովհետև մեր միավորված ջանքերով մոտ 500 հեկտարով ավելացել են կարտոֆիլի ցանքատարածությունները, կարող ենք սոխ արտահանել, դե, խաղողին ու դեղձին էլ՝ դեռ սպասենք: Բայց ծիրանի այն քանակը, որ կարող էինք հանել, իհարկե այդ քանակը չունենք:

– Ինչքա՞ն էիք կանխատեսում, որ կարտահանվեր:

– 20-25 հազար տոննա ծիրան էինք կանխատեսում արտահանել, բայց պարզ չէ, թե որքան կունենանք ի վերջո:

Քրիստինե Աղաբեկյան