«Եռյակ ունենալու լուրն անսպասելի էր, բայց ուրախալի»․ շիրակցի 31-ամյա Զինան երեք որդի է լույս աշխարհ բերել

Հունիսի 4-ին Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում եռյակ՝ 3 տղա է լույս աշխարհ եկել։

Ծննդաբերությունը եղել է վաղաժամ, երեխաները լույս աշխարհ են եկել 7 ամիս և երկու շաբաթական։ Ծննդաբերությունը եղել է կեսարյան հատումով։ Երեխաները ծնվել են՝ 1 կգ 800 գրամ, 1 կգ 600 գրամ և  1կգ 900 գրամ քաշերով։ Այս մասին «Մեդիալաբին» տեղեկացնում են բժշկական կենտրոնից։ 

«Հղիությանս երկրորդ ամսին եմ իմացել, որ եռյակ եմ ունենալու։ Եռյակ ունենալու լուրն անսպասելի էր, բայց ուրախալի։ 

Իմ և երեխաների ինքնազգացողությունն այս պահին լավ է, չնայած ծննդաբերության դժվարություններին»,- «Մեդիալաբին» ասում է երեխաների մայրը՝ 31-ամյա Զինա Ավետիսյանը։

Երեխաներին անվանակոչել են՝ Մարկ, Ալեն և Դանիել։ Մոր խոսքով՝ երեխաների անունները որոշել են իրենց մյուս երեխաների հետ։ Բացի նորածիններից, ընտանիքն ունի նաև մեկ դուստր՝ 7 տարեկան, և մեկ որդի՝ 5 տարեկան։ 

Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնից տեղեկացնում են, որ նման դեպքեր բուժհաստատությունում նախկինում ևս գրանցվել են։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am