Ռուսական անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել են երկու ուկրաինացի լրագրողներ

Հոկտեմբերի 23, 2025 թ․- Ռուսական անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել են ուկրաինացի լրագրողներ Օլենա Հրամովան (43) և Եվգեն Կարմազինը (33), ովքեր լուսաբանում էին Կրամատորսկում տեղի ունեցած նախորդ հարվածի հետևանքները։

Լրագրողները աշխատում էին Ուկրաինայի պետական ֆինանսավորմամբ միջազգային հեռուստաալիք Freedom-ում։ Նրանց մեքենան խոցվել է Lancet տեսակի անօդաչուով՝ նախատեսված զրահամեքենաների դեմ կիրառման համար։

Freedom-ի հատուկ թղթակից Օլեքսանդր Կոլիչևը վիրավորվել է։ Ուկրաինայի դատախազությունը հայտարարել է քննություն՝ «պատերազմի օրենքների և սովորույթների խախտման» հոդվածով։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) կոչ է արել իրականացնել համապարփակ հետաքննություն։
«Նրանց մահը հիշեցում է այն վտանգների մասին, որոնց բախվում են լրագրողները ամեն օր՝ պատմելով աշխարհի համար Ռուսաստանի պատերազմի մասին»,- նշել է CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Գուլնոզա Սայիդը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հաղորդագրությամբ նշել է, որ լրագրողների սպանությունները պատահական դեպքեր չեն, այլ Ռուսաստանի «գիտակցված ռազմավարություն՝ լռեցնելու անկախ ձայները»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ: