Շարժումը պետք է վերանայի թերությունները, փոխի «ով մեզ հետ չէ՝ Նիկոլ է» բառապաշարը. Էդուարդ Շարմազանով


«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության հետ դաշինքը դադարում է գոյություն ունենալուց: Ինչո՞ւ այդպես ստացվեց:

– Արթուր Վանեցյանն իր հայտարարության մեջ ամեն ինչ ասել է, էլ ես ինչ խոսեմ, ինչ մեկնաբանեմ: 

– Փաստորեն, ՀՀԿ-ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը երկար կյանք չունեցավ: Ինչո՞ւ այդպես ստացվեց, ի՞նչն էր պատճառը: 

– Արթուր Վանեցյանն իր հայտարարության մեջ ամեն ինչ հստակ ասել է, Արմեն Աշոտյանն էլ իր հայտարարության մեջ է ամեն ինչ ասել, և ես ավելացնելու բան չունեմ:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ հարթ չէին հարաբերությունները «Պատիվ ունեմ» դաշինքում: 

– Ինձ առանձնապես չի մտահոգում այդ հարցը, ինձ համար երկրորդական է՝ ով ում հետ հարթ է, ով ում հետ հարթ չէ: Ինձ համար կարևոր հարցերը հետևյալն են՝ Արցախի ճակատագիր, Հայաստանի ճակատագիր, ազգային պետականության վերակերտում, Հայաստանում թուրք-ադրբեջանական օրակարգի տապալում: Սրանից բացի այլ օրակարգ ինձ համար կարևոր չէ:

Ներքաղաքական, ներկուսակցական, միջկուսակցական հարցերը ինձ համար հետաքրքիր չեն և առաջնահերթություն չեն: Հազար ու մի դաշինքներ են ստեղծվում, բաժանվում, և ես այդ հարցին լուրջ կարևորություն չեմ տալիս:

– Շատ լավ, պայքարի մասին. կարծես չի ստացվում, պարո՛ն Շարմազանով. դադար է վերցրել շարժումը, Վանեցյանն էլ տեսավ՝ չի ստացվում, վայր դրեց մանդատը, ինչպես հայտարարել էր…

– Կլինի՞ այլ կուսակցությունների ներկայացուցիչների քաղաքական գործունեության, ծրագրերի, վարքագծի մասին ինձ հարցեր չտաք: Դուք հարց եք տալիս Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամին, ԱԺ նախկին փոխնախագահին, թե Վանեցյանը, Պողոսյանը, Պետրոսյանը… Վանեցյանի վերաբերյալ հարցեր տվեք իր թիմակիցներին:

– Իրականում ուզում էի հարցնել՝ ինչո՞ւ պայքարը չստացվեց:

– Իսկ ո՞վ ասաց, որ չի ստացվել:

– Դե, մենք տեսանք 40 օրից ավելի հանրության շրջանում կարծես աջակցություն չստացավ շարժումը, գործնական որևէ առաջընթաց չգրանցեց…

– Իսկ տեսնո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանական շարասյան հետևում թաքնվում է, իսկ տեսնո՞ւմ եք, որ պառլամենտում ախրաննիկներով է շրջում…

– Պարո՛ն Շարմազանով, ես խոսում եմ այն պայքարի մասին, որին միացել էիք դուք և Հանրապետական կուսակցությունը…

– Հունիսի 24-ին կա հանրահավաք, եկեք կտեսնեք: Վրանները հավաքելուց հետո մի քանի երթ է եղել: Ո՞վ է ասում՝ շարժումը կանգ է առել: Քանի Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կա, որևէ լավ բան մի՛ սպասեք: Ես որևէ քաղաքական ամբիցիա չունեմ, որ հարցնում եք՝ ինչ եղավ պայքարը, ոչ շարժման ղեկավար եմ, ոչ շարժման առաջնորդ: Ես Նիկոլ Փաշինյանի ազգակործան ռեժիմի դեմ պայքարում եմ զուտ իմ հայրենիքի, իմ պետության, ազգի ու Արցախի հայկական մնալու համար: Մնացածն ինձ հետաքրքիր չէ: Էդ մանդատն էլ ենք տեսել, էդ պաշտոնն էլ ենք տեսել, պետությանն էլ ծառայել ենք ու արդյունավետ ենք ծառայել:

– Լավ, բայց վերջը ո՞րն է՝ պարբերական ցույցերը պետք է կրկնվե՞ն:

– Վերջը Նիկոլ Փաշինյանի թիմի հրաժարականն է լինելու, որովհետև ապատիային հաջորդել է ընդվզման փուլը, և շարժումը պետք է վերակազմավորվի: Իմ կարծիքով՝ պետք է ավելի ընդլայնի իր աշխարհագրությունը, վերանայի իր թերացումները, նոր մարդիկ պետք է ընդգրկվեն: 

Անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն, որ սա ոչ թե իշխանություն-ընդդիմություն պաշտոնակռիվ է, այլ կռիվ է հայրենիք ունենալու, Հայաստանի գահավիժումը կասեցնելու, հայկական Արցախ ունենալու համար: Չորս տարում այս մարդիկ (նկատի ունի՝ իշխանություններին – հեղ.) կործանել են ամեն ինչ, քանդել են պետականության հիմքերը: Էս մարդիկ իրենց ոչ պրոֆեսիոնալ, սխալ կառավարմամբ հանգեցրել են պատերազմի, մի քանի հազար նահատակի, Հայաստանի ու հայկական շահի ոտնատակ տալուն: Իմ պայքարը պետություն ունենալու համար է: 

– Դուք ասացիք՝ շարժումը պետք է վերանայի իր թերությունները, որ պետք է միանան նոր դեմքեր, նոր մարդիկ, ի՞նչ նկատի ունեք:

– Տեսեք՝ հասարակության մեծ մասը, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին չի սատարում: Նույնիսկ ինքը գիտի այդ մասին: Խնդիր կա «ով մեզ հետ չէ, Նիկոլ է» ու նման բառապաշարը փոխելու: Դրա համար եմ ասում՝ բոլորը պետք է պայքարեն: Իմ կոչն է բոլոր պետականամետ ուժերին, որոնք գտնում են՝ այս մարդու իշխանությունը պրոբլեմ է երկրի համար, կազմավորվեն, պայքարեն: Այս իշխանության մնալը ամեն րոպե թուլացնում է մեր պետականությունը:

Ես, դժբախտաբար, ճիշտ եմ դուրս գալիս: Շուրջ երկու տարի ինքը Արցախչի գնացել, Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, Հայաստանից Արցախ զորակոչ չի իրականացվում, հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել:

– Կարելի՞ է եզրակացնել, որ իշխանության դեմ շարժումը վերաբրենդավորման փուլում է:

– Շարժումը վերակազմավորման կամ, ավելի ճիշտ՝ մարտավարական ճշգրտումներ անելու փուլում է: Շարժումն արդեն ունի հանձնախմբեր, որոնք ավելի մեծ ոլորտային ընդգրկում են ունենալու: Կարծում եմ՝ շարժումն այս փուլում իր խնդիրը լուծել է ու հասնելու է Նիկոլ Փաշինյանի հակապետական ռեժիմի հեռացմանը: 

Մի բան ակնհայտ է՝ Հայաստանը պրոֆեսիոնալ հակաճգնաժամային կառավարման ու կառավարիչների կարիք ունի: Այդ մարդիկ այսօր կան:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am