Հույս, հավատ, սպորտ. լա՞վ է արդյոք հաղթանակներով այդքան ոգևորվելը 

Տարին սկսվեց մարզական հաղթանակներով և հուզիչ պահերով: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր 7-րդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Երրորդ անգամ ոսկե մեդալակիր դարձավ Մալխաս Ամոյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Մանվել Խաչատրյանը:

Վարազդատ Լալայանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Հայտնի ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը մասնակցեց իր վերջին մրցմանը և արցունքներն աչքերին հայտարարեց կարիերայի ավարտի մասին…

Այս հաղթանակների և պայքարի մասին տեսանյութերը, հոդվածներն ու նկարները կայծակնային արագությամբ սփռվեցին ողջ հայկական ինտերնետ տիրույթում: Մարդիկ ոգևորվում էին, հուզվում, կիսվում լավ լուրով: 

Երբ հանրությունը պատվում և դիմավորում էր մեր մեդալներ նվաճած մարզիկներին որպես հերոսների, շատերը մեղադրում էին լայն զանգվածներին իրականությունը չտեսնելու համար։ Սթափության կոչ անում: Այն է` Ադրբեջանն ու Թուրքիան, մեծ հաշվով, մեզնից շատ մեդալների են արժանացել։ Պետք չէ ընկնել երազանքների գիրքը։ Մենք բացարձակ առաջատար չենք։ 

Գուցե: 

Բայց մարդիկ, միևնույն է, ոգևորվում են։ Եվ դրական հույզերի այս ուժգին ժայթքումը նախևառաջ կապված է պատերազմի ու պարտության հետ: Ինչո՞ւ է այդպես։ Փորձենք հասկանալ։ 

Լույս խավարի մե՞ջ…

Շատ կարևոր գործոն է ոգևորությունը պարտությունից հետո։ Եթե կհիշեք, ես գրել էի այն մասին, որ ադրբեջանական քարոզչությունը հետևողականորեն փորձում է հայ հասարակության մեջ ձևավորել ձեռքբերովի անօգնականության զգացում։ 

Երբ հարվածներն այնքան շատ են, որ ոտքի կանգնելու բոլոր փորձերն ապարդյուն են թվում, հասարակությունն ընկնում է հուսահատության գիրկը և չի էլ փորձում պայքարել գլխին գալիք խնդիրների դեմ։ Ներքին քաղաքական և յութուբյան տարօրինակ քարոզչությունը` փորձելով պայքարել սրա դեմ, հոնքը բուժելու տեղը աչքն էլ էր հանում։ 

Ինչո՞ւ։ 

Որովհետև հասարակությանը փորձում էր ոգևորել հաճախ սուտ լուրերով (հեսա մեզ նախիջևանն են տալու) և դրսից ուժեղ ձեռք բերելու խոստումով` ռուսը, ամերիկացին, չինացին։ 

Այստեղ ես ուզում եմ հստակ տարանջատենք արտաքին քաղաքականությունը ներքին քարոզչության մեսիջներից։ Քաղաքականության մեջ կարելի է համագործակցել տարբեր ուժերի հետ։ Բայց եթե դու ներքին քարոզչության մեջ խոստանում ես դրսի ուժերի փրկող ձեռք կամ դրսից քեզ նվիրված Նախիջևան կամ Վուդրո Վիլսոնի քարտեզի տարածքներ, դու նորից ու նորից բնակչությանը հուշում ես, որ իր կյանքը, լինել-չլինելը, հաղթելն ու պարտվելը որոշվելու են դրսից։ Ուրիշի ստորագրությամբ կամ բանակով։ Սա գուցե կտա կարճաժամկետ ոգևորություն, բայց երկարաժամկետ առումով կուժեղացնի անօգնականության զգացումը։ 

