Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման միջոցառումների, Պարետատան ընդունած որոշումների կատարման եւ արտակարգ դրության պայմաններում աշխատանքային ռեժիմի պահպանման հետ կապված խնդիրներ: Գնել Սանոսյանը միաժամանակ իր շնորհակալությունը հայտնեց բուժհիմնարկների ղեկավարներին՝ համավարակի կանխարգելման միջոցառումների ընթացքում գործադրած ջանքերի համար:

«Օրեր առաջ, Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մենք խրախուսեցին 23 բուժաշխատողների եւ շտապօգնության վարորդների: Կարծում եմ, որ այդ խրախուսանքը նաեւ ձեզ է վերաբերում, քանի որ պարգեւատրվածները աշխատել են ձեր ղեկավարությամբ ու ցուցումներով:

Կգա հարմար ժամանակ, եւ մենք հավուր պատշաճի կգնահատենք համավարակի կանխարգելմանն ուղղված ձեր ջանքերը: Այժմ հորդորում եմ բոլորիդ՝ գործել որպես մեկ միասնական թիմ, ավելի լարել ու մեկտեղել բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք նվազագույն արդյունքներով դուրս գալ այս իրավիճակից: Միաժամանակ առաջարկում եմ՝ մեկ անգամ եւս ուշադիր հետեւել Պարետատան ընդունած որոշումներին ու ցուցումներին եւ ի հայտ եկած խնդիրները ներկայացնել մեր քննարկմանը:

Շուտով Մարտունու հիվանդանոցում բացվելու է կորոնավիրուսով հիվանդների բուժման առանձնացված բաժանմունք, որտեղ կբուժվեն մեր մարզի խնդիր ունեցող քաղաքացիները: Բաժանմունքի բժիշկ մասնագետների ընտրության խնդիրը մնում է մեզ վրա, եւ այս հարցում էլ պետք է աշխատենք համատեղ»,-խորհրդակցության մասնակիցներին դիմեց Գնել Սանոսյանը:

Մարզպետը կանգ առավ նաեւ կարգապահական խախտումների վրա, որոնք նկատվել են որոշ բուժհիմնարկներում: «Բուժաշխատողները, ճիշտ է, հիմնականում պահպանում են համավարակի դեմ պայքարի միջոցառումներից բխող բոլոր կանոնները, բայց, ցավոք, որոշ դեպքերում դա անում են միայն բուժհաստատությունների տարածքում ու աշխատանքային ժամերին:

Մինչդեռ մենք ունենք արձանագրված դեպքեր, երբ նրանցից ոմանք աշխատանքային ժամերից դուրս մասսայական միջոցառումների են մասնակցել, ապա վարակված վիճակում ներկայացել աշխատանքի:

Պետք է ուշադիր լինել բուժանձնակազմի ցանկացած անդամի նկատմամբ, սահմանափակել մասնակցությունը տարբեր միջոցառումներին, որպեսզի նրանց շրջանում մենք չունենանք վարակվածության դեպքեր ու համատեղ ուժերով հասցնենք հաղթահարել ստեղծված իրավիճակը »,-շեշտեց մարզպետը:

Գնել Սանոսյանը կոչ արեց՝ չանտեսել առողջապահական մյուս խնդիրներն ու միջոցառումները, որոնք եւս կարեւոր են: «Հատկապես ուզում եմ առանձնացնել պատվաստումների ուշացումը սահմանված ժամկետներից: Հասկանալի է, որ բոլորդ աշխատում եք ծանրաբեռնված գրաֆիկով, սակայն մյուս միջոցառումներն իրականացնելու ժամանակ եւս պետք է գտնեք: Կարծում եմ, որ մեզ մոտ իրավիճակը վերահսկելի է, եւ մենք մեր ջանքերն ավելացնելու դեպքում հետեւում կթողնենք բոլոր դժվարությունները»,-ամփոփեց մարզպետը՝ վերջում անդրադառնալով տնօրենների կողմից առաջ քաշված մի շարք հրատապ լուծում պահանջող հարցերի:

Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։