Սեդրակյանների «հալալ քրտինքով» ձեռք բերված տներն ու հողերը․ Fip.am

Հեղինակ MediaLab

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 8-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առիթով։ 

Ըստ ՔԿ-ի՝ Սեդրակյանը, 1999-2008 թվականներին Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ» զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուր 12,035.5 քմ հողատարածքը օտարել է որդուն և եղբորը, որի արդյունքում նշված հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից:

Դեռևս այս տարվա մայիսին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Սեդրակյանը, անդրադառնալով «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունմանը, նշել էր, որ չունի որևէ մտահոգություն դրա հետ կապված։ «Չունեմ, ինչի՞ պիտի ունենամ, իմ տունը հալալ քրտինքով եմ սարքել, համեստ մի տուն, էդ լճի կողքը, որ, իբր, մի հսկա առանձնատուն էին նկարել-գցել․ դա չի իմ տունը, հետևում համեստ, մեկհարկանի տուն է»,- ասել էր նա։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել, թե պաշտոնապես ինչ անշարժ գույք ունի նախկին պատգամավորը։ Եվ քանի որ, ըստ իրավապահների, զբոսայգու տարածքը օտարվել էր Սեդրակյանի որդուն և եղբորը, նաև՝ վերջիններիս անունով գրանցված անշարժ գույքերը։

Սեդրակյանների անշարժ գույքը

Մհեր Սեդրակյանը մոտ երկու տասնամյակ զբաղեցրել է պետական պաշտոններ։ Ինչպես նշել ենք վերևում, 1999-2008 թվականներին նա եղել է Էրեբունու թաղապետը, իսկ 1995-1999 և 2012-2017 թվականներին՝ ԱԺ պատգամավոր։ Երկու անգամն էլ նա ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, բայց եթե առաջին անգամ (1995-ին) որպես անկուսակցական, ապա 2012-ին Սեդրակյանն արդեն ՀՀԿ անդամ էր։

Սեդրակյանը՝ որպես պատգամավոր, պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2017 թվականին ներկայացրել էր պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր, որում նշել էր մեկ բնակելի տուն, մեկ միավոր հողամաս և մեկ բնակարան։ Այժմ, ըստ կադաստրի կոմիտեի տրամադրած փաստաթղթերի, Մհեր Սեդրակյանի անունով է գրանցված միայն մեկ բնակարան և մեկ բնակելի տուն՝ Էրեբունիում։

Սեդրակյանի խոշոր սեփականատեր որդին

Սակայն հատկապես տպավորիչ է Մհեր Սեդրակյանի 37-ամյա որդու՝ Դավիթ Սեդրակյանի անունով գրանցված անշարժ գույքի ցանկը։ Նրան կարելի է խոշոր սեփականատեր համարել։ Դավիթը ևս զբաղեցրել է համայնքային պաշտոններ՝ 2006-2007 թթ. եղել է Էրեբունի համայնքի ղեկավարի, այսինքն՝ հոր խորհրդականը, իսկ 2007-2009 թթ.՝ Էրեբունու թաղապետի տեղակալ: 2013-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ՝ ՀՀԿ-ից, իսկ 2014-ի օգոստոսին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ և պաշտոնավարել է մինչ 2017 թ. փետրվարը։ 

Դավիթ Սեդրակյանը 2014-ին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում հայտարարագրել էր 13 միավոր անշարժ գույք, այդ թվում՝ 9 հողամաս, 3 հասարակական շինություն և 1 արտադրական շինություն։ Երեք տարի անց՝ 2017 թվականին ներկայացված պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում Սեդրակյանի անշարժ գույքի ցանկը շեշտակի ավելացել էր, նա հայտարարագրել էր 20 միավոր անշարժ գույք։ Այդ թվում՝ 12 միավոր հողամաս, 3 հասարակական շինություն, 2 արտադրական շինություն և 3 բնակարան։ Այսինքն, իր պաշտոնը զբաղեցնելու երեք տարիներին Դավիթ Սեդրակյանը հասցրել է իր ունեցվածքին ավելացնել 3 հողամաս, 1 արտադրական շինություն և 3 բնակարան։

Այժմ, ըստ Կադաստրի կոմիտեի, նրան է պատկանում 12 առանձնատուն կամ շինություն, որից 10-ը՝ Էրեբունիում, 1-ը՝ Շենգավիթում և 1-ը՝ Զովունի գյուղում։ Էրեբունիում Սեդրակյանն ունի և

Եկմալյան փողոց 1/1 շենքը

ս մեկ հողամաս՝ կառուցապատման իրավունքով։ Երևանի կենտրոնում՝ Եկմալյան փողոցի 1/1 նորակառույց շենքում, Դավիթ Սեդրակյանի անունով է գրանցված 3 բնակարան, 7 ավտոկայանատեղի, 5 խորդանոց և 1 տարածք։ 

Մհեր Սեդրակյանի որդուն է պատկանում նաև Ծաղկաձորում գտնվող վարչական մեկ շենք, որը, ըստ «Հետքի», նա դեռ 2013-ին նվեր է ստացել ոմն Էդգար Կառլենի Նահապետյանից։

Այն նախկինում եղել է Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող «Ակադեմիա» պիոներական ճամբարը, իսկ 2005 թվականին, բաժանման հատակագծի հիման վրա, գրանցվել է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե իրավաբանական անհատույց միության» անվամբ:

Այն այժմ գործում է որպես «Թեղենիս» հանգստյան գոտի և բաղկացած է 25 քոթեջներից։ 

«Թեղենիս» հանգստյան գոտին (նկարը՝ ֆեյսբուքյան էջից)

Մհեր Սեդրակյանի կնոջ՝ Շուշանիկ Աֆյանի անունով գրանցված է Երևանի կենտրոնում՝ նույն Եկմալյան 1/1 հասցեում, երեք բնակարանի հասցեով մեկ անշարժ գույք։ Սեդրակյանների ավագ դստեր՝ Աստղիկ Սեդրակյանի անվամբ որևէ անշարժ գույք որպես սեփականություն գրանցված չէ։ Կրտսեր աղջկա՝ Էլինա Սեդրակյանի անունով գրանցված է մեկ բնակարան Կենտրոնում, մեկ շենքում երեք բնակարան Էրեբունիում և նույն համայնքում մեկ միավոր հողամաս։ 

Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքերի գտնվելու վայրերը՝

https://www.google.com/maps/d/embed?mid=1tp-aMhySxAwMwPY9hMYlMn1iAM2f2-aK&hl=en

Մհեր Սեդրակյանի եղբոր անշարժ գույքը

Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանի եղբորը՝ Վարդան Սեդրակյանին, ապա վերջինս և ընտանիքը ևս ունեն զգալի չափով անշարժ գույք։

Ըստ կադաստրի կոմիտեի տրամադրած տվյալների՝ Սեդրակյանի եղբորն են պատկանում 4 անշարժ գույք (բնակելի տներ և շինություններ) Էրեբունիում, բնակարան և ավտոկայանատեղի Արաբկիրում, ինչպես նաև գյուղատնտեսական հողամաս Ջրվեժ գյուղում։ 

Էրեբունիում Սեդրակյանին պատկանող անշարժ գույքերից մեկը Սասունցի Դավթի փողոց 87 հասցեում տեղակայված «Արգիշտի լիճ» սրճարան-ռեստորանն է։ Այն գտնվում է «Վարդավառ» լճի ափին և կառուցվել է 2005-ին, երբ Մհեր Սեդրակյանն Էրեբունու թաղապետն էր։

Իսկ հսկա առանձնատունը, որի մասին իր խոսքում հիշատակում էր Մհեր Սեդրակյանը, իսկապես իր անունով գրանցված չէ, սակայն, այնուամենայնիվ, պատկանում է իր ընտանիքին։ Շքեղ առանձնատունը գրանցված է եղբոր կնոջ՝ Հրանուշ Սեդրակյանի անունով։ Այն գտնվում է Խորենացու 231/47 հասցեում։ Տան վրա կա արձանագրություն, ըստ որի՝ այն կառուցել է Վարդան Սեդրակյանը՝ 2001-ին։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր և Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը ու նրա որդին, մեծամասամբ զբաղեցնելով պետական ու համայնքային պաշտոններ, դարձել են հսկայական քանակի անշարժ գույքի սեփականատեր։ 

Դրա մեջ հատուկ տեղ ունի նախկինում համայնքապատկան «Վարդավառ» այգու տարածքը, որը 2000-ականներին փաստացի դարձել է Սեդրակյանների մասնավոր սեփականությունը։ 2000-2005 թվականներին նրանք լճի մի կողմում կառուցել են ընտանեկան առանձնատուն, իսկ մյուսում՝ ռեստորան։ Սա նաև հստակ երևում է Google Earth-ի արբանյակային լուսանկարներում։ 

Նելլի Լազարյան

Հովհաննես Նազարեթյան

Fip.am