Ազգային ժողովն ընդդիմադիր խմբակցությունների պահանջով արտահերթ հրատապ նիստ չի գումարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել անգամ չեն կարող, քանի որ ընդդիմադիր գործընկերները ժամը 16:40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որն անբավարար է:
«Մեր ընդդիմադիր գործընկերները ժամը 16:40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որպեսզի հրատապ նիստ հրավիրենք։ Ցավոք, ժամանակի առումով և ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով ես նույնիսկ չեմ կարող այդ հարցը քննարկել և որոշում կայացնել։ Օրինակ` չկան հիմնավորումներ և կցված չէ նախագիծը»,–ասաց Սիմոնյանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր` ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ: