«Որտեղ նայում ենք՝ ՔՊ է. միակուսակցական պետությո՞ւն ենք ուզում կառուցել, ես չեմ հասկանում». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է իրենց քաղաքական թիմի անդամ Վահագն Հովակիմյանին։ Այս որոշումն ինչպե՞ս եք գնահատում։

Ընդհանուր առմամբ, շատ լավ կլիներ, որ ընտրական հանձնաժողովը ձևավորվեր ապակուսակցական, չեզոք, անկողմնակալ, քաղաքական ամբիցիաներ չունեցող անձանցով։ ԿԸՀ նախագահը ևս պետք է այս որակների կրողը լինի, հիմա ունենք այն, ինչ ունենք։

Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ իշխանության կուսակցության փիլիսոփայությունը չի փոխվում, կուսակցությունների անվանումներն են փոխվում, բայց իշխանության կուսակցության փիլիսոփայությունը, նրանց դավանած բարքերը, նրանց ընկալումները հասարակության, պետության, պետական ինստիտուտների նկատմամբ, ցավոք սրտի, չեն փոխվում, և ես կարող եմ ընդամենը արձանագրել, չանձնավորելով որևէ մեկին՝ մենք որակական փոփոխությունների մասին չենք կարող խոսել, որովհետև ակնհայտ է, որ իշխանության կուսակցության փիլիսոփայությունը շարունակվում է նաև ՔՊ-ի ժամանակահատվածում՝ ավելի ընդգծված որոշումներով։

– Ինչո՞ւ է իշխանությունը նման քայլի գնում՝ ըստ ձեզ։

– Չեմ կարող ասել, այդ հարցը պետք է իրենց ուղղել։

-Իսկ ի՞նչ ռիսկեր է պարունակելու Վահագն Հովակիմյանի նախագահության փաստը ԿԸՀ-ում։

– Կյանքը ցույց կտա, ակնհայտ է, որ մենք դեռևս չենք հասել այն աստիճանին, որ որևէ մեկի մտքով չանցնի ընտրական գործընթացների ժամանակ անօրինականությունների դիմել։

Կհիշեք, որ մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ընտրակաշառք բաժանած կուսակցությունները պետք է դադարեն գոյություն ունենալ, նրանց գործունեությունը պետք է դադարեցվի, նրանք պետք է դուրս վռնդվեն քաղաքական դաշտից, բայց կյանքն ինչ է ապացուցում. մենք այսօր քաղաքական պայքարի մեջ ենք այդ ընտրակաշառք բաժանած կուսակցությունների հետ, այդ կուսակցությունները շարունակում են կենսունակ մնալ, ու, ամենակարևորը՝ հանրության մեջ դեռևս չի արմատավորվում այն միտքը, որ ով էլ լինի իշխանությունը, այլևս հնարավոր չէ կեղծել որևէ ընտրություն։

– Պարո՛ն Նորիկյան, ինչո՞ւ հեղափոխական խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժը, ըստ էության, չկատարեց այդ խոստումներից և ոչ մեկը, մի բան էլ՝ գնալով նմանվեց այն քաղաքական ուժերին, որոնց մինչ օրս քննադատում է։

– Դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով՝ քաղաքական կամքի բացակայությամբ, քաղաքական պայմանավորվածությունների առկայությամբ, նաև ռազմավարական մտածողության բացակայությամբ, ինչն ամենավտանգավորն է, որովհետև ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ գործող իշխանությունը չի պատկերացնում, թե ինչ մոդելի պետություն ենք ուզում կառուցել։

Այս իշխանությունը տապալվեց այնտեղ, որ իրենց թվաց, թե Տարոն Մարգարյանին կարելի է ներել, իսկ Գագիկ Խաչատրյանին՝ ոչ, այսինքն՝ ընտրովի արդարադատությունը կործանեց այս իշխանության նկատմամբ մարդկանց ունեցած հավատը այն դեպքում, երբ այս իշխանությունը պետք է հաստատեր խաղի հստակ կանոններ ու դրանից չշեղվեր ոչ մի դեպքում։

Անհասկանալի է մինչ օրս՝ ինչո՞ւ այս իշխանությունը մոռացավ Միշիկին (Միքայել Մինասյան) կամ մյուսներին։ Այս ընտրովի վերաբերմունքը իրավական պետության կառուցման գործընթացում տապալեց մարդկանց հույսերը։

Նմանօրինակ որոշումները, որոնք կայացնում է օրվա իշխանությունը, որքանո՞վ են համապատասխանում կամ բխում իրենց կողմից անընդհատ հորջորջվող ժողովրդավարական երկրի սկզբունքներից։

– Խնդիրն այստեղ իշխանության ընկալման մեջ է․ որտեղ նայում ենք՝ ՔՊ է։ Խորհրդարանը  դարձել է միակուսակցական, կառավարությունում իրենք են, դատական համակարգում իրենց յուրայիններն են, ընտրական համակարգում հիմա իրենք են։ Միակուսակցական պետությո՞ւն ենք ուզում կառուցել, ես չեմ հասկանում։

Սա շատ լուրջ խնդիրներ կարող է ստեղծել հետագայում, իշխանության կուսակցության փիլիսոփայությունը շարունակվում է, առաջ ՀՀԿ-ն էր, հիմա՝ ՔՊ-ն, ի՞նչ տարբերություն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am