«Ընտրությո՞ւն, ի՞նչ ընտրություն». 99-ամյա Համասփյուռ Ազիզյանն ասում է, որ սիրում է կյանքը

«Ընտրությո՞ւն, ի՞նչ ընտրություն». 99-ամյա Համասփյուռ Ազիզյանն ասում է, որ սիրում է կյանքը
«Ընտրությո՞ւն, ի՞նչ ընտրություն». 99-ամյա Համասփյուռ Ազիզյանն ասում է, որ սիրում է կյանքը

Ակոսված աչքերով, չնայած տարիքին` ուրախ ու ժպտերես, դեմքը կնճիռներով պատված, ծերությունից մի բուռ դարձած 99-ամյա Համասփյուռ Ազիզյանի կողքով են անցնելու նախագահական ընտրությունները. տեղյակ չէ, որ փետրվարի 18-ին Հայաստանում նախագահ են ընտրելու, չգիտի՝ ովքե´ր են մասնակցում ընտրություններին:
Իսկ եթե մի պահ էլ հեռուստացույցով տեղեկանում է քաղաքական անցուդարձին, ապա անմիջապես էլ մոռանում է. այս մեծահասակ կնոջ միակ խնդիրը հիշողության կորուստն է:
Հարազատներն արդեն հարմարվել են ու չեն նեղանում, որ Համասփյուռ տատն իրենց անունները չի հիշում, կարող է չհիշել նաև, թե ո´վ է, ասենք, իրեն երկար ժամանակ խնամող տիկին Սիրանույշը: Հիշում է, որ երկու թոռ ունի, բայց անունները դժվարությամբ է հիշում: Գիտի, որ այստեղ չեն, բայց դրսից զանգում են, հետաքրքրվում տատի առողջությամբ:

Տիկին Համասփյուռի բնակարանը, որ գտնվում է Երևանի կենտրոնում, ընդարձակ է, լուսավոր ու գեղեցիկ կահավորված:

Թեպետ միակ որդուն կորցրել է, բայց շրջապատված է հարազատ մարդկանցով, ապրում է եղբոր որդու կնոջ՝ տիկին Սիրանույշի հետ, ով խնամում է նրան՝ լողացնում, համեղ կերակուրներ պատրաստում:

«Ամեն օր քնելուց առաջ ասում է շնորհակալություն»,- նշում է Սիրանույշը:

«Սիրտս լավ է աշխատում, ախորժակս՝ տեղը, ինչ տաք` կուտեմ, շատ եմ ուտում»,- ժպտում է Համասփյուռ տատը:

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի նախկին ուսանողուհին, թատերական ու օպերային բոլոր ներկայացումների նախկին մշտական հանդիսատեսը խոսում է գրական հայերենով և ուղղում է, երբ «է» օժանդակ բայն «ա»-ով են ասում:

«Տոմսերը ձրի էին տալիս»,- տիկին Սիրանույշի օգնությամբ հիշում է Համասփյուռ տատը:

«Ինչո՞ւ չի մասնակցում ընտրություններին» հարցին պատասխանում է միանգամից.

«Ես իրավունք չունեմ. հիվանդ եմ»:

Ծեր կինը ընտրատեղամաս չի կարող գնալ, որովհետև հազիվ է քայլում, իսկ տիկին Սիրանույշն էլ ասում է, որ տատը տնից դուրս չի գալիս:

Թեկնածուների անունները չգիտի, չի էլ հիշում, թե վերջին անգամ ե´րբ է մասնակցել ընտրություններին:

«Ընտրությո՞ւն, ի՞նչ ընտրություն»,- թեման փակում է 99-ամյա կինը:

Համասփյուռ տատի խնամակալ Սիրանույշն ասում է, որ 99-ամյա կնոջը պետությունն ընդամենը թոշակ է տրամադրում. անգամ Կենտրոն վարչական շրջանի սոցիալական աշխատողները չեն գալիս, հետաքրքրվեն՝ ինչպես է Կենտրոն վարչական շրջանի տարեց բնակիչը: «Ուշադրություն չկա տարեց բնակչի նկատմամբ»,- ասում է նա:

Պատմում է, որ Համասփյուռ տատն ապրել է Զանգվի ափին, նրա հայրը ԵՊՀ-ում դասախոս է եղել:

«Տատի ուսանողության տարիներից մի դեպք է պատմել, երբ դասախոսության ժամանակ հայրը խոսել է, Համասփյուռն ասել է` ոչ թե ընկեր Ազիզյան, այլ՝ պապա, բայց…»,- պատմում է տիկին Սիրանույշը: Այս պատմությունը Համասփյուռ տատը չի հիշում, բայց Սիրանույշի պատմածից ժպտում է:

Խնամակալի պատմելով` երիտասարդ տարիներին Համասփյուռ տատը լավ է ապրել, ամեն ամառ թոռներին ծովափ է տարել, բարի կին է եղել՝ իր երեխաներին էլ է պահել:

«Կազմակերպչական մեծ ջիղ ուներ, վետերանների համար տոնական միջոցառումներ է կազմակերպել, երկար ժամանակ այնտեղ խորհրդի անդամ է եղել»,- ասում է տիկին Սիրանույշը:

Համասփյուռ տատը հոգատար է իր խնամակալի նկատմամբ. ցանկացած օգնություն՝ երբ պառկեցնում է քնելու, երբ հյուրասիրում է կամ ջուր տալիս, «փոխհատուցում» է` ձեռքերը համբուրելով, միշտ ժպտում է ու լուսանկարվելիս էլ ուղղում ճերմակ, կարճ մազերը: Ասում է, որ զգում է՝ երկար կյանք է ունենալու, որովհետև սիրում է կյանքը:

«Կյանքը սիրում եմ»,- ժպտում է 1915-ին ծնված Համասփյուռ Ազիզյանը, ով գլորում է իր 99-րդ տարին:

Տեղեկացնենք, որ ըստ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված ՀՀ նախագահի ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգի, ՀՀ-ում 99 տարեկանից բարձր 196 ընտրող կա:

© Medialab.am