«Երկնքի առաջին չափումը դատարանն է` առանց ելքի». լույս է տեսել Մհեր Արշակյանի «Բանաստեղծության փոխարեն» ժողովածուն

Լուսանկարը՝ granish.org

«Բանաստեղծական շտրիխներ կամ նախաբանաստեղծություններ»՝ այսպես է բնութագրում իր նոր՝ «Բանաստեղծության փոխարեն» ժողովածուն գրող, հրապարակախոս, լրագրող, «Մեդիալաբի» սյունակագիր Մհեր Արշակյանը: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝  գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 19:00-ին ԴԱՐԱՆ – ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութում:

Մհեր Արշակյանի խոսքով՝ «Բանաստեղծության փոխարեն» վերնագրմամբ գիրքը այս ժամանակների մասին է՝ բայց ոչ թե պատմական իմաստով, այլ էքզիստենցիալ էմոցիաների առումով:

Հարցին, թե ինչու է որոշել գրել գիրքը, ասում է, թե գիրք գրելը գրվում է, էնպես չի, որ որոշել է գրել:  «Ժամանակ առ ժամանակ բանաստեղծությունը պոռթկում է: Դու քո համար հանգիստ նստած ես, ինքը գրվում է, քեզնից անկախ, լինում է էդպես: Լինում է էնպես, որ դու ես զոռով դուրս քաշում՝ որպես բանաստեղծություն՝ անհայտ մի տեղից»,- ասում է Արշակյանը:

«Բանաստեղծության փոխարեն»-ը ներառում է մոտ 50, բանաստեղծի բնորոշմամբ՝ «նախաբանաստեղծություններ»:

Ահեղը

Երկնքի առաջին չափումը

դատարանն է` առանց ելքի

(չհաշված Կաֆկայի «Դատարանը»):

Երկրորդ չափումը`

ես,

իբրև երկնքի բացակայության

իրեղեն ապացույց

(չհաշված իմ մեջ հայտավորված

երկնային արքայությունը):

Երրորդ չափումն այս թուղթն է`

ամեն բառի հետ` ավելի ճերմակ

(չհաշված ձյունը, որ հավետ խաղաղության պես

սև է):

Չորրորդ չափումը անդունդն է,

որտեղ ընկնող չկա

(չհաշված սերը, առանց որի չեն ընկնում):

Այլ չափում արդեն չիք

(չհաշված Պասկի հայերենը):

Մհերի բնորոշմամբ՝ բանաստեղծությունը հեղինակի զուգահեռ գոյությունն է, նախաբանաստեղծությունը՝ պուճուր-մուճուր մի բան:

Նախորդ գրական ստեղծագործությունների հետ համեմատելիս ասում է, որ այս շարքում կա խուտուտ տվող տողերի շարք, որը ժամանակակից բանաստեղծական միտումներից է. 

Բաբելոնյան նամակ

Սիրելիս, 

խոսք կա`

խաբում են թիկունքից:

Ցույց տուր

սիրո թիկունքը,

որպեսզի քեզ ասեմ`

որտեղ խաբեցի…

«Հավանաբար պարսկական գրականությունից է գալիս, թեպետ ավելի հավանական է, որ, այնուամենայնիվ, լատինամերիկյան, ֆրանսիական պոեզիայից է, դա այն է, որ դրանք տողեր են, որ կարելի է ինչ-որ մեկին ասել, ինչ-որ մեկը իրեն լավ զգա, պայմանական բան եմ ասում լավ զգալը, որ էսպես ինքը փոքրիկ գեղագիտությունը գնահատի, փոքրիկ գեղագիտական շտրիխ»,- ասում է նա:

Մհերը նկատում է, որ հիմա մարդիկ սկսել են կարդալ, սակայն դա պայմանավորում է ոչ թե հեղափոխությամբ, այլ գրական ակտիվության առկայությամբ, լավ գրքերի թարգմանությամբ, հրատարակչությունների կողմից ճաշակով և լավ գրքերի տպագրությամբ, որն առկա էր մինչ հեղափոխությունն արդեն, և, Մհերի կարծիքով՝ հենց այդ գրքերը իրականացրեցին հեղափոխությունը:

Անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում և ակտիվորեն հետևում քաղաքական գործընթացներին, ինչը կարող է խանգարել ընթերցանությանը, նշում է, որ սոցիալական ցանցերը շատ խորամանկ գործիքներ են գիրք կարդալու համար: 

«Էնպես չի, որ մարդիկ մտնում են սոցիալական ցանց ու դադարում գիրք կարդալ, սոցիալական ցանցերում մեջբերումներ են անում, այսինքն՝ արվեստի հետ շփումը կա, թեպետ գիրք կարդալ որպես էդպիսին չկա, այսինքն՝ գիրքը նաև սյուժե է, զարգացում է, կոնֆլիկտ է, հանգուցալուծում է, էդ ամեն ինչը չկա, բայց կան իմ ձևակերպած՝ էդ խուտուտ նախադասությունները, որոնք մարդիկ մեջբերում են, և էս կամ էն չափով արվեստի հետ շփումը, բայց դա կցկտուր շփում է և ադապտացված շփում է»,- ավելացնում է Մհերը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am