Мы с тобой одной крови…

Մարդկությունը միշտ չէ, որ բաժանվել է ըստ ազգային պատկանելության: Ազգայինի գաղափարը համեմատաբար նոր երևույթ է աշխարհում և իր արմատներով գնում է XVIII-XIX դարեր: Այդուհանդերձ ազգի գաղափարն այսքան հեշտ տարածվեց և ընդունվեց ամբողջ աշխարհով մեկ, քանի որ այն հրաշալի նստում է մեր բազային կենսաբանական ծրագրի վրա։ Մարդը սոցիալական էակ է, նախքան քաղաքակրթության ի հայտ գալը ծնվում և ապրում էր ցեղի մեջ։ Նրա ուղեղը, խոսքը, միտքը, անվտանգությունն ու բազմանալու հնարավորությունն ապահովում էր ցեղը։ 

Ջունգլիներ նետված փոքր երեխան իրական կյանքում ոչ թե դառնում է Բալու արջի լավ ընկերը, այլ եթե բաց է թողնում խոսքի զարգացման առաջին փուլը, այլևս երբեք չի կարող խոսել, մաթեմատիկական հավասարում լուծել, նա մնում է վայրի, երբեք լիարժեք չի կարողանում ինտեգրվել հասարակությանը։ 

Այսինքն՝ մեր անհատականությունը, որը մենք այդքան սիրում ենք առանձնացնել և փայփայել, ձևավորում են մեր շրջապատի մարդիկ։ Եվ եթե մենք փորձում ենք դա չնկատել, մեր ուղեղը չի փորձում։ Այն աշխատում է հին, ժողովուրդը կասեր` заводской ռեժիմով, ու մեզ տալիս է շատ սուր հույզեր այն բոլոր հարցերի շուրջ, որոնք կապված են մեր ցեղի հետ։ Իսկ ազգը ուղեղի համար նույն ցեղն է, բայց շատ ավելի մասշտաբային։ 

Սա է հիմնական պատճառը, թե մենք ինչու ենք ենք այդքան հպարտանում մեր չեմպիոնների հաղթանակներով։ Անգամ եթե սպորտի մասին գաղափար չունենք և երբեք նրանց չենք տեսել կյանքում։ 

Մեր ուղեղն ընկալում է դա որպես տան անդամի, բարեկամի հաղթանակ։ 

Բանալի բառը` մենք։ 

Եվ նաև սա է պատճառը, որ յուրաքանչյուր զոհված զինվորի մասին լուրը շատ ավելի սուր ենք ընկալում, քան, ասենք, Ուկրաինայում զոհված հազարավոր զինվորականների մասին լուրը։ 

Սա նորմալ է։ 

Մարդու ուղեղը շատ ավելի ուժգին է արձագանքում սեփական խմբի հետ կատարվածին, քան այդ խմբից դուրս մնացած ամեն ինչին։ 

Չեմպիոնների իրական ոսկին

Սպորտը, ի տարբերություն քարոզչության, ազնիվ է։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր հաղթանակի հետևում կա տարիների քրտնաջան աշխատանք։ Ոչ մի մարզիկի մկան կամ հմտություն դրսից չի առաքվել։ Կարող է դրսից լինել մարզվելու տեխնիկան կամ մարզաշապիկը, բայց քո մկաններն ի զորու ես աճեցնել միայն դու։ Քո ունակությունները ի զորու ես զարգացնել միայն դու։ Սպորտը հետևողական աշխատանքի, քրտինքի, զրկանքների և վերջում արդար, աներկբա հաղթանակի մասին է։ Անգամ երբ պարտվում ես, դու գիտես, որ ամեն ինչ արդար է։ Մրցակիցդ քեզնից լավ էր մարզվել։ Մարդկանց հիացնում է իրական աշխատանքը։ Հիացնում են մարդիկ, որոնք այնքան հետևողական են աշխատել, որ կարողանում են անել այն, ինչ մեզ կարող է անհնարին թվալ։ 

Սպորտը չի ստում։ Եվ թերևս լավ է, որ մարդիկ ոգևորվում են մարզիկի դժվար հաղթանակով, ոչ թե եսիմ ում խոստացած Կարսի կամ Նախիջևանի մասին սուտ լուրերով։ 

Լիանա Խաչատրյան 

MediaLab.am