«Նիկոլն իսկապես կարողացավ երիտասարդներին վայրենի համակարգի դեմ դուրս բերել, համակարգ, որ գիտի՝ ինչպես կրակել մարդկանց վրա». Արմեն Մովսիսյան

«Նիկոլն իսկապես կարողացավ երիտասարդներին վայրենի համակարգի դեմ դուրս բերել, համակարգ, որ գիտի՝ ինչպես կրակել մարդկանց վրա». Արմեն Մովսիսյան
«Նիկոլն իսկապես կարողացավ երիտասարդներին վայրենի համակարգի դեմ դուրս բերել, համակարգ, որ գիտի՝ ինչպես կրակել մարդկանց վրա». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը:

– Պարո՛ն Մովսիսյան, ուշի ուշով հետևում եք Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսվում է թավշյա հեղափոխություն, ձևավորվում են կոմիտեներ։ Ի՞նչ սպասելիքներ ունեք։

– Զիլ է… Նիկոլն իսկապես կարողացավ երիտասարդներին վայրենի համակարգի դեմ դուրս բերել, վայրենի համակարգ, որ գիտի՝ ինչպես կրակել մարդկանց վրա։ Եվ կրակեցին, արդյունքում երկու օր առաջ 40-ից ավելի վիրավորներ ունեցանք։ Սա ռեժիմի համար նորմա է, նրա ձեռագիրն է։ Բայց կարողանալ այս ամենին դեմ գնալ և նման զիլ եղանակով կազմակերպել, իսկապես, նույնիսկ ամենասկեպտիկներին շատ է զարմացրել։ Ես հենց սկզբից էլ լավ էի տրամադրված նրա նկատմամբ։ Ապրի՛ Նիկոլը, շա՛տ ապրի։

– Լոս Անջելեսի հայկական համայնքում բավականին ակտիվություն նկատվեց։ Մի քանի հանրահավաք կազմակերպվեց՝ «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով։ Դուք նույնպես մասնակցում էիք։ Այս անգամ համայնքը ոգևորվա՞ծ է Հայաստանում ծավալվող իրադարձություններով։

– Ինձ թվում է` ավելի շատ, քան նախանցյալ տարի, երբ «Սասնա ծռերի» համար երթ էր կազմակերպվել։ Եվ այսքան շատ մարդկանց մտածելու առիթ տալ, կարծում եմ, դեռ որևէ մեկին չէր հաջողվել։

Եվ Նիկոլի կոչից հետո հիմա մտածում եմ` գործերս հարմարեցնեմ և գամ Հայաստան, մտածում եմ՝ կհասցնե՞մ, թե՞ արդեն ուշ կլինի։

– Գաք թավշյա հեղափոխությա՞նը մասնակցեք, մտածում եք՝ մինչև գաք, հեղափոխությունը տեղի ունեցած կլինի՞։

– Նիկոլը շատ հստակ ասաց՝ հերիք է նայեք համակարգչով, եկեք, մեր կողքին կանգնեք։ Ես էլ եմ հայ, սիրտս ցավում է իմ երկրի համար։ Հիմա կարողանամ գործերս գցել ընթացքի մեջ, արդեն մտածում եմ տոմսի մասին։ Հիմա շատ երկար մտածելու ժամանակ չկա։ Հիմա, իմ կարծիքով, շատ կարևոր պահ է մեր երկրի համար։ Նիկոլը իսկապես շատ կարևոր գործ է անում։ Երկիրը պետք է ազատ լինի, շնչի։ Ի՞նչ է նշանակում` համալսարանի դռները փակել, երիտասարդներին բերման ենթարկել։ Այնքան անկանխատեսելի խաղաղ է երթը, որ սրանք հիմա նստած մտածում են՝ ինչպե՞ս կարող են սրա դեմն առնել։ Հո չե՞ն դնի մորթեն, հո բոլորին չե՞ն կարող գնդակահարել։ Արդեն քաղաքներում են մարդիկ ոտքի ելնում, հո բոլորին չե՞ն գնդակահարի։

– Հասարակությունը նիրհից արթնացա՞վ։

– Այո՛, մարդիկ դուրս են գալիս։ Եվ քայլերթի ժամանակ ընդամենը մի քանի հոգի էին, մենք էլ կողքից մի թեթև նկատում էինք։ Հասարակությունը կարծես թե արթնացավ։ Փառք Աստծո, ես շատ ուրախ եմ։ Հուսամ, նույն փշալարերի վրա հերթական անգամ չենք սայթաքի, ինչպես մեր անկախացման 25 տարիների ընթացքում։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հեղափոխական կոմիտեներ ստեղծելու մասին։ Որքանո՞վ այս քայլը կհաջողի, որքանո՞վ է հավանական։

– Այստեղ դժվար է կանխատեսումներ անելը, որովհետև անկանխատեսելի լավ զարգացումներ են դեռ գնում։ Նույնիսկ քայլը, որ արվում է, այստեղ շատերի համար կարող է թվալ անհասկանալի, ոչ իրատեսական, ինչպես Նիկոլի քայլարշավը Հայաստանի մարզերում, բայց փաստորեն ոչ միայն փաստեց, որ շատ դիպուկ որոշում էր։ Եվ հոծ բազմությունը հուշում է, որ ինքը կարողանում է ոգևորել զանգվածներին։ Այնպես որ, դժվար է կանխատեսել։ Համենայն դեպս, ես լավատես եմ։

– ԱՄՆ պետական քարտուղարությունը նույնպես հայտարարություն է տարածել։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Այո՛, և ոչ միայն Պետդեպը անտարբեր չէ, այլև ամբողջ աշխարհը, պատկերացրեք, որ լավագույն եվրոպական երկրները կնախանձեին այս խաղաղ երթերի զարգացմանը։ Եվ ոչ բռնի մեթոդներով մարդիկ ուզում են փաստել, որ իրենք կամքի, ձայնի իրավունք ունեն մի երկրում, որտեղ իրենք մաս են կազմում, որի քաղաքացին իրենք են։ Եվ ինձ թվում է՝ շատերը հիմա նստած այս փորձը ձեռք են բերում։ Ռուսաստանում հիմա նստած սարսափով են նայում, թե ի՛նչ է կատարվում։ Չմոռանանք, որ 88-ի սկիզբը, այնուամենայնիվ, Հայաստանը դրեց, և հետո սկսեց ճոճվել Խորհրդային Միությունը։ Ինձ թվում է՝ սա նրանց համար վատ դպրոց է, որովհետև հիմա «նամեստնիկ» կարգելը Հայաստանում և տեսնել, որ այն, ինչ Ռուսաստանի մեթոդներով հաշվել էին, լրիվ այլ ընթացքով է գնում։ Եվ նրանց էլ ուրիշ կողմից է մտահոգում Հայաստանում այս վիճակը։ Շատ լավ է, որ աշխարհն արդեն հետևում է, նաև հուսադրող է այն, որ սա կարող է շատ դրական հանգրվանի հասցնել մեզ։

Մանե Հարությունյան

MediaLab.am