«Ժամանակն է, որ Տարոն Մարգարյանը խելքի գա և կարգի բերի կոնցլագերային դրությունը Երևանի քաղաքապետարանում». փորձագետներ

«Ժամանակն է, որ Տարոն Մարգարյանը խելքի գա և կարգի բերի կոնցլագերային դրությունը Երևանի քաղաքապետարանում». փորձագետներ
«Ժամանակն է, որ Տարոն Մարգարյանը խելքի գա և կարգի բերի կոնցլագերային դրությունը Երևանի քաղաքապետարանում». փորձագետներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից լրատվամիջոցների ու ավագանու ընդդիմադիր անդամների նկատմամբ սահմանված սահմանափակումները երկար չեն տևի, քանի որ Սերժ Սարգսյանը նրան հերթական անգամ կհասկացնի` սիրուն չէ, Տարոն ջան: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Ժամանակն է, որ Տարոն Մարգարյանը խելքի գա, կարդա մամուլի, տեղական ինքնակառավարման մասին օրենքները և վերջապես կարգի բերի կոնցլագերային դրությունը Երևանի քաղաքապետարանում»,- հավելեց Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպից ու այն բանից հետո, երբ ավագանու ՀՀԿ-ական անդամ տղամարդիկ բռնություն էին գործադրել «Երկիր ծիրանի» խմբակցության կանանց նկատմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր խստացնել քաղաքապետարան մուտք գործելու կարգը: Դրանից հետո քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը խոչընդոտել էր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և նրա հրավերով քաղաքապետարան գնացած լրագրողների աշխատանքը: Լրագրողներին արգելվել էր Փոստանջյանի հետ շրջայց կատարել քաղաքապետարանի շենքում: Ոստիկանների միջամտությամբ լրագրողները դուրս էին հանվել քաղաքապետարանի շենքից: Այնուհետև քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որի ժամանակ հանձնարարել էր Երևանի քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

Լրագրողների աշխատանքի նկատմամբ Երևանի քաղաքային իշխանությունների կողմից կիրառվող սահմանափակումները քննադատել են լրագրողական կազմակերպությունները՝ հանդես գալով դատապարտող հայտարարությամբ:
Լևոն Բարսեղյանն ասում է, որ քաղաքապետի այս հանձնարարություններն անսպասելի չէին:

«Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի օրը ես կասկած հայտնեցի, որ փորձելու են սահմանափակել լրագրողների ու ավագանու անցանկալի անդամների աշխատանքը: Սակայն Տարոն Մարգարյանն ու իր ենթակաները պարտավոր են գոնե հաշվի առնել գործող օրենսդրությունը, չէ՞ որ կա մամուլի մասին գործող օրենք, որի մեջ ամրագրված է լրագրողների հավատարմագրման կարգը, և չպետք է ձեռնարկվի որևէ կարգավորում, որը հանկարծ կսահմանափակի լրագրողների իրավունքները: Այլապես, եթե նման բան ընդունեն, մեկ-երկու նախադեպից հետո հնարավոր կլինի դատական կարգով վերացնել իրենց կարգավորումները»,- ասում է Լևոն Բարսեղյանը:

Նա Երևանի քաղաքապետին խորհուրդ է տալիս խորությամբ ուսումնասիրել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված թափանցիկության, հաշվետվողականության, հանրային մասնակցության իր՝ որպես քաղաքապետի պատականությունները և կատարել դրանք այնպես, ինչպես սահմանված է օրենքով:

Ընդհանրապես, ըստ Լևոն Բարսեղյանի, Երևանի քաղաքապետարանը հանրային հսկողության կարոտ կառույց է: Երևանցիների կողմից քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատանքի նկատմամբ զգալի անտարբերություն կա` համեմատած մարզային մի շարք համայնքների հետ: Այս դեֆիցիտը, ըստ Բարսեղյանի, պետք է վերացվի:

«Մինչև իշխանությանը չես անհանգստացնում, իշխանությունը չի անհանգստանում: Տարոն Մարգարյանն իր համար կոմֆորտային գոտի է ստեղծել, որի մեջ իրեն լավ է զգում: Իր ենթականերին էլ հրահանգում է՝ դեմն առեք: Այդ «դեմն առեք» արտահայտությունը, որն ինքն արեց միջադեպի օրը, հետագայում ավելի լայն իմաստ ստացավ, սկսեցին ավագանու ընդդիմադիր անդամների մեքենաները կայանատեղիներից հանել, լրագրողների դեմն առնել, ավագանու այդ անդամների սենյակն ապականել: Այսինքն՝ «դեմն առեք»-ը սերուցքն էր նրա ամբողջ մտածելակերպի, որն այդ օրը դուրս տվեց»,- ասաց նա:

Բարսեղյանի կարծիքով` վաղուց ժամանակն է, որ Երևանի ավագանու նիստերի անցկացման դահլիճը դառնա մարդավարի: Նիստերի ժամանակ, նրա խոսքով, ոմանք արտոնյալ են, ոմանք «նետված» են վերջին շարքեր: Բանը հասել է այնտեղ, որ ավագանու ընդդիմադիր անդամն ազատ տեղաշաժվելու իրավունք չունի այդ շենքում: Նրա խոսքով՝ այս այլանդակությունը պետք է վերացվի: Ընդհանրապես, նրա խոսքով՝ երևանցիները պետք է ազատ ելումուտ ունենան ավագանու նիստերին, ազատ հանդիպեն ավագանու անդամների հետ:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ կարծում է, որ Երևանի քաղաքապետը նման սահմանափակումներով փորձում է հանրության աչքից հեռու պահել իր ղեկավարած կառույցում տեղի ունեցող իրադարձությունները:
«Մեր և՛ պետական, և՛ տեղական ինքնակառավարման մարմիններում այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որոնք չեն կարող հասարակության կողմից դրական ընկալվել, և, բնականաբար, բացասաբար են ազդում այդ կառույցների վարկանիշի վրա: Որպեսզի այդ երևույթները հնարավորինս հասանելի չլինեն լրատվամիջոցների համար, չտարածվեն հասարակության շրջանում, տարբեր տեսակի սահմանափակումներ են դրվում այնտեղ լրագրողների ներկայության համար»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքով՝ ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպին հաջորդած բոլոր դեպքերը հենց դրա մասին են վկայում:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ այդ մարմինները չեն կարողանում նորմալ աշխատել, դա լուսաբանում են լրատվամիջոցները, և մեղավոր են դուրս գալիս լրագրողները: Դա այն դեպքում, երբ, ըստ նրա, լրագրողներն ընդամենը իրականությունն են ներկայացնում և բավական ադեկվատ ու լիարժեք լուսաբանում են այն, ինչ տեղի է ունենում:

«Երևանի քաղաքապետարանի շենք մուտք գործած լրագրողների նկատմամբ տեղի ունեցածն անթույլատրելի է: Նախ` եթե այդ վարչական շենքում կա լրագրողների գործունեությանը վերաբերող կարգ, ինչո՞ւ լրագրողներին չեն ծանոթացրել այդ կարգին: Եթե այդ կարգը չիմանալով՝ լրագրողներն այնպիսի բան են արել, որը կարգին հակասում է, ապա չիմացության համար ինչո՞ւ են իրենց պատժամիջոցների ենթարկվում ու կոպիտ կերպով վռնդում շենքից»,- հարցադրումներ է անում Բորիս Նավասարդյանը:

Նա հավելեց, որ այս գործելաոճն անընդունելի է լրատվամիջոցների ներկայացուցիչների և ոլորտի կազմակերպությունների համար: Եվ հետագա քայլերը կարվեն՝ ելնելով իրավիճակից:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am