Այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է վերցնել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) կառավարումը։ Ըստ վարչապետի, առաջին հերթին պետությունը պետք է իրականացնի ուսումնասիրություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել ընկերության գործունեության ընթացքում։

«Մեր խնդիրն է, որ պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և նախ իրականացնի ուսումնասիրություն, թե ինչ է տեղի ունենում, ինչ է տեղի ունեցել այնտեղ»,- ասուլիսի ընթացքում նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՀԷՑ-ի վերաբերյալ դժգոհություններն ու ահազանգերը շարունակաբար հնչել են, հատկապես մարզային այցերի ժամանակ քաղաքացիների կողմից։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունն այժմ սահմանել է հստակ նպատակադրում՝
«Մենք այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց ամենևին չենք ասել, որ պետականացման կամ գնման այդ գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը ՀԷՑ-ի»։

Փաշինյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է գտնել արդյունավետ կառավարիչ և ստեղծել հստակ պետական և հանրային վերահսկողության մեխանիզմներ։