Կանադացի սենատորը դատապարտել է Սենատի կողմից Արցախի անկախության բանաձևը չճանաչելը

Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը դատապարտել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության բանաձևը չճանաչելու հանգամանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հուսակոսը գրել է «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով, որ երկրի վարչապետն այդ քայլով դարձյալ կանգնեց դիկտատորի կողքին:

«Սա տխուր օր է հայ ժողովրդի համար: Նրանց լքեց Ջասթին Թրյուդոն, որը դարձյալ կանգնեց դիկտատորի կողքին: Առավել ցավալի է, որ Թրյուդոյի սենատորները նախընտրեցին քաղաքականություն խաղալ և երես թեքեցին հայ համայնքից»,- գրել է Հուսակոսը:

Սենատորն իր գրառումն ավարտել է «Ճանաչի՛ր Արցախը» հեշթեգով:

Կանադայի խորհրդարանը դեկտեմբերի 8-ին մերժել է Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու, Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք սահմանելու, Արցախի ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքը ճանաչելու և Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձևը: