Լավրովը Չավուշօղլուի հրավերով մեկնում է Թուրքիա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 30-ին կմեկնի Անթալիա, գրում է Ermenihaber.am-ը։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն թուրք-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: 

Հանդիպման վերաբերյալ հայտարարություն է հրապարակել նաև ՌԴ արտգործնախարարությունը, որի համաձայն՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և սևծովյան տարածաշրջանում:

Լավրովի այցի օրակարգում են նաև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի և Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության ապահովման խնդիրները` հաշվի առնելով 2021թ. հունիսի 22-ից երկկողմ ուղևորային թռիչքների ամբողջական վերականգնումը: