Խաչատուրովի հայտարարությունը սպառնալիք է, այլ կերպ չես էլ կարող մեկնաբանել. Սեդա Սաֆարյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի հարցերին պատասխանում է փաստաբան, «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը

– Յուրի Խաչատուրովը դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանին ասել է՝ երիտասարդ կին եք, մտածեք ձեր ապագայի մասին: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը, կարո՞ղ ենք սա դիտարկել որպես ճնշում և սպառնալիք դատարանի նկատմամբ:

– Ես գնահատում եմ, որ Խաչատուրովը հույս ունի, թե իրենք՝ որպես քաղաքական ուժ, կգան և դատավոր Դանիբեկյանին կվախեցնեն: Իրենց երևի հիմա էլ է հաջողվել Աննա Դանիբեկյանին վախեցնել, որովհետև մենք հիշում ենք, որ Աննա Դանիբեկյանը դատարան էր գալիս, Ռոբերտ Քոչարյանի երկու համախոհներ մոտավոր դա էին անում: Ինչպես իրենք են ասում՝ գեղեցիկ կնոջը մոտենալ և նման բաներ անելը, իհարկե, մարդու մեջ կարող է ներքին վատ զգացողություններ առաջացնել:

Կարող է նա չարտահայտվել դրա մասով, բայց, բնականաբար, կառաջացնեն: Նախկին պաշտոնյային ուղղակի չի սազում դատարանի դահլիճում նման միտք ասել: Թող ինքը բացատրի, թե ինչ է նշանակում՝ ապագայի մասին մտածել: Իհարկե սպառնալիք է, այլ կերպ չես էլ կարող մեկնաբանել: Իսկ որտեղից ինքը որոշեց, որ դատավորն ապագայի մասին չի մտածում: Դատավորն իր գործն է անում, և դու իր գործն անող մարդուն ասում ես՝ ապագայի մասին չես մտածում: 

– Նա ասել է նաև՝ հանեք ձեր դիմակը, նայեք հայելու մեջ, և հիշեք Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքը՝ ես կատարել եմ հանցագործություն, ինչպե՞ս կարող եմ դատել Էրիկ Ալեքսանյանի վստահորդին: 

– Անկեղծ ասած, թող իր խորհուրդներն իրեն պահի: Ես գտնում եմ, որ դատավորը միայն դա պետք է ասեր՝ որ իր խորհուրդներն իրեն պահի: Իմ կարծիքով՝ այնքան մարդ կա դիմակավորված, թող իրենք իրենց դիմակների մասին մտածեն, որ այդպես դիմակավորված ապրել են աշխարհում:

– Այս գործն ընդհանուր առմամբ փակուղո՞ւմ է, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ, օրինակ` Ռոբերտ Քոչարյանին էլ թողնում են մի քանի օրով մեկնել երկրից: 

– Գործը փակուղի չի մտել: Եթե դատավորը մի քիչ ավելի վճռական լինի, մի քիչ ավելի արագ մտածի և արագ գործի, այս գործն ինչո՛ւ պետք է փակուղի մտնի: Ապացույցները միշտ ավելի շատ են: Ես կարծում եմ, որ դատավորի ջանքերը բավարար չեն, ի սկզբանե ասել ենք, որ այս գործով դատավորն ընտրել է հանգիստ լսելու քաղաքականություն:

Եվ դա շատ ցավալի է, որովհետև քննության ողջամիտ ժամկետները ակնհայտորեն խախտվել են, և դրա համար չես կարող անընդհատ պաշտպանական կողմին մեղադրել: Դատավորը դու ես, ղեկը քո ձեռքին է, դու պետք է հեռու վանես բոլոր այն հարցերը, որոնք կապ չունեն այդ գործի հետ: Դու ինքդ պետք է սահմանափակես կրկնվող հարցերի հետ կապված խոսքը: Եթե դատարանը դա չի անում, տուժող կողմը չի կարող անել:

Մեղադրող կողմն էլ կարող է ընդամենը միջնորդել, որ դատարանն իմ մատնանշած գործողություններն անի: Բայց դատավորը հո նրա՞ համար չէ, որ մենք անընդհատ այս նույն բաները հիշեցնենք նրան: Նա պետք է պատրաստ գա դատարան, և դատարանը դա պետք է վաղուց արած լիներ, որ այս փաստի առաջ չկանգներ:

– Դուք բազմիցս նշել եք դատարանների՝ ինչ-որ առումով կախվածությունը կամ առնչությունները նախկին իշխանություններից, բայց մենք տեսանք, որ նախորդ օրը դատավոր Մնացական Մարտիրոսյանը անակնկալ կերպով կալանքի որոշում կայացրեց Պատրոն Դավոյի նկատմամբ: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:

– Վերջին 20 տարիներին Հայաստանի դատարաններում այսպիսի բաշխում կարելի է անել. 10 գործից հազիվ 2-3-ով են արդար դատական ակտ կայացրել: Հիմա կարող է Մնացական Մարտիրոսյանը այդպիսի որոշում կայացնել, որովհետև նախորդ օրը իր հետ խնամիական կապով կապված «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին, իր գործընկերը՝ Արտուշ Գաբրիելյանը, արդարացրել է:

Կարող է իր համար հակակշիռ իրավիճակ է ստեղծում, ի՞նչ իմանամ, որովհետև ակնհայտ անարդար ակտ է կայացվել երեկ, և այսօր գուցե իրենց պետք է եղել այս վճիռը՝ բալանսավորելու համար: Ինձ միշտ թվում է, որ նրանք ոչ մի պատահական բան չեն անում: Այնպես չէ, որ նրանք արդարադատություն իրականացնող մարմին են, և մի ծայրից սկսում են արդարադատություն իրականացնել, մյուս ծայրով ավարտում են: Նրանք գործերի ընտրություն են անում՝ որ գործով ինչ անեն, և դա տեսանելի է բոլորի համար, մենք դա տեսնում ենք բոլոր գործերով:

Հետևապես, այս մեկընդմեջ ինչ-որ բան անելը չի փրկում և չի վերականգնում նրանց անունը:

– Այսինքն՝ սա դատական համակարգի առողջացմա՞ն մասին չի խոսում:

– Սա դատարանների առողջացման մասին չի խոսում: Սա խոսում է այն մասին, որ մտածում են՝ 10 գործից մի 2-ն անենք, թոզ փչենք հասարակության և իշխանության աչքին, թե տեսեք՝ մենք սա էլ ենք անում, նա էլ ենք անում: Սրանով արդարադատություն չի կարող իրականացվել, սրանով դատական համակարգը չի կարող առողջանալ: Սրանով դատարանների նկատմամբ վստահությունը չի կարող վերականգնվել: Հետևապես, ես գտնում եմ, որ սա էապես ոչինչ չի փոխում: 

Ընդհանրապես, եթե կարծում եք, թե ես հակված եմ, որ մարդիկ կալանավորվեն, իրականում ես այդքան էլ հակված չեմ դրան, բայց եթե մարդը հասարակության համար վտանգավոր է, ապա պետք է միշտ կալանքի տակ լինի այդ ժամանակահատվածում, որովհետև, այո՛, կարող է ապացույցներ կեղծել, ապացույցների, մարդկանց վրա ազդել և այլն:

Կարող է արդարադատությանը խոչընդոտել իր ամբողջ վարքագծով: Այս տեսանկյունից մեր դատական համակարգը ոչ միայն կալանքների հարցում է այս պահվածքը դրսևորում, այլև, եթե նույնիսկ կալանք չի տալիս, դատարանն ինքը հետո դատական ակտեր կայացնելու ժամանակ նորից այդ նույն վարքագիծն է դրսևորում:

Այսինքն՝ մարդը կարող է կալանավորված չլինել, բայց նրա նրա նկատմամբ քննությունը բարեխղճորեն տարվի, գնա դատարան, և այդ գործով արդար դատական ակտ լինի: Բայց այդ կալանքների արտացոլանքը երևում է նաև բուն գործի քննության ժամանակ, հետևապես այսօր մի երկու գործով ինչ-որ բան անելը ոչ մի առողջացման մասին չի խոսում:

Մանե Հարությունյան

MediaLab.am