Ռյազանի արդյունաբերական գոտիներից մեկում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ Այդ մասին հայտնել է մարզպետ Պավել Մալկովը։
Նրա խոսքով՝ քաղաքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, որը հետ է մղվել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի կողմից։
«Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։ Հնարավորության դեպքում մնացեք տանը և հեռու մնացեք պատուհաններից։ Բնակարանում ամենաանվտանգ վայրը լոգարանն է կամ կրող պատերով միջանցքը», – գրել է Մալկովը Telegram-ի իր ալիքում։
Ավելի ուշ մարզպետը հայտնել է, որ խոցված անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել արդյունաբերական տարածքում։ Նրա խոսքով՝ ՀՕՊ գործողություններն արդեն ավարտվել են։ Վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Միաժամանակ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել է Ռյազանում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը։ Այս մասին հայտնել է RWB ընկերության մամուլի ծառայությունը։
Մալկովը նաև տեղեկացրել է, որ հուլիսի 28-ի գիշերը Ռյազանի մարզում խոցվել է չորս անօդաչու թռչող սարք։ Սասովոյի շրջանում վնասվել է էլեկտրահաղորդման գծի հենասյունը, իսկ ԱԹՍ-ի բեկորները հարվածել են նաև բնակելի շենքի՝ վնասելով մի քանի բնակարան։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։
Կասիմովի շրջանում վնասվել են ջրամատակարարման աշտարակը և էլեկտրահաղորդման գիծը, իսկ Կլեպիկովոյի շրջանում՝ բջջային կապի աշտարակը։



















