«Եթե մարդը ընկել է գետնին, նրան պետք չէ ծեծել»․ Լուկաշենկոն խորհրդակցություն է անցկացրել

Մինչ Մինսկի փողոցներում մեծ թվով մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացնում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։

Բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա ասել է, որ իրավիճակը կատաստրոֆիկ չէ և ոչ էլ լարվածություն կա, բայց խնդիրներ կան, որոնք պետք է լուծել։

«Մենք այսօր բացարձակ հստակ տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Տեսնում ենք գործող անձինք, նաև արտերկրից, առաջնային դիրքերում են քրեական անցյալ ունեցող մարդիկ։ Մենք այնուհանդերձ, սլավոններ ենք և պետք է խնդրեմ՝ եթե մարդը ընկել է, չպետք է նրան ծեծել», -ասել է նա։

Նա հորդորել է բնակչությանը և հատկապես ծնողներին հետ կանչել իրենց երեխաներին․ «Ես ուզում եմ խնդրել մարդկանց՝ մի լցվեք փողոցներ։ Հասկացեք, որ ձեզ ու ձեր երեխաներին օգտագործում են։ Այսօր արդեն Լեհաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից, նույնիսկ Ռուսաստանից են եկել Նավալնին ու նրա նմանները։ Ագրեսիա է սկսվել երկրի դեմ։ Ասացեք՝ ի՞նչ անեմ այս իրավիճակում, նստեմ, սպասեմ՝ Մինսկը իրար խառնե՞ն։ Այդպես չենք կարող կայունացնել իրավիճակը։ Այդ պատճառով պետք է կանգ առնել, գլուխը առնել ձեռքերի մեջ ու հանգստանալ»։

Նշենք, որ Բելառուսում օգոստոսի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներով Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը, երկրի տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաներ են, շատ գործարաններ հայտարարել են գործադուլ, մարդիկ հանրահավաքներ են անցկացնում Մինսկի կենտրոնում։