Դիմել են ՀԱՊԿ-ին ու ասում են՝ մեր նկատմամբ ագրեսիա կա, եթե ագրեսիա կա, բա ինչո՞ւ չեք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. Տարոն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք՝ Հայաստանը պետք է ընդամենը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ասելով, որ ինքը ենթարկվել է հարձակման, իր նկատմամբ ուժ է կիրառվել, իր տարածքային ամբողջականությունը խախտվել է: Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք՝ ի՞նչ ընթացակարգեր են անհրաժեշտ այս գործընթացի համար:

– Ընդամենը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից թուղթ են ուղարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որ Հայաստանը ենթարկվել է հարձակման, ագրեսիայի, և ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասը խախտվել է: Դրանից հետո ՀԱՊԿ-ին ևս տեղյակ են պահում, որ մենք հարձակման ենք ենթարկվել, որովհետև ընթացակարգը դա է:

ՄԱԿ-ին պետք է տեղյակ պահես, որովհետև միջազգային իրավունքի կանոնադրությամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է երաշխավորված, որ այդ գործողությունը պետք է սկսի: Տարածաշրջանային կազմակերպություններն էլ կարող են աշխատել՝ որպես հակազդող մեխանիզմ, ինչը կարելի է աշխատեցնել:

Հիմա դիմել են ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին չեն դիմել ու ասում են՝ մեր նկատմամբ ագրեսիա կա, մեկն էլ կհարցնի, եթե ագրեսիա կա, բա ինչո՞ւ չեք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ընթացակարգը դա է:

Դիմումից հետո ՄԱԿ-ի արձագանքը սեղմ ժամկետներում կլինի՞, թե՞ էլի հատուկ ընթացակարգեր կան:

– Արձագանքը կարող է նաև արագ չլինել, բայց միայն դիմելու փաստը բավարար է, որ ի լուր ամբողջ աշխարհի հայտարարենք, որ մենք ագրեսիայի ենթարկված պետություն ենք և մեր տարածքային ամբողջականությունը խախտված է:

Դա կարևոր է, որ հետո հանկարծ մեկ այլ օր մի այլ պետության ներկայացուցիչ չասի, որ դուք չեք ենթարկվել ագրեսիայի, որովհետև այդ մասին չեք հայտարարել, ինչպես ասում են Արցախի պարագայում, թե դուք չեք ճանաչել Արցախի անկախությունը, հետևաբար մեզանից ի՞նչ եք ուզում:

Պարո՛ն Սիմոնյան, իսկ ինչո՞ւ իշխանությունը չի դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

– Սպասում են ՀԱՊԿ-ին կամ, գուցե, ինչ-որ մտավախություններ ունեն, իրենց պետք է հարցնեք:

Ձեզ ճի՞շտ հասկացա, որ ՀԱՊԿ-ին զուգահեռ պետք էր դիմել նաև ՄԱԿ-ին:

– Նույնիսկ ՀԱՊԿ-ից առաջ պետք է դիմեին, և՛ առաջ, և՛ զուգահեռ: Առաջինը պետք է միջազգայինը անես, հետո՝ տարածաշրջանայինը, եթե տարածաշրջանային դիմում ես, իսկ միջազգային՝ ոչ, մարդկանց մեջ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չես դիմում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am