«Եթե որոշեի հետ գալ, անունս դուրս կգար, կասեին՝ «տարած-հետ բերած է». Աղջիկ փախցնել՝ բռնություն «ավանդույթի» թանձր քողի տակ

«22 տարեկան էի, երբ ինձ փախցրեցին։ Ապագա ամուսինս երկու ընկերների և հորեղբոր տղայի հետ ինձ սպասում էր մեր շենքի բակում։ Առավոտյան՝ սովորական ժամին, դուրս եկա՝ դասի գնալու, ավարտական կուրսում էի։

Շենքից դուրս եկա, անցա մի քանի մետր, երբ կողքիս հանկարծ մեքենան կանգնեց։ Ինքս էլ չհասկացա, թե ինչպես հայտնվեցի մեքենայում։ Ապագա ամուսնուս վաղուց էի ճանաչում, խնամիական հարաբերություններ ունեինք։ Գիտեի, որ անտարբեր չէ իմ նկատմամբ, բայց ես ամուսնանալու միտք անգամ չունեի, ոչ էլ իրեն որևէ կերպ հույս էի տվել»,-պատմում է Աննան։

Փախցնելուց հետո Աննային տանում են Իջևան՝ ապագա ամուսնու բարեկամներից մեկի տուն։ Ասում է՝ սկզբում դեռ հույս ուներ, որ կկարողանա համոզել տղային իրեն հետ տանել, սակայն 2 օր հետո հասկացավ՝ չի ստացվի:

«Երբ հասանք Իջևան, ասաց, որ կարող եմ զանգահարել տուն։ Զանգեցի, մորս հետ խոսեցի, պատմեցի պատահածը։ Մայրս ասաց՝ քո ընտրությունն է, կարող ես հետ գալ, բայց լավ մտածիր։ Ես գիտեի՝ ինչ նկատի ուներ մայրս։

Եթե որոշեի հետ գալ, անունս դուրս կգար, կասեին՝ «տարած-հետ բերած է», չնայած մեր միջև ոչինչ էլ չէր եղել։ Հետո մտածեցի քույրերիս մասին։ Մենք չորս քույր էինք, ես՝ ամենամեծը։ Իմ որոշումից նաև քույրերիս բախտն էր կախված։ Այսինքն՝ ինձ այդպես էր թվում»,- հիշում է նա։

Աննան ասում է, որ հիմա՝ դեպքից 12 տարի և երեք երեխա ունենալուց հետո, անիմաստ է մտածել բոլոր այն բաների մասին, որ կարող էին լինել, եթե ինքն այլ որոշում կայացներ։ 

Ասում է՝ իր բախտը բերել է՝ ամուսինն իր նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունի, բայց, միևնույն է՝ ափսոսում է կիսատ թողած կրթությունը, ուսուցչի մասնագիտությունը, որով երբեք էլ չաշխատեց, և բոլոր որոշումները, որ իր կյանքին էին վերաբերում, բայց իրենը չէին:

«Երբեմն ինձ մեղավոր եմ զգում, որ իր սիրուն համարժեք չեմ պատասխանում, չնայած լավ կին եմ, լավ մայր, լավ հարս։ Բայց, միևնույն է, ամեն սովորական վեճի ժամանակ հիշում եմ, որ այս կյանքն իմ ընտրածը չէր, այլ պարտադրված։ Հիմա, երբ արդեն մեծ եմ, ու ժամանակներն էլ մի քիչ փոխվել են, մտածում եմ՝ հետ կգնայի, կռիվ կտայի իմ կյանքի համար, ու նույն կերպ հիմա դաստիարակում եմ միակ աղջկաս, մտքով, որ իր կյանքի տերը միայն ու միայն ինքն է, ուրիշ ոչ ոք»,- ասում է Աննան։

Ազգագրագետ Կարինե Բազեյանը բացատրում է՝ «աղջիկ փախցնելը» զուտ հայկական երևույթ չէ, հատուկ է եղել բոլոր կովկասյան ժողովուրդներին։ Առավել ևս, սա հայկական ավանդույթների հետ որևէ կապ չունի:

«Աղջիկ փախցնելը, կամ, ինչպես այն անվանվում է մասնագիտական գրականության մեջ՝ «առևանգմամբ ամուսնությունը», ամուսնության ձևերից մեկն էր հնում։ 

Որոշ մասնագետներ այն նաև ամենանախնական ամուսնական ձևերի վերապրուկ են համարում։ Այն հատկապես տարածված էր Ջավախքում և Շիրակում։ Այդ քայլին դիմելու համար մի շարք պատճառներ կային, հիմնականում՝ սոցիալական բնույթի։ 

Պետք է հաշվի առնել, որ հայրիշխանական հասարակությունում երիտասարդներն ընդհանրապես իրենց կողակցին ընտրելու իրավունք չունեին։ Դա նրանց փոխարեն անում էին նրանց ծնողները։ Երբեմն երիտասարդները սիրում էին իրար և, չունենալով ծնողների համաձայնությունը, ստիպված էին դիմել այդ քայլին։ 

Երբեմն նրանց միությունը հնարավոր չէր համարվում որևէ կողմի համար՝ նախապես պայմանավորված չափով օժիտի բացակայության պատճառով և այլն»,- ասում է ազգագրագետը և նշում, որ անգամ նախկինում աղջիկ փախցնելը, հիմնականում, սիմվոլիկ բնույթ էր կրում, այսինքն՝ աղջիկը համաձայն էր դրան։

Ինչ վերաբերում է աղջկա բացարձակ անգիտությամբ կամ բռնությամբ տեղի ունեցող առևանգումներին, ապա Կարինե Բազեյանը նշում է, որ դրանք լուրջ հետևանքներ էին ունենում, ընդհուպ մինչև ազգակցական թշնամություն և արյունահեղություն:

«Պետք է հասկանալ, որ անգամ նախկինում հասարակությունը երբեք չի ընդունել ամուսնության այս ձևը, երբեք չի արդարացրել կամ չի ծափահարել դրան։ Նման առևանգումներից հետո եղել են նաև դեպքեր, երբ ընտանիքները ստիպված են եղել փոխել իրենց բնակության վայրը՝ հանրային պարսավանքից խուսափելու համար»,- ասում է ազգագրագետը։

Չնայած ժամանակներն ու ամուսնական ձևերը վաղուց արդեն նույնը չեն, աղջիկ փախցնելու արատավոր սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Դրանք հատկապես տարածված են գյուղերում և ունեն նույն՝ սոցիալական հիմքերը։ Այդկերպ կողմերը փորձում են խուսափել հարսանեկան խնջույքներ և մեծ ծախսեր կատարելուց։

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (անձի առևանգում) հատկանիշներով գրանցված հանցագործությունների թիվը 336 է։ Թե սրանցից քանի՛սն են «աղջիկ փախցնելու» դեպքեր, ոստիկանությունը չի նշում։ 

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը ևս վստահ է՝ այս երևույթը ազգային ավանդույթների հետ կապ չունի, սա արմատավորված բռնության մշակույթի դրսևորումներից մեկն է:

«Մենք հաճախ բավարար չափով տեղեկացված չենք, չգիտենք՝ ինչ ասել է ազգային ավանդույթ։ Երբեմն այն ամենը, ինչ մեզ ծանոթ է, կամ ինչ հաճախ ենք տեսնում, ձևակերպում ենք որպես ավանդույթ, սակայն բռնությունը կամ նման վայրենի արարքները հայկական ավանդույթների հետ որևէ կապ չունեն։ Մարդու իրավունքների տեսանկյունից սա սովորական, ակնհայտ բռնություն է մարդու նկատմամբ, մարդու իրավունքների խախտում, որի նույնացումը ազգային ավանդույթների հետ, իմ կարծիքով, վարկաբեկում է մեր ավանդույթները»,– բացատրում է նա։

Ըստ Գևորգյանի՝ առևանգումից հետո կանանց որոշումների վրա հաճախ ազդում են հասարակական կարծրատիպերը, վախերը, որ հայրական տուն վերադառնալուց հետո իրենք խարանված կլինեն, իրենց այլևս ոչ ոք չի սիրի։ Այս հարցում, ըստ փորձագետի, շատ կարևոր է ծնողների, ընտանիքի աջակցությունը:

«Եթե աղջկա ընտանիքը կարողանա զերծ մնալ կարծրատիպերից և հասկանա, որ դա բռնության դրսևորում է իրենց երեխայի նկատմամբ, ամեն ինչ այլ կլինի։

