«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գոտի, ծանոթացել իրավիճակին ու փլուզման հետևանքներին:
«Ուզում եմ ընդգծել ԱԻՆ-ի կատարած անձնուրաց ու առանց դադարի աշխատանքը, որը, որպես կառույց, լավ հասկանում է իր առաքելությունը և իրականացնում է անհրաժեշտն ու իր պարտականությունը։
Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր, և առիթ՝ մտածելու հրավառության՝ իբրև երևույթի մեր կենցաղում օգտագործելու նպատակահարմարության մասին։ Վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ հրագործական արտադրանքի ազատ օգտագործման արգելքը պիտի սահմանվի։
Կրկին ցավակցում եմ անմեղ զոհերի հարազատներին»,- գրել է նա։