Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել է Ձերբակալվածների պահպանման վայր եւ հանդիպել «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին: Այս մասին Փաշինյանը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ մուտք գործած շուրջ երկու տասնյակ իրավապահ մարմինները խուզարկություն իրականացնելու պահանջ են ներկայացրել` ըստ հայտարարության խուզարկության հիմք հանդիսացող որեւէ փաստաթուղթ չտրամադրելով:
«Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրությունների համաձայն, միառժամանակ խուզարկություններ են սկսվել կառույցի անդամների` Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում: Ավելի ուշ բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, նրա եղբայր` Թորոս Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին Չուքասզյանը:
Ծավալվող իրադարձություններից ժամեր անց, ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, վերջիններս ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով։
«Քիչ առաջ այցելեցի Ձերբակալվածների պահման վայր եւ այնտեղ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգիկ Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Պավել Մանուկյանին,-գրառման մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը:
Մանուկյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել: Ես նրան խնդրեցի նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասաց, որ կայացրել է վերջնական որոշում: Ե՛ւ Պավել Մանուկյանը, ե՛ւ մյուսները իրենց ձերբակալությունը համարում են ապօրինի եւ տրամադրված են վճռական»:
© Medialab.am