Նրանք պետք է հասկանան, որ եթե համատեղ կյանքի առաջին որոշումն ընդունելիս անգամ իրենց դստեր կարծիքը չեն հարցնում, այդպես է լինելու նաև հետագա ողջ կյանքում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ տղա երեխաներին դաստիարակելիս ծնողները սովորեցնեն նրանց հարգել դիմացինի կարծիքը, ինչպես աղջիկ երեխաներին դաստիարակելիս սովորեցնում են պաշտպանել իրենց իրավունքները»,- ասում է Հասմիկ Գևորգյանը։

«Աղջիկ փախցնելու» վերջին դեպքը, որն արձանագրվել էր Գորիսում, հանրային լայն հնչեղություն ստացավ՝ հիմնականում դրա շուրջ ձևավորված դիսկուրսի համատեքստում։

Քննչական կոմիտեի տարածած տեսանյութը սոցիալական ցանցերում քննարկվեց ոչ թե որպես հանցագործություն, այլ որպես ազգային ավանդույթների պահպանման օրինակ, իսկ մեկնաբանությունների մեծ մասը արդարացնում էր բռնության այս դրսևորումը։ 

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, հետազոտող Անահիտ Սիմոնյանի կարծիքով՝ այս և նմանատիպ մյուս դեպքերը պետք է դիտարկել այն հարցադրմամբ, թե արդյոք անձի առևանգման արդարացումը կապվա՞ծ է նրա հետ, թե ում են առևանգում։ Արդյոք առևանգման մյուս դեպքերը ևս հասարակության կողմից կարդարացվե՞ն, եթե դրանք գենդերային հիմք չունենան:

«Հասարակության կողմից կնոջ առևանգումն ընկալվում է որպես առևանգողի անձնական, մասնավոր կյանքին վերաբերող դետալ, որը չարժի քննարկել կամ հանրայնացնել։ Այս դեպքերում առանցքային նշանակություն է ստանում այն, որ առևանգողը տղամարդ է, և հասարակությունն այլևս չի տեսնում առևանգվողի՝ կնոջ կամքը, կնոջ իրավունքը, կնոջ ցանկությունը։ Սա գենդերային դերերով պայմանավորված խնդիր է»,- ասում է Անահիտ Սիմոնյանը։

Ըստ նրա՝ այս և գենդերային հիմքով բռնության շատ այլ դեպքեր հասարակության կողմից արդարացվում են, քանի որ չեն ընկալվում կամ որակվում որպես բռնություն։ Նման դեպքերում արարքի հանրային կամ օրենքի շրջանակում կարգավորումը չի խրախուսվում, իսկ միջամտությունը պարսավանքի է ենթարկվում:

«Նման վարքագիծը խիստ բնորոշ է «ամոթի և մեղքի հասարակություններին»։ Այն ամենը, ինչ տեղավորվում է «ամոթ» հասկացության մեջ, կարելի է դնել հանրային քննարկման, պարսավանքի ենթարկել, իսկ այն դեպքերում, երբ արարքը «մեղք» է, այսինքն՝ տեղավորվում է մեղավորության գաղափարի կամ օրենքի շրջանակներում, միջամտությունն ավելորդ է համարվում։

«Աղջիկ փախցնելու» կամ անձի առևանգման այս օրինակը շատ հատկանշական է, քանի որ առևանգումը՝ որպես այդպիսին, տեղավորվում է մեղավորության, բայց ոչ ամոթի հարթության մեջ, իսկ առևանգվելը, հակառակը՝ մեղք չէ, բայց ամոթ է, այդ պատճառով էլ հանրային պարսավանքի է ենթարկվում առևանգվող և հետ գալու որոշում կայացնող կինը, ոչ թե առևանգող տղամարդը»,- ասում է Սիմոնյանը։

Ըստ նրա՝ սա մարդաբանական ուսումնասիրությունների դաշտ է, բայց միանշանակ է, որ կապված է հասարակությունում կնոջ նկատմամբ ավելի ստորադաս վերաբերմունքի հետ, երբ արարքը չի դիտարկվում անձի գնահատման, նրա մարմնի, ֆիզիկական անձեռնմխելիության մակարդակում միայն այն պատճառով, որ խոսքը կնոջ մասին է։

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am