«Գերմանիայում շատ քիչ մարդկանց կարելի է տեսնել պանիկայի մեջ, հարգանքի է արժանի նրանց կարգապահությունը». Լուսինե Կարապետյանը՝ Ֆրանկֆուրտից

Թեպետ Գերմանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդների մահացության թիվը, ի տարբերություն, օրինակ՝ եվրոպական այլ երկրների՝ Իտալիայի կամ Ֆրանսիայի, ավելի փոքր է, բայց կառավարությունը ևս կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը անկառավարելի է համարում, այն ամեն վայրկյան կարող է փոփոխվել։ 

«Գերմանական բժշկության մեջ ես շատ գովելի եմ համարում այն, որ շատ մեծ առաջադրանք է դրված համալսարանական կլինիկաների վրա, նրանք փորձում են տարբեր բուժման մեթոդներ առաջարկել, փոխանակում են իրենց կարծիքները, բուժման սխեմաները, և փոխադարձ վստահության մթնոլորտ կա»,- ասում է Լուսինե Կարապետյանը, որն ապրում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում՝ աշխատելով Նորդվեստ կլինիկայում որպես գինեկոլոգ։

Բժշկուհին նշում է, որ Գերմանիայում, այլ եվրոպական երկրների համեմատությամբ, մահացության թիվը փոքր է, քանի որ նախ՝ Գերմանիան հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով սահմանափակումներն ավելի վաղ կիրառեց, ինչպես նաև կատարվում են լայնածավալ թեստավորումներ՝ հիվանդների հայտնաբերման նպատակով։

«Բացի այդ, մեդիաներով հայտնեցին, որ իրականում Գերմանիան գտնվում է պանդեմիայի սկզբում, ոչ թե, օրինակ՝ Իտալիայի կամ Նյու Յորքի պես։ Գերմանիան, ինչ-ինչ, ավելի շուտ արձագանքեց այս պանդեմիային և ավելի արագ՝ մեկ շաբաթ ավելի շուտ։ Կառավարությունը նշում է, որ Գերմանիայի շնչառական ապարատների հագեցվածությունը բավարար է, բացի այդ, նաև պատվիրում են, որքանով ես տեղյակ եմ, Գերմանիան ինքն էլ է արտադրում շնչառական ապարատներ»։

Լուսինեն ասում է, որ Գերմանիայում գործող Ռոբերտ Կոխ գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ աշխատում են խոշոր մասնագետներ, վիրուսաբաններ, իրենք են ավելի շատ ցուցումներ տալիս, քան կառավարությունը. «Անգամ Գերմանիայում կատակում են, որ հիմա պետությունը ղեկավարում են վիրուսաբանները, իրենք ըստ համաճարակաբանական տվյալների՝ ցուցումներ են տալիս, թե որ միջոցառումն է պետք անել, իրենք ամեն պահի ասում են, որ դա վերջնական չէ, ամեն րոպե կարող է փոխվել որոշումը»։

Լուսինեն պատմում է, որ կառավարության առաջին քայլերից է եղել արգելել բոլոր այցելությունները ծերանոցներ, հիվանդանոցներ։ «Հիվանդանոցներում ոչ պլանային վիրահատություններ չեն արվում, արվում են միայն օնկոլոգիական և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիրահատությունները»,- նշում է նա։ 

Ասում է, որ կորոնավիրուսով բոլոր կասկածվողների համար կա հիվանդանոցի առանձին մուտք, նրանց սպասարկումը կատարվում է լրիվ այլ ճանապարհով. «Սակայն այստեղ էլ, ամեն դեպքում, անհնար է տարանջատել ՝ կորոնավիրուսով վարակվա՞ծ է, թե՞ ոչ, որովհետև ցանկացած մարդ պոտենցիալ վարակակիր է»։

Նա նշում է, որ հիվանդանոցներում ինտենսիվ թերապիայի բժիշկներին օգնության են գալիս վիրաբույժները, տրավմատոլոգները, այլ մասնագետներ։ «Ժամանակի ընթացքում, բնականաբար, բժիշկներն էլ են վարակվում, ու նրանց համար էլ է լինելու կարանտին, մասնագետները փոխվում են, որ լրացնեն»,- նշում է նա։

Լուսինեն ասում է, որ բազմաթիվ հիվանդներ Իտալիայից տեղափոխվում են Գերմանիայի հիվանդանոցներ, Ֆրանսիայի սահմանին մոտ գտնվողներին նույնպես տեղափոխում են Գերմանիայի հիվանդանոցներ, քանի որ հիվանդանոցներն այստեղ այս պահին գերծանրաբեռնված չեն։

Գերմանիայում նույնպես կորոնավիրուսից պաշտպանվելու համար ցուցում է տրվում՝ լվանալ ձեռքերը, հեռավորություն պահպանել միմյանցից. «Վերջերս խստացում էր արվել խանութներում, վաճառքի կարելի է մտնել միայն սայլակներով, քանի որ կարծում են, որ սայլակներով ավելի հեշտ է հեռավորություն պահպանելը, դրա համար ընդունված է սայլակներով մտնել, ոչ թե զամբյուղներով»,- պատմում է նա։

Լուսինեն ընդգծում է, որ մարդիկ, ամեն դեպքում, խուճապի չեն մատնված. «Մարդիկ շատ հանգիստ են։ Գերմանացիներն այդ երևույթին հանգիստ են վերաբերվում, շատ քիչ մարդկանց կարելի է տեսնել պանիկայի մեջ, հարգանքի է արժանի նրանց կարգապահությունը, բոլորը շարժվում են մի մարդու պես, եթե ասված է, որ պետք է հեռավորություն պահել, բոլորը պահպանում են, ու ոչ մեկի մտքով չի անցնում, որ այդ կանոնը կարելի է խախտել»,- մանրամասնում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am