«Վահե Գրիգորյանը իրավաբանական գիտելիքներ ունեցող սուպեր քաղաքական գործիչ է և չպետք է ՍԴ-ում լիներ». սահմանադրագետ

«Վահե Գրիգորյանը իրավաբանական գիտելիքներ ունեցող սուպեր քաղաքական գործիչ է և չպետք է ՍԴ-ում լիներ». սահմանադրագետ
«Վահե Գրիգորյանը իրավաբանական գիտելիքներ ունեցող սուպեր քաղաքական գործիչ է և չպետք է ՍԴ-ում լիներ». սահմանադրագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

– Պարոն Այվազյան, նախօրեին Վահե Գրիգորյանն ԱԺ-ում 99 կողմ ձայներով ընտրվեց ՍԴ դատավոր։ Նա հայտարարել է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Ձեր կարծիքով, որքանո՞վ են անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները։

– Իսկապես սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա ոչ թե այն պատճառով, որ այսօրվա Սահմանադրությունն ընդունվել է կեղծիքներով, այլ այդ փոփոխությունները պետք է բխեցնել բովանդակային գործոններից։ Այսինքն՝ արդյոք այսօր գործող Սահմանադրությունը բովանդակային առումով ունա՞կ է հասարակական վարքագծի ցանկացած դեպք իր կարգավորման շրջանակներում պահել։ Դա է խնդիրը։ Հասարակական վարքագծի դրսևորումներ են լինում՝ սկսած դատարանների շրջափակումից մինչև հարս ու սկեսուր կռիվ են անում, դուրս են գալիս հանրապետական մայրուղին փակում։ Ես շատ երջանիկ կլինեի, եթե Սահմանադրությունը թեկուզ սարսափելի խախտումներով ընդունված լիներ, բայց իդեալական բովանդակային Սահմանադրություն լիներ, որ մեր երկրի համար առաջընթաց կապահովեր։ Բայց հիմա ասում են՝ քանի որ կեղծիքներով է ընդունվել, քանի որ Սերժ Սարգսյանի հագով է և այլն։ Նման տեխնիկական մոտեցումները լուրջ չեն։ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է դիտարկել միայն բովանդակային առումով։

– Ձեր կարծիքով, գործող Սահմանադրությունն ունա՞կ է իր շրջանակներում պահել հասարակական վարքագծի ցանկացած դրսևորում։

– Իհարկե ունակ չէ, և պետք է փոխել Սահմանադրությունը։ Օրինակ՝ հանրապետական ճանապարհներ փակելը մեկնաբանում են որպես ժողովրդաիշխանության դրսևորում, դատարանների մուտքերը փակելը չգիտեմ ոնց են հիմնավորում, որ սահմանադրական երևույթ է։ Վահե Գրիգորյանը իրավաբանական գիտելիքներ ունեցող սուպեր քաղաքական գործիչ է և չպետք է ՍԴ-ում լիներ: Կամ՝ ՀՀ նախագահը մտքափոխվեց և նորից առաջադրեց Վահե Գրիգորյանին, սրանք սահմանադրական փակուղիներ են։ Ամբողջ խնդիրն այն է, որ սկսած իշխանությունից վերջացրած հասարակության մեծամասնությամբ, նևրոզի ախտանշաններ կան, իսկ դա բերում է բարոյական պարտության։ Երբ մարդիկ իրենց համար ցանկալին փորձում են իրականության, ճշմարտության տեղ անցկացնել, և դա հանդիպում է խոչընդոտների, բնականաբար, օբյեկտիվ իրականությունն իրենց ցանկալին ջարդում է։ Երբ ցանկալին փորձում են բնական օրինաչափության տեղ անցկացնել ու ջարդվում են, արդեն գալիս է բարոյական պարտությունը։ Հիմա հասարակությունը հենց այդ նևրոզով է տառապում, պետք է դա հանել։

– Շատերն ասում են, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա, թեև ինքը՝ Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ շատ լավ պատկերացնում է իրենց համատեղ աշխատանքը: Դուք ինչ եք կարծում, արդյոք ՍԴ նախագահն այսքանից հետո մնալու շանսեր ունի՞։

– Հրայր Թովմասյանի հրաժարականը ես չեմ կապում Վահե Գրիգորյանի հետ։ Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա 2015 թվականի Սահմանադրությունն այնպես նենգափոխեց, որ թեև Սահմանադրությամբ սահմանված է, որ ՍԴ դատավորը պետք է պաշտոնավարի 12 տարով, իսկ նախագահը՝ 6 տարով, ինքն այնպես նենգափոխեց անցումային դրույթները, որ դարձավ ցմահ ՍԴ նախագահ։ Անձնական բաները պետք է մի կողմ թողնել։ Եթե մենք ճշմարտությամբ ու օրինականությամբ չենք առաջնորդվում, ամեն ինչը՝ լինի հրաժարական թե պաշտոնավարում, բերում ենք անձնական դաշտ, դա մեզ լավ բան չի խոստանում։

– Այսինքն՝դուք նույնպես տեսնում եք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Ձեր կարծիքով, կառավարման մոդելի փոփոխության հարց պե՞տք է առաջ քաշել, թե ոչ։

– Կառավարման մոդելն ընդամենը տեխնիկական կողմն է և նույն խորհրդարանական կառավարման համակարգում կարելի է սուպերվարչապետությունը վերացնել։ Եթե նման խնդիր դրվի, մենք աշխարհին կներկայանանք որպես ամենահիմար, ամենատգետ ժողովուրդը, որ 2015-ին անցանք խորհրդարանական համակարգի, հիմա էլ հրաժարվում ենք դրանից։ Այսինքն՝ մեզ անլուրջ կընդունեն, որ այս երկրում չկա մի խելոք մարդ, որ կառավարման ձևից հասկանում է, և արդյունքում երեք տարի հետո նորից հետ են գնում հին կառավարման մոդելին։ Սա դառնում է տունտունիկ, որը պատիվ չի բերի մեր պետությանն ու ժողովրդին։ Սահմանադրական փոփոխությունները պետք է լինեն խորհրդարանական կառավարման ձևի շրջանակներում։

Մանե Հարությունյան

MediaLab.am