«Պետությունն ինչի՞ համար է, եթե ծայրահեղ աղքատ խավին չհանի այդ փոսից». աղքատությունը Շիրակի մարզում. լուսանկարներ

Շիրակի մարզում ծայրահեղ աղքատությունը չի նահանջում: «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանն ասում է՝ քանի դեռ պետությունը կոնկրետ ծայրահեղ աղքատ խավին ուղղված սոցիալական ծրագրեր չի իրականացնում, ծայրահեղ աղքատությունը չի կարող հաղթահարվել:

«Անտարբերության են մատնված Շիրակի մարզում այս խավի մարդիկ, պետական ծրագրեր չեն իրականացվում: Ծայրահեղ աղքատ բնակիչների թիվը մարզում այնքան էլ շատ չէ, և հենց դրա համար նրանք պետք է լինեին մարզպետարանի, տեղական իշխանությունների ուշադրության ներքո»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Թումասյանը:

«Շիրակ կենտրոնի» ղեկավարը իր ֆեյսբուքյան էջում երեկ Շիրակի մարզի սահմանային գյուղերից մեկից լուսանկարներ ու տեսանյութ էր հրապարակել, որոնցում ներկայացվում էին միայնակ մոր ու նրա երկու անչափահաս երեխաների ապրելու պայմանները՝ ծայրահեղ աղքատության մեջ: Խարխուլ տանիքով տունը վերանորոգված չէր, պատուհանի ապակիներին փոխարինում էր պոլիէթիլենը, որից փչում էր քամին: Տան մեջ մանկահասակ երեխան չոչ էր անում ավազե հատակին, անձրևաջրերի մեջ: Կինն ասում էր՝ իրենց ուզածը «մի դոմիկ է», որ կարողանա իր երկու անչափահաս երեխաների հետ ապրել:

«Մարզային իշխանությունների անտարբերությունը ահռելի է, նայում ես իրենց ֆեյսբուքները, տեսնում՝ գնում են ինչ-որ տեղ լույս են վառում, լույս են մարում, բայց հասարակությունը մնացել է անտեր ու հատկապես՝ խոցելի խմբերը: Սոցիալական ծրագրեր չկան, չեն իրականացվում, և այս խավի մարդիկ մնացել են անտեր: Այդ կնոջը և նրա նմաններին գտնելն ու ինչ-որ կացարան տեղափոխելը կառավարության, տեղական իշխանությունների համար դժվար բան չեն»,- ասում է Թումասյանը:

Նրա խոսքով՝ հիմա մարդը հայտնվել է նման իրավիճակում, պետք չէ քննադատել նրան դրա համար, պետք է ձեռք մեկնել ու նրան դուրս հանել ծայրահեղ աղքատ վիճակից:

Սոցիալապես անապահով վիճակում գտնվող միայնակ մորն ու նրա երեխաներին անուշադրության են մատնել նաև երեխայի խնամքով զբաղվող հաստատությունները, և, Թումասյանի խոսքով, գուցե կարիք կար երեխաներին տեղափոխել խնամքի հաստատություններ, մինչև մայրը ոտքի կկանգներ:

«21-րդ դարում նման պայմաններո՞ւմ ապրեն երեխաները: Հիմա այս երեխան այս պայմաններից հաշմանդամություն կարող է ձեռք բերել, եթե դեռ ձեռք չի բերել: Պետական համակարգը կազմալուծված է, որևէ մարմին որևէ բան չի անում»,- նշում է նա:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020-ին Հայաստանում աղքատության մակարդակը եղել է 27 տոկոս՝ 2019-ի 26.4 տոկոսի համեմատ: Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.7 տոկոս: Շիրակի մարզը Գեղարքունիքից հետո երկրորդ ամենաաղքատ մարզն է, որտեղ աղքատության մակարդակը հասնում է 42.9 տոկոսի:

«Հայրը թողել գնացել է, հատակը՝ հողից, ջարդած վառարանում ինչ գտնում, գցում են վառում, որ գոնե մի քիչ տաքանան, պետությունն ինչի՞ համար է, եթե ծայրահեղ աղքատ խավին չհանի այդ փոսից, պետությունը չպետք է նայի՝ ով իր ճակատագրով կամ գործունեությամբ հաջողակ է, նրան օգնի: Պետության ֆունկցիան այն է, որ առաջին հերթին հենց խոցելի խմբերին ոտքի կանգնեցնի»,- ասում է Վահան Թումասյանը:

Լուսանկարները՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am