Atlantic Council-ը Թրամփին առաջարկում է վերացնել Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումները՝ հայ գերիների ազատ արձակման դիմաց

ԱՄՆ ազդեցիկ վերլուծական կենտրոններից մեկում՝ Atlantic Council-ում հրապարակված հոդվածում առաջարկվում է, որ Թրամփի վարչակազմը Ադրբեջանի հետ գնա «մեծ գործարքի»՝ Բաքվին ամերիկյան ռազմական օգնության սահմանափակումները վերացնելու դիմաց պահանջելով քաղաքական բանտարկյալների և հայ գերիների ազատ արձակում։

Հոդվածի հեղինակներ Էնդրյու Դ’Անիերին և Մերսեդես Սապուպոն առաջարկում են վերացնել FREEDOM Support Act-ի 907-րդ բանաձևը, որը 1992 թվականից սահմանափակում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը։ Նրանց խոսքով՝ թեև ԱՄՆ նախագահները տարիներ շարունակ շրջանցել են այդ սահմանափակումը, Բաքվում այն շարունակում են ընկալել որպես Վաշինգտոնի հետ հարաբերություններում հիմնական խոչընդոտ։

Վերլուծաբանները նշում են, որ Բաքվում Նիկոլ Փաշինյանին դիտարկում են որպես Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնության հասնելու լավագույն հնարավորությունը։ Նրանց կարծիքով՝ մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները հայ գերիների մի մասի ազատ արձակումը կարող է թուլացնել Փաշինյանի ռուսամետ ընդդիմախոսների դիրքերը և աջակցել խաղաղության գործընթացին։

Հոդվածում նաև նշվում է, որ նման համաձայնությունը Վաշինգտոնի համար կարող է դառնալ «քիչ ծախսատար արտաքին քաղաքական հաղթանակ», իսկ Ադրբեջանի համար՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման հնարավորություն։