Հայաստանում կորոնավիրուսից օրական արձանագրվում է մահվան բավական բարձր ցուցանիշ, որն այժմ 2% է. Ռոմելլա Աբովյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը 

Տիկի՛ն Աբովյան, քովիդով վարակվածության նոր դեպքերի ցուցանիշները վերջին օրերին նվազման միտում են դրսևորում, ինչո՞վ է սա բացատրվում:

– Իրավիճակը, մեր գնահատմամբ՝ շարունակում է լարված մնալ, չնայած նկատվում է դեպքերի նվազում, բայց նախորդ տասնչորս օրվա համեմատ դեռևս ունենք դեպքերի աճ, եթե սովորաբար նշել ենք 500-400% աճ՝ այս պահի դրությամբ 64%-ով են դեպքերն աճել, եթե վերջին 14 օրվա դեպքերը համեմատենք նախորդ 14 օրվա հետ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը, 14 օրվա հաշվարկով, 1-ից ցածր է՝ 0,6, բայց դեռևս մուգ կարմիր գոտում ենք:

Այս ցուցանիշները մի փոքր հարաբերական կարելի է դիտարկել, որովհետև մարդիկ հիմնականում չեն թեստավորվում, այսինքն՝ եթե տանը ունեն մեկ դրական դեպք, ապա մյուսները, ախտանշաններ ունենալու դեպքում, չեն թեստավորվում, հետևաբար մենք չունենք ամբողջական պատկեր ու չենք կարող ասել, թե նոր դեպքերի նվազման միտում կա:

Իսկ մահվան դեպքերի ավելացումն ինչո՞վ է պայմանավորված:

– Ինչպես միշտ նշել ենք, հիվանդացության ցուցանիշի աճից երկու շաբաթ անց մահվան դեպքերի աճ է գրանցվում, և մենք հիմա այդ փուլում ենք ու դրա համար ունենք օրական արձանագրվող մահվան բավական բարձր ցուցանիշ, որն այժմ 2% է:

Տիկի՛ն Աբովյան, իսկ հիվանդանոցների ծանրաբեռնվածության մասով ի՞նչ պատկեր է, բուժանձնակազմը հասցնո՞ւմ է:

– Հասցնում են: Հիվանդանոցներում աշխատանքը ծանրաբեռնված է, ելնելով իրավիճակի գնահատումից՝ անհրաժեշտության դեպքում նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում, համակարգը դեռևս կարողանում է դիմակայել:

Բայց հորդորում եմ՝ ախտանշաններ ունենալու առաջին իսկ օրերից դիմեն առաջնային պահպանման օղակներ ու չթողնեն հիվանդությունը բարձիթողի վիճակի հասնի, որովհետև հիմնականում այդ ծանր դեպքերը պայմանավորված են նրանով, որ շատ դեպքերում մարդիկ ուշադրություն չեն դարձնում առողջությանը և տարատեսակ ինքնաբուժման կամ չբուժվելու հետևանքով հիվանդությունը ծանրանում է, ու, բնականաբար, ունենում ենք բավականին ծանր դեպքեր:

Մահճակալային ֆոնդի խնդիր կա՞, թե՞ այն դեռ բավարարում է հիվանդներին:

– Այս պահին նման խնդիր չունենք, իհարկե, նորից եմ նշում՝ հիվանդանոցները ծանրաբեռնված են աշխատում, բայց որպես այդպիսին՝ ինչ-որ հերթագրումներ և այլն չունենք:

Տիկի՛ն Աբովյան, կարո՞ղ ենք ասել, որ օմիկրոնի փուլը Հայաստանում նվազման միտում է դրսևորում:

– Ո՛չ, դեռ վաղ է նման բան ասել, մենք դեռ գտնվում ենք ակտիվ փուլում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am