Ադրբեջանը կրկին խոսում է պատերազմի մասին

Ադրբեջանը կրկին խոսում է պատերազմի մասին
Ադրբեջանը կրկին խոսում է պատերազմի մասին

Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է իր «զավթված տարածքների ազատագրմանը»:
Այս մասին փետրվարի 11-ին Մինսկի Խմբի համանախագահներին ընդունելիս հայտարարել է Ադրբեջանի Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:
Նա նշել է, որ Ադրբեջանի փոխարեն բոլոր պետություններն էլ նույն կերպ կվարվեին, և ոչ-ոք Ադրբեջանին ինչ-որ բանում մեղադրելու իրավունք չունի:
Նախարարը հայտարարել է, որ այս հարցում անհրաժեշտ է միջազգային իրավունքի կիրառումը:
«Սակայն Ադրբեջանի հանդեպ մենք չենք տեսնում նման վերաբերմունք, ինչը մեզ հիասթափեցնում է»,- ասել է Սաֆար Աբիևը:
Ռազմավարական մշակումների կենտրոնի նախագահ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով Ադրբեջանի պաշտպանության նախարարի նման դիրքորոշումը լիովին համապատասխանում է պաշտոնական Բաքվի կողմից որդեգրված շանտաժի քաղաքականությանը:

«Չգիտես թե ինչու, ադրբեջանցիներն եկել են այն եզրակացության, որ միջազգային հանրությունը մոռացել է, թե ինչ պայմաններում է ավարտվել ադրբեջանա-արցախյան զինված հակամարտության վերջին փուլը: Սակայն, ի դժբախտություն Ադրբեջանի իշխանությունների, նրանց ռազմատենչ հայտարարություններն այլևս ոչ ոքի չեն անհանգստացնում»,-«Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Հետաքրքրական է, սակայն, որ այսօր իսկ ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրվել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որտեղ նշված է, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հանուն խաղաղության վճռորոշ որոշումներ կայացնելու ժամանակը:

© Medialab.am