Թունավորում սնկից. ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Թունավորում սնկից. ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է
Թունավորում սնկից. ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կրկին արձանագրվել է սնկից թունավորման դեպք` 1 տուժածով: Թունավորման պատճառը հիվանդի կողմից հավաքված սնկի օգտագործումն է սննդում: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության հիվանդը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել առողջացումով:
 
 

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`

• չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ

• չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի

• սննդում չօգտագործել հում սունկ

• սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում 

• չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի

• հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել

• ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց: Թունավորման նախնական ախտանշաններն են՝

• սրտխառնոց

• փսխում

• սուր ցավեր որովայնի շրջանում

• ջերմություն

• ստամոքի և բարակ աղու բորբոքում

• գլխապտույտ

Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: