«Մեր շարժումը ընդդեմ բռնության է, ընտրությունների օրվա կոպտությունը վերջին կաթիլն էր»․ Ալյոնա Պացկայան՝ Բելառուսում ընթացող ցույցերի մասին

«Մարդիկ արձագանքեցին պետական ​​ագրեսիային, որը հանդուգն ծայրահեղության էր հասնում: Մեր շարժումն ընդդեմ բռնության է: Իրենք առաջացրեցին այդ ալիքը․ ընտրությունները կեղծվեցին, ընտրություներից մեկ օր առաջ ձերբակալեցին մարդկանց, ընտրությունների օրվա կոպտությունը վերջին կաթիլն էր»,- ասում է Բելառուսում բնակվող՝ նախագահի ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերի մասնակից 40-ամյա Ալյոնա Պացկայան։

Բելառուսում հետընտրական ցույցերը շարունակվում են թեժ լինել, երկրում համընդհանուր գործադուլ է։ Զանգվածային բողոքներն ուղղված են ընդդեմ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականության, որը երկիրը ղեկավարում է շուրջ 26 տարի: 

Ալյոնա Պացկայան «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ երկրում իրավիճակը շատ արագ է փոխվում․ «Հազարավոր մարդիկ փողոցում են, իրենց իրավունքների համար են պայքարում։ Գործադուլներ, դրոշներ՝ մեզ մոտ այդպիսի բան նախկինում չի եղել։ Սա առաջընթաց է։ Լուկաշենկոն այսօր եկավ գործարաններ՝ փորձելով համոզել աշխատողներին գործադուլ չանել։ Սակայն մենք այլ ելք չունենք, պետք է միայն առաջ շարժվենք»։

Такі розны Мінск сёння на прашпэктах.16.08.2020

Posted by Alena Paŭłoŭskaja on Sunday, August 16, 2020


Պացկայան նշում է, որ բողոքի ակցիայի նպատակը ընդդեմ բռնության է, որ նոր ընտրություններ անցկացվեն, ազատվեն ձերբակալվածները և բանակցություններ լինեն ցուցարարների հետ։ Թեպետ նշում է, որ ինքն անձամբ չի ցանկանա բանակցել այն իշխանության հետ, որ սպանեց խաղաղ բնակիչների։ 

«Ահա այն, ինչ մենք պահանջում ենք՝ ազատություն ձերբակալվածներին, նոր ընտրություններ և բանակցություններ ցուցարարների հետ։ Սակայն ես չեմ ուզում բանակցել այն իշխանությունների հետ, որոնք սպանեցին իրենց խաղաղ բնակիչներին»,- նշում է նա։

Ասում է, որպեսզի հասկանալի լինի՝ ինչ է կատարվում Բելառուսում, պետք է տեղեկություն ստանալ Տելեգրամից, ոչ թե պետական ​​լրատվամիջոցներից։

«Մեզ մոտ նորմալ մարդիկ չեն կարդում պետական մամուլ։ Բայց տարեցները գյուղերում, որտեղ ինտերնետ չկա, պատրաստ են հավատալ պետական ​​լրատվամիջոցներին։ Այդ պատճառով մարդիկ այժմ կանգնած են բելառուսական հեռուստատեսության առջև, ես գնացի այնտեղ։ Առաջին օրը չէ, որ մարդիկ հեռուստատեսության դիմաց են, այնտեղ էլ են փորձում գործադուլ անել»,- նշում է նա։

Ասում է, որ այն, ինչ կատարվում է Բելառուսում, հեղափոխություն անվանելն իր սրտով չէ, դա պայքար է բռնության դեմ։

«Հեղափոխություն» բառն էլ իմ սրտով չէ։ Երբ իմ քրոջը հատուկ նշանակության ջոկատից 10 հոգով ձերբակալեցին, հարցնում էին՝ հեղափոխականնե՞ր եք, վաճառվե՞լ եք, դրա համար չեմ սիրում, երբ ասում են՝ հեղափոխություն եք անում։ Մարդիկ այստեղ են իրենց իրավունքների համար»,- ընդգծում է նա։

Ասում է, որ լինելով Բելառուսի բնակիչ, չէր կարող անտարբեր մնալ երկրում տիրող իրավիճակի հանդեպ, որոշել է մասնակցել ցույցերին և ժողովրդի կողքին լինել։

«Մենք բոլորս այս ակցիաների մասնակիցն ենք։ Կարևոր է, որ մարզերը ևս դուրս գան: Այս ամենին չմասնակցելը նշանակում է ուղղակի տանը նստել, ես այդպես չեմ անում։ Ես գնում եմ ծաղիկներով, ժապավեններով։ Ցույցի մասնակիցները բոլորը քաղաքավարի են։ Մենք այստեղ ունենք ազատության տոն»,- ընդգծում է նա։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Բելառուսում ցույցերի առաջին երեք գիշերների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 6000 մարդ, զոհվել է 2 ցուցարար, կան հարյուրավոր վիրավորներ: Ըստ Լրագրողների ասոցիացիայի վարչության փոխնախագահ Բորիս Գորեցկու՝ ավելի քան 20 լրագրող է բերման ենթարկվել վերջին օրերին, մի քանիսն արդեն դատապարտվել են 10-15 օրվա ազատազրկման:

Արփինե Արզումանյան

MediaLab.am