Օվերչուկը հայտարարել է Հայաստանում երկաթուղու երկու հատվածի վերականգնման շուրջ բանակցությունների մասին

Մոսկվան և Երևանը կսկսեն բանակցություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապվող Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայկական կողմի դիմումի հիման վրա և Հայաստանի ժողովրդի նկատմամբ եղբայրական ու բարեկամական զգացմունքներից ելնելով՝ Ռուսաստանի Դաշնությունում որոշում է ընդունվել սկսել առարկայական բանակցություններ Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ։ Դրանք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիներին՝ Երասխ գյուղի շրջանում, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիներին՝ Ախուրյան բնակավայրի շրջանում»,- նշել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես 1,6 կմ և 12,4 կմ։ Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում կսահմանվեն նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ պայմանները։

«Մենք բարձր ենք գնահատում ռուսական փորձի, կարողությունների և տեխնոլոգիաների նկատմամբ վստահությունը, որը հայկական կողմը կրկին ցուցաբերել է՝ դիմելով Ռուսաստանին»,- շարունակել է Օվերչուկը։ Նրա խոսքով՝ նշված հատվածների վերականգնումը Ռուսաստանին հնարավորություն կտա ունենալ ուղիղ երկաթուղային կապ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Թուրքիայի՝ Միջերկրական ծովի նավահանգիստների, ինչպես նաև Իրանի՝ Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների հետ։

ՌԴ կառավարության փոխնախագահի խոսքով՝ այս լայնածավալ խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում Կովկասում խափանված բոլոր հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում՝ դիտարկվում է Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայի տարածքով։

«Կովկասում տրանսպորտա-լոգիստիկ կապերի ամրապնդումը կենսական նշանակություն ունի Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման համար։ Հուսով ենք տարածաշրջանի բոլոր պետությունների կառուցողական համագործակցության վրա այս կարևոր ընդհանուր խնդրի լուծման հարցում»,- ամփոփել է նա։