Երկարատեւ խոսակցություններից, ինչպես նաեւ խոչընդոտներից հետո Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, երեկ այնումենայնիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակվել:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 25-ին` Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրելով Մեթյու Բրայզայի թեկնածությունը, արտահայտել էր նրա հետ աշխատելու իր պատրաստակամության մասին` նշելով, որ Բրայզայի նման տաղանադավոր եւ նվիրված անձը իր վարչախմբի համար արժեքավոր հավելում կլինի:
Սակայն, Բրայզայի առաջադրումը ինչպես եւ ենթադրելի էր, հայկական շրջանակներում տարաբնույթ արձագանքների եւ հայտարարությունների առիթ էր հանդիսացել:
Նրա նշանակման վերաբերյալ իր մտահոգություններն էր հայտնել նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը , մեղադրելով վերջինիս Հայաստանին առնչվող հարցերում անաչառ չլինելու, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ադրբեջանամետ կողմնակալություն ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության Թուրքիայի ժխտողականությանը ԱՄՆ մեղսակցությունը խրախուսելու մեջ:
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը և Սենատը նրա թեկնածությունը հաստատելիս մեծ ուշադրությամբ կուսումնասիրեն պրն Բրայզայի կարիերան, ինչպես նաև հարցաքննության ընթացքում նրա տված պատասխանները»,-ասել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Բրայզայի թեկնածությունը, ամիսներ առաջ առկախվել էր հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի կողմից: Երեկ, այնուամենայնիվ, օգտվելով իր սահմանադրական իրավունքից` ԱՄՆ նախագահը Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակել:
© Medialab.am