Չպետք է թողնել, որ գերիների հարցը դառնա բանակցվող «մանրադրամ», «զենք՝ կյանքերի դիմաց» հաշվարկը սխալ է. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, ԱՄՆ ազդեցիկ վերլուծական կենտրոններից Atlantic Council-ը հրապարակել է մի հոդված, որում Թրամփին առաջարկում է վերացնել Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումները՝ հայ գերիների ազատ արձակման դիմաց: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը, ու, ըստ ձեզ ինչպիսի՞ն է լինելու Թրամփի արձագանքը:

– Atlantic Council-ը խոշոր, լուրջ վերլուծական կենտրոն է ԱՄՆ-ում, ու նրանք հիմնականում մի շարք առաջարկներ են հնչեցրել, որոնք ժամանակին ԱՄՆ-ի ռազմավարական, քաղաքական դոկտրինի բաղադրիչ մաս են դարձել, այսինքն՝ չեն արհամարհել այդ կենտրոնի վերլուծաբանների առաջարկները: Բայց կոնկրետ դեպքում այս կենտրոնի վերլուծաբանները ոչ թե լուծում են առաջարկել, այլ՝ վերլուծական առաջարկ են ներկայացրել: Առաջարկում են Ադրբեջանին ազատ արձակել Ադրբեջանի քաղբանտարկյալներին ու որոշ հայ գերիների, այսինքն՝ համատեղության կարգով, սա կարևոր բան է, որի դիմաց Ադրբեջանը ստանալու է 1992-ին ընդունված 907-րդ բանաձևի չեղարկումը: 

Սա դասական գործարքի մոդել է, որը փորձում են դարձնել պաշտոնական, ընդ որում՝ նման առաջարկ ԱՄՆ-ն ժամանակին արել է, օրինակ՝ Բելառուսի հետ, ազատելով հարյուրավոր բանտարկյալների, նման սցենար եղել է: Շեշտեմ նորից, որ սա ընդամենը առաջարկ է, այլ ոչ թե վերլուծական կենտրոնի կողմից պաշտոնական առաջարկություն: 

Այստեղ պետք է հասկանալ, թե ո՛րն է նման առաջարկով հանդես գալու ԱՄՆ-ի շահը։ Գլոբալ եթե դիտարկենք, ապա ԱՄՆ-ն այս քայլով ուզում է ավելի ուժեղացնել ու իր դիրքն ավելացնել Հարավային Կովկասում, աշխատել Ադրբեջանի հետ՝ որպես էներգետիկ, ռազմավարական գործընկեր ու դրա փոխարեն ուզում է ստանալ մարդու իրավունքների «հաղթանակ», ընդ որում՝ քաղբանտարկյալների տեսքով: Հոդվածում էլ անկեղծ նշված է, որ սա կարող է ԱՄՆ-ի համար դառնալ քիչ ծախսատար, արտաքին քաղաքական հաղթանակ, իսկ Ադրբեջանի համար՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարակման հնարավորություն, ընդ որում՝ հայկական մասով մեկնաբանություն չեն տալիս: 

Ադրբեջանի համար էլ, վաղուց գիտենք, որ այս բանաձևի մերժման հասնելը շատ վաղուց նպատակ է, ու նրանց համար սա կդառնա դիվանագիտական հաղթանակ: Հայաստանին, եթե այդ գործարքն իսկապես իրականանա, այն ընդամենը տալու է հայ գերիների ազատ արձակում, բայց դա երաշխավորված չէ: 

Եթե ռիսկերի հաշվարկման տեսանկյունից նայենք այս ամենին, ապա գործարքի իրականացումից հետո Ադրբեջանն ավելի հեշտությամբ արդեն զենքեր ձեռք կբերի, կուժեղացնի ռազմական կարողությունները, ինչը կբերի ուժերի անհավասարության խորացման: Այսինքն՝ սա զուտ պրագմատիկ, բայց վտանգավոր գաղափար է: Սա ոչ թե լավ կամ վատ առաջարկ է, այլ քաղաքական գործարքի դասական օրինակ, երբ գերիները փոխանակվում են զենքի հետ, այսինքն՝ մարդասիրական հարցը դարձնում են բանակցության առարկա, ինչն անթույլատրելի է: 

– Որքանո՞վ է այս առաջարկի կիրարկումը իրատեսական:

– Միջինից ցածր հավանականություն եմ տեսնում, բայց ոչ՝ զրոյական, կախված է Թրամփի տրամադրությունից, որովհետև նրա մոտեցումը հաճախ գործարքային է ու ըստ պահի անհրաժեշտության: Բայց պետք է նկատի ունենալ, որ Կոնգրեսում այդուհանդերձ կա ուժեղ լոբբի, ու 907-րդ բանաձևի չեղարկումն այնքան էլ հեշտ չէ, դա մեկ անձի որոշմամբ պայմանավորված հարց չէ: 

Մյուս կողմից՝ Ադրբեջանի մոտեցման հարցն է, նա ի՛նչ արձագանք կտա: Բաքվի՝ համաձայնություն տալու հավանականությունը ես շատ քիչ եմ համարում, որովհետև նա գերիների թեման օգտագործում է իբրև քաղաքական լծակ, ու այս պահին նրանք էլ են հասկանում, որ այդ բանաձևի չեղարկումը խիստ անհավանական է, եթե անգամ ամբողջ գերիներին վերադարձնի: 

Հայկական կողմը, եթե այս առաջարկը հասունանա, լրջանա, նույն պահին պետք է ԱՄՆ Կոնգրեսի հետ աշխատի շեշտել, որ «զենք՝ կյանքերի դիմաց» հաշվարկը սխալ է, չպետք է թողնել, որ գերիների հարցը դառնա բանակցվող «մանրադրամ»: Հայկական կողմն այս հարցը պետք է առաջ տանի իբրև միջազգային իրավունքի պարտադիր պահանջ, այլ ոչ թե այլընտրանքային առաջարկի դիմաց հարցի լուծում: 

– Պարո՛ն Կարապետյան, իսկ ընտրությունների նախաշեմին գերիների որոշակի խմբի վերադարձ ակնկալել պե՞տք է: Հոդվածում ևս այս մասով կա անդրադարձ:

– Հակված եմ կարծելու, որ Բաքվին չհակազդելու այս վարքագծի պարագայում հնարավոր է որոշ գերիների վերադարձ, բայց շատ լավ հասկանում ենք, որ խոսքը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին չէ: Կրկին խոսելով այդ առաջարկի մասին՝ ասեմ, որ այն ավելի շատ ԱՄՆ շահերից բխող գործարք է, քան Հայաստանի շահերից բխող սցենար: 

Ներքին լսարանի համար սա իհարկե փաթեթավորվելու է գեղեցիկ բառերով՝ որպես կարևորագույն ձեռքբերում, եթե մի քանի գերի հետ բերեն: Եթե Հայաստանն այս հարցում պասիվ դրսևորում ունենա, ապա այն վտանգավոր է լինելու, արդեն ասացի թե ինչու: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am