«Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ ՏարոնՀովհաննիսյանը Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը մյուս հանդիպումներից առանձնացնում է դրա երկար տևողությամբ: Կարծում է՝ այդ հանդիպումներով հակամարտության վերջնական կարգավորման հնարավոր չէ հասնել, քննարկումը միջավայրի ստեղծման շուրջ էր, սակայն դրանք կասեցնում են էսկալացիան:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «հանդիպումը տևեց երկու օր, բավականին վաղուց մենք նման հանդիպում չէինք տեսել: Քննարկումները չեն եղել հարցի բուն կարգավորման շուրջ, քննարկումները կամ բանակցությունները եղել են միջավայրի ստեղծման շուրջ:
Մենք չենք կարող հիմա որևէ քաղաքական փաստաթուղթ ստորագրել և լուծել այս հակամարտությունը, որովհետև դա կանգնած հակամարտություն չէ ինչ-որ տարածքների շուրջ, դա հակամարտություն է մարդկանց և մարդկանց անվտանգության շուրջ: Չի կարելի սպասել, թե արտգործնախարարները գնալու են Ժնևում կամ որևէ այլ տեղում ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, որը հարցը կկարգավորի, և մենք վաղն այլևս այդ խնդիրը չենք ունենա:
Այլ հարց է, որ այդ բանակցությունները լուծում են հիմնականում մեկ խնդիր. կասեցնում են էսկալացիան և վերացնում նախորդ էսկալացիաների հետևանքները՝ որքանով հնարավոր է»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ այս պահին բանակցությունները բուն խնդիրը չեն կարող լուծել, քանի որ դա միայն մեզնից կախված չէ:
Հովհաննիսյանը նկատեց՝ հանդիպման արդյունքում տարածած հայտարարությունը շատ լայն չէր, նշվում էր, որ քննարկվել են հիմնականում այն սկզբունքները և տարրերը, որոնք պետք է ընկնեն ապագա կարգավորման հիմքում:
«Այն ուներ մեկ շատ հետաքրքիր կետ, որ պետք է ապահովվի գործընթացի կոնֆիդենցիալությունը: Դա համանախագահների կոչն է, որին, ըստ էության, համաձայնել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Իմ կարծիքով, այդ կոնֆիդենցիալությունը վերաբերում է դեռևս չհամաձայնեցված կետերին, որոնք քննարկվում են բանակցությունների գործընթացում»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա հիշեց, որ դեռևս 2019-ի դեկտեմբերի 5-ի Բրատիսլավայի հանդիպումից հետո անմիջապես ականատես եղանք Ադրբեջանին բնորոշ պահվածքի. Ադրբեջանի արտգործնախարարը տվեց գրեթե 1-ժամանոց հարցազրույց, դեռևս հանդիպման արդյունքում հայտարարությունը չտարածվելուց առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տեղեկատվության տարածում, այդ թվում 2020-ի սկզբին պլանավորված հանդիպման վերաբերյալ:
«Մամեդյարովի հայտարարությունում միանշանակ կային կետեր, որոնք ամենայն հավանականությամբ քննարկել են բանակցության ընթացքում, սակայն դրանք դեռևս աշխատանքային կետեր են, այսինքն՝ դրանց շուրջ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկա:
Եվ երբ այդ ամենը ներկայացնում են քո սեփական մեկնաբանությամբ՝ նպատակ ունենալով ինչ-որ կերպով ազդել քո հասարակության և հակառակորդ կողմի հասարակության վրա, դու, ըստ էության, վնասում ես բանակցային գործընթացին: Այսինքն՝ այդ կետի շուրջ համաձայնություն չի էլ կարող լինել»,-ասաց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: