Էրոտիկ ցնցումներ. սեքսն «աշխատում» է հայկական լրատվամիջոցներում

Էրոտիկ ցնցումներ. սեքսն «աշխատում» է հայկական լրատվամիջոցներում
Էրոտիկ ցնցումներ. սեքսն «աշխատում» է հայկական լրատվամիջոցներում

Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչպես է  գերմանուհին փորձել կրծքով սպանել իր սիրելիին, ինչպես է Զիմբաբվեում սեքսի ժամանակ մահացած մարմնավաճառուհին վերակենդանացել թաղման ժամանակ, ինչպես կարելի է կանանց էքստազի հասցնել քթի միջոցով,  կամ թե ինչպես է տղամարդն առանց առնանդամի քնել հարյուրավոր կանանց հետ եւ ավելին կարող եք իմանալ հայկական օնլայն լրատվամիջոցների «յուրահատուկ» լրահոսից:

Էրոտիկ կամ սեքսի տեսարաններով, հաճախ լիովին անհամապատասխան հոդվածի հետ, «ցնցող» ու գռեհիկ վերնագրերով, վերջին տարիներին սնկի պես աճող օնլայն լրատվամիջոցները, որոնք սեփական լրատվություն չունեն, նման կերպ փորձում են մեծ լսարան ապահովել:

Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում այսօր սեռական կյանքի մանրամասների մասին պատմող նյութերի պակաս չկա: Դրանք աշխատում են, այսպես կոչված, ընթերցող «որսալու» մրցավազքում:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ Հայաստանում ինտերնետային գովազդի արդյունավետությունը նոր-նոր են հասկացել և հիմնականում «դեղին» լրատվական կայքերն այն օգտագործում են իրենց թրաֆիքը բարձրացնելու համար՝ առանձնապես չմտածելով կայքի որակի մասին:

«Լրատվականներ կան, որոնք, օրինակ, քաղաքական-վերլուծական նյութերից զատ ժամը մեկ զուտ թրաֆիք ապահովելու նպատակով ինչ-որ բան են հրապարակում, օրինակ` այս կամ այն աստղի էրոտիկ լուսանկարները: Նրանք անգամ չեն բարեհաճում տեքստ գրել, կարևորը վերնագիրն է»,- «Մեդիալաբին» ասում է Մարտիրոսյանը:

Նա հայկական լրատվադաշտը համակած այս խնդիրը միայն արտադրողինը չի համարում և կարևորում է նաև սպառողի դերը, ով հենց ինքը պետք է որակյալ բովանդակության հետևից գնա:

Մասնագետը նշում է, որ այսօր Հայաստանում բացակայում են վիճակագրական ճշգրիտ հաշվարկները այս կամ այն կայքի այցելուների տարիքային և սեռական կազմի մասին: Օրինակ` չի բացառվում, որ այս կամ այն կայքի այցելուները արգելված թեմաների հետևից գնացող դեռահասներն են: Նրա խոսքով` սա միայն ենթադրություն է, որը սակայն բացառող որևէ փաստ գոյություն չունի:

Հայաստանում «Ֆեյսբուքի» օգտատերերի թիվը միլիոնից ավելի է, նրանցից 40 հազարը, Մարտիրոսյանի խոսքով, ակտիվ օգտատերեր են: Այս մեծ լսարանի մի հատվածին էլեկտրոնային լրատվամիջոցները հենց սեքսի մասին պատմող նյութերի գովազդով են գրավում:

«Գուգլ» որոնողական համակարգում, ի թիվս այլ փնտրվող բառերի, «պոռնո» բառը Հայաստանում առաջին տեղն է զբաղեցնում այլ երկրների համեմատությամբ, ընդ որում` սխալ գրությամբ` porn-ի փոխարեն porno:

«Սա, իհարկե, չի նշանակում, որ հայերն ամենապոռնոմոլն են: Օրինակ`ԱՄՆ-ի լսարանը կոնկրետ պոռնոաստղերի անուններ կամ ֆիլմեր է փնտրում»,- նշում է Մարտիրոսյանն ու հավելում, թե քանի որ մենք չունենք սեփական պոռնոարտադրություն, հայերն այդ վերացական գրությամբ են ինչ-որ բան փնտրում:

Ըստ Մարտիրոսյանի` պոռնովիդեո փնտրողների մեջ առաջինը Վրաստանն է, այնպես որ, Հայաստանը միակը չէ: Տեղեկատվական անվտանգության մասնագետը նաև մշակութաբանական առանձնահատկություններով է բացատրում նման նյութերով հետաքրքրվածությունը:

«Իրականում Հայաստանում սեռական խնդիրները ամեն կերպ լուծում են, բայց պարտիզանական մեթոդներով, քանի որ հասարակությունը մերժում է սեռական ազատությունը: Բնականաբար, այդ ամենն անցնում է նաև համացանց»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանում դեռ չի ձևավորվել լոյալ ընթերցողի զանգվածը: Ընթերցողն այսօր բոլոր լուրերին ծանոթանում է «Ֆեյսբուքի» միջոցով և մեծ հաշվով չունի նախընտրելի կայք: Այդ պատճառով է, որ կայքերն իրենց հեղինակության մասին առանձնապես չեն մտածում: Նա խնդիրը բացատրում է նաև հայերեն որոնողական համակարգի բացակայությամբ, ինչը լրատվական դաշտում մարդկանց պասիվության է հանգեցնում:

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասում է, որ կայքերը հեղեղած նյութերի 95 տոկոսը սիրողական բնույթի է՝ առանց որևէ մասնագիտական գրաքննություն անցնելու: Ընտրվում է հեշտ եղանակը՝ թարգմանությունը: 

«Այս դեպքում գործ ունենք սեռական թեմաների վրա գերբեռնված ուշադրության հետ, ինչի հետևանքով հասարակությունը զինվում է ապատեղեկատվությամբ: Շատ ԶԼՄ-ներ պարզապես ընտրում են հեշտ եղանակը՝ թարգմանությունը, առանց պարզելու` տվյալ ինֆորմացիան ճի՞շտ է, թե՞ ոչ, և գռեհիկ վերնագրերով տարածում են: Հաճախ մի կայքը մյուսից է վերցնում, փոխում վերնագիրը, և ի հետևանս` ունենք սեռական թեմաների այս շրջապտույտը»,- «Մեդիալաբին» ասում է մասնագետը:

Շահրամանյանի խոսքով` սեռական կյանքի և սեռական առողջության մասին ոչ մասնագիտական և շատ դեպքում ոչ ճիշտ տեղեկությունները նախևառաջ խնդիրներ են ստեղծում դեռահասների ու պատանիների համար: Սեքսոպաթոլոգին ոչ միայն դեռահասներ, այլև զույգեր են դիմում այս կամ այն կայքում ընթերցած նյութից իրենց մոտ առաջացած հարցերով: Օրինակ`սեռական հարաբերությունների հաճախականության մասին, հետո ամուսինների միջև առաջանում են տարաձայնություններ:

Սեքսոպաթոլոգի խոսքով` ինֆորմացիան պետք է զտված լինի, քանի որ «պատանին կարող է ինտերնետում տեսնել այն, ինչ չպետք է տեսնի՝ ելնելով իր տարիքային առանձնահատկություններից: Այդ ինֆորմացիայի կույտը կարող է պատճառ լինել վաղ մարմնական և հոգեսեռական զարգացման, որը բացասական հետևանքներ կունենա»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Մասնագետի հորդորն այս դեպքում մեկն է՝ կայքերում սեռական կյանքի մասին նյութեր հանդիպելիս նախ պետք է տեսնել` այն հեղինակ ունի՞, թե՞ ոչ: Հեղինակի բացակայության դեպքում Շահրամանյանը խորհուրդ է տալիս նյութը չկարդալ կամ գոնե ստուգել` արդյոք մասնագետի հետ տվյալ թեմայով զրուցե՞լ են: Ինչ վերաբերում է «Գուգլ» որոնողական համակարգի վիճակագրությանը և դրա պատճառներին` Շահրամանյանն ասում է, որ եթե այն համապատասխանում է իրականությանը, պատճառը սեռական թեմաների փակ լինելն է: «Այսօր դպրոցում և տանը այդ թեմաները փակ են և բացառման սկզբունքով, ինֆորմացիայի միակ աղբյուրը համացանցն է: Դեռահասն իրեն հուզող հարցերի պատասխանն այստեղ է ստանում»,- նշում է նա:

Սեքսոպաթոլոգն ասում է, որ հուզող հարցերի պատասխանները դպրոցական ծրագրում ներառված սեռական դաստիարակության ժամերը չեն տալիս, որովհետև որպես այդպիսին, դրան չեն անդրադառնում:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նկատում է՝ տղամարդու ուղեղի երեք քառորդը սեքսի մասին է մտածում, ուստի համացանցում ևս նրա ուշադրությունը նման նյութերն են գրավում: Սոցիոլոգն ասում է, որ, օրինակ` խաչբառերի կողքին, որպես կանոն, դրվում է գեղեցիկ կիսամերկ կնոջ լուսանկար, որն ավելի գրավիչ է: Նույն սկզբունքով, ըստ նրա, տնտեսական ու քաղաքական լրահոսի մեջ նման նյութեր են հրապարակվում: Բայց, այս ամենով հանդերձ, Ադիբեկյանի խոսքով, մենք դարձել ենք մի քիչ եվրոպացի, բայց էլի մնում ենք հայ:

«Երբ Եվրոպայում սեքսուալ հեղափոխություն եղավ, այն համակեց անգամ պահպանողական ԱՄՆ-ը, բայց Հայաստանը շարունակում է այդ ճանապարհին գտնվել»,- նշում է նա: 

Էմմա Քալաշյան

«Մեդիալաբի» արխիվային նյութերից (2014)

© Medialab